Ինչ են խնդրել թուրքերը Թումանյանին

Ինչ են խնդրել թուրքերը Թումանյանին

Հայ-թուրքական ընդհարումներն սկսվեցին Բաքվում 1905 թ. փետրվարի 6-ին՝ նահանգապետ Նակաշիձեի, ոստիկանապետի, պրիստավի, թաղային վերակացուների թողտվությամբ և քաջալերանքով՝ «․․․անգիտակ, խավար թուրք մասսային հավատացրին, որ նրան կեղեքողը, նրա աղքատության ու թշվառության պատճառը հայն է… թե միանգամից կարելի է տիրանալ հայի ունեցածին, որով և վերջ կտրվի իր թշվառությանը»: Ռուս զինվորները անտարբեր դիտում էին և չէին միջամտում, քանի որ «այդպես հրամայված էր», իսկ տեղական պահնորդներն էլ, որ իբր պիտի պաշտպանեին հայերին հարձակումներից, ջարդարարների վրա կրակելու փոխարեն օդ էին կրակում:

Բաքու, 1905թ․

Շուտով ընդհարումներ սկսվեցին գավառներում: 1905թ-ի նոյեմբերին Թումանյանն իր ընտանիքը տեղափոխեց Շուլավեր, իսկ ինքը որդիների հետ ուղևորվեց Դսեղ՝ Լոռին վտանգված էր: «Երեխեքս հավաքեցի ու գնացի Լոռի: Շատ լավ գիտեի, որ խառնակություններ են պատահելու, գիտեի, որ մեր գավառում անիշխանություն ու ամեն անկարգություն կարող է լինել և ես շատ պետք կգամ, բայց պատահածն իմ սպասածից էլ ավելի եղավ»:

ԼԵՌՆԵՐՈՒՄ ՊԱՏՐՈՆԴԱՇՆԵՐԸ ԳՑԱԾ, ԶԻՆՎԱԾ ՈՏԻՑ ԳԼՈՒԽ, ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՁԻԱՎՈՐՆԵՐՈՎ ՈՒ ՃԵՐՄԱԿ ԴՐՈՇԱԿՈՎ

Աջից նստած են՝ Ն. Աղաբալյանը, Ղ. Աղայանը, Ավ. Իսահակյանը, Ռ. Զարգարյանը, Ֆ. Վարդազարյանը, Ն. Մառը, Ստ. Լիսիցյանը, Դ. Դեմիրճյանը, կանգնած են՝ Լ. Շանթը, Հովհ. Թումանյանը և ընտանիքի անդամները Վերնատան պատշգամբում, 1902 թ․

Ծանր տարիներ էին, շատերը լքեցին Կովկասը, հեռացան ավելի ապահով երկրներ՝ Շիրվանզադեն համոզված էր, որ «գրականության տարի չէր 1905-ը» և գնաց Եվրոպա, Դերենիկ Դեմիրճյանը մեկնեց Շվեյցարիա, Ավ. Ահարոնյանը հեռացավ արտասահման: «Եվ միայն մեկը հայ գրողներից ոչ թե փրկվելու, այլ փրկելու համար ուղիղ նետվում է բռնկված հրդեհի կրակների մեջ»,- գրում է վաստակաշատ գիտնական Ս. Հովհաննիսյանը:

Ղազարոս Աղայանն ասում էր. «Շատ մեծ ղոչաղություն է մեր Հովհաննեսի արածը. այս խառը, վտանգավոր ժամանակ չի վախենում իշխանությունից և նրա ագենտներից… էհ, կանցնի ժամանակ, և մարդիկ կհիշեն, թե ինչպես իշխանությունը գրգռեց հային ու թուրքին իրար դեմ, իսկ Հովհաննեսը հաշտեցրեց. դա ժամանակին շատ մեծ պատմություն կդառնա գալիք սերնդի համար»:

Այդ մասին Թուանյանը գրել է. «Ավոն էլ Ղազարոսի նման է մտածում, թե կառավարության ագենտները կարող են վնաս հասցնել ինձ. ես էլ շատ բան եմ մտածում, բայց եթե ամենքս էլ վախենանք ու հեռու կենանք, ինչ կլինի մեր ժողովրդի դրությունը, կոտորածն ավելի սուր կերպարանք կստանա, և մեր ապրելը ժողովրդի համար գրոշի արժեք չի ունենա»:

Թումանյանը երբ իմացավ, որ Ղազախի գավառում սկսվել են ընդհարումներ, Լոռու պատվավոր մարդկանցով մեկնեց այնտեղ և հաշտեցրեց կռվող կողմերին՝ նախապես տեղեկացնելով Շուլավերի գավառապետին: Բորչալուի թուրքերը պաշարեցին գավառի վարչական կենտրոն Շուլավերը, բայց չկարողացան գրավել: Թումանյանի դուստրը՝ Նվարդը, հիշում է, թե որքան մեծ էր վտանգը, երբ իրենք Շուլավերում էին և առաջին հրացանազարկերից իմացան, որ թուրքերը հարձակվում են Ներքին Շուլավերից: Թումանյանի կինը՝ տիկին Օլգան էլ դուստրերի հետ այդ օրերին Շուլավերում էր:

ՀԱՅՏՆԻ Է ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՍՊԻՏԱԿ ԴՐՈՇԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Թիֆլիսի Երևանյան հրապարակը․ 1905թ․

Բայց իրականությունն այն է, որ մեծ բանաստեղծն իր զինված ջոկատով նախ «խաղաղեցնում էր» թուրքերին, ապա նոր նրանց գյուղերին մոտենում սպիտակ դրոշով: Զինված պայքար կազմակերպելու մեջ զորականի շնորհք ունեցող գրողը խոստովանում էր.

«Սրանց հետ քյալլա տալ գիտեն Բորչալվի հայերը. լոռեցիք՝ դսեղեցիք, լորուտեցիք, շուլավերցիք, աղքորփեցիք: Գազան թուրքերը կատու են դառնում Լոռու ձորերով անցնելիս»: Գյուղացիներից կազմեց հեծյալների մի խումբ` նրանց հետ շրջում էր հայկական գյուղերով և Լոռին բաժանել էր ինքնապաշտպանական երեք շրջանի՝ Դսեղի, Ուզունլարի և Ջալալօղլու՝ երեք մեծ գյուղերի անուններով: Բոլորին տալիս էր հրահանգներ, իսկ անձամբ ստանձնում է Դսեղի շրջանի ղեկավարությունը:

Բանաստեղծի ռազմական հռչակն այնքան մեծ էր, որ Թիֆլիսի զինվորական շտաբի կարգադրությամբ Թումանյանի տրամադրության տակ է դրվում մի ամբողջ էսկադրոն: Նա հրամանատարն էր, նա բանակցողն էր, անվրեպ կրակող ու խիզախ առաջնորդ՝ անգամ մահվան վտանգի դեմ հանդիման: Հուշագիրներից մեկը պատմում է, որ հայ և թուրք գյուղերի սահմանում կրակոցների ձայնից վախեցած գյուղացիները հանկարծ ետ են դառնում և առջևից գնացող պոետին թողնում են մեն-մենակ: Թումանյանն ականջ չի դնում ետ դառնալու և ձորը մտնելու կոչերին՝ կանգնել էր գնդակների տարափի դեմ անհողդողդ ու անվրդով՝ որպես վեհապանծ մի հսկա:

ՆԱԽԱՀԱՐՁԱԿ ԼԻՆՈՂԻՆ ՊԱՏԺԵԼ, ԵՐԲԵՔ ՉՊԱՐՏՎԵԼ, ԵՐԿԻՐՆ ՈՒ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ՉՏԱԼ ՈՉ ՈՔԻ

Բաքվի հայերի ջարդեր․ սպանված հայեր․ 1905թ․

Եվ թեպետ 1908-ին Թումանյանը ձերբակալվեց՝ նրան մեղադրանք առաջադրեցին, իսկ մեկ տարի անց արդեն Մետեխի բանտում մեծ բանաստեղծը գրավոր ցուցմունք էր տալիս, որ… մեղք չունի «խժդժությունների հրահրման մեջ», ոչ այդ ժամանակ, ոչ էլ դրանից առաջ չզղջաց:

Հայերից վախեցած թուրքերը Սադախլուի մոտ նամակ են հանձնում Թումանյանին՝ հույս ունենալով, որ «արյունը ջրով լվացող» բանաստեղծը իրենց չի վնասի, օգնություն են խնդրում Թումանյանից, որ իրենց թույլ տրվի բարձրանան սարերը: Նախ՝ Թումանյանը զինյալ հեծյալների 200 հոգանոց խմբով շրջում է թուրքաբնակ սարերին սահմանակից գյուղերով, ապա իր համաձայնությունը տալուց առաջ ստիպում է գող թուրք հովիվներին սարերից գյուղ վերադառնալ:

1906 թ.-ի փետրվարի 18-ին հրապարակվում է լոռեցիների նշանավոր կոչը, որտեղ Թումանյանն ասում է. «Մուսուլման եղբայրներ, դուք պիտի հավատաք մեր խոսքին նախ այն պատճառով, որ ձեզ հետ լոռեցիք են խոսում, իսկ լոռեցիք քաջ կռվից չեն վախենում»:

Հովհաննես Թումանյանն իր տանը․ 1900-ականներ

Թումանյանի մեծ հեղինակության մասին է խոսում նաև այն փաստը, որ գավառապետ Ռեզանովը Ջալալօղլի այցելելիս օգնություն է խնդրում Թումանյանից՝ ավազակների հնարավոր հարձակումներից խուսափելու համար: Հայ ժողովուրդն իր ամենամեծ բանաստեղծին կոչում էր նաև «գեներալ գուբերնատոր Թումանով» և դիմումներ էր անում նրան իբրև իր անմիջական իշխանության:

Իսկ այդ ժամանակ Լոռու «գեներալ գուբերնատոր» Թումանյանն ընդամենը 36 տարեկան էր…

Աբգար ԱՓԻՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում