Արցախում գործունեությունը դադարեցրել է շուրջ 1000 հարկ վճարող

Արցախում գործունեությունը դադարեցրել է շուրջ 1000 հարկ վճարող

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի շարունակվող լիակատար շրջափակումն արտադրության մի շարք ոլորտներում հանգեցրել է լրջագույն խնդիրների։

Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ նշել են Արցախի օպերատիվ շտաբից՝ հավելելով, որ խաթարվել է փոքր և միջին բիզնեսի բնականոն գործունեությունը, մեծ խնդիրների են բախվել գործող բոլոր կազմակերպությունները՝ կապված հումքի և նյութերի, ապրանքների ներկրման, արտադրանքի արտահանման հետ:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում հարկ վճարողների և պետեկամուտների ապահովման խնդիրներին ու դրանց լուծումների հարցին՝ Օպերատիվ շտաբից հայտնել են, որ շրջափակման առաջին իսկ օրերից տնտեսությունում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ․

«Նախնական տվյալներով, միայն 2023 թվականի հունվար ամսվա ընթացքում Արցախի Հանրապետության պետական բյուջե է մուտքագրվել պլանավորված հարկային եկամուտներից և տուրքերից ավելի քան 32 տոկոսով պակաս գումար: Հավաքագրված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարվել են մոտ 29 տոկոսով։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կառավարությունը նախաձեռնել է տնտեսավարող սուբյեկտների աջակցության մի շարք միջոցառումներ, որոնք առաջնահերթ ուղղված են աշխատողների աշխատատեղերի պահպանմանն ու աշխատավարձերի վճարմանը»,-մանրամասնել են կառույցից՝ ընդգծելով, որ այս պահի դրությամբ գործունեությունը դադարեցրել է շուրջ 1000 հարկ վճարող, որը սակայն, ամբողջական պատկերը չէ, քանի որ գործող հարկ վճարողների հիմնական մասն աշխատում է մասնակիորեն:

Ի պատասխան ստեղծված իրավիճակում պարենային ոլորտի խնդիրների ու դրանց լուծումների վերաբերյալ հարցի՝ Օպերատիվ շտաբից նշել են, որ էներգամատակարարման և գազամատակարարման հաճախակի խափանումները բացասաբար են ազդում գյուղոլորտի վրա՝ խաթարելով ջերմոցային տնտեսությունների բնականոն ջեռուցումը, ինչը հանգեցնում է սածիլների և բերքի ցրտահարման և, որպես հետևանք՝ ստացվելիք պարենամթերքի ոչնչացման: Բացի այդ, վառելիքի պաշարների խիստ սղության պատճառով, գյուղատնտեսական բոլոր տեսակի աշխատանքներն ընթանում են նախատեսվածից մի քանի անգամ քիչ ծավալներով, իսկ որոշ դեպքերում՝ ընդհանրապես դադարեցված են:

«Որպես լուծում կառավարությունը որոշակի քանակությամբ վառելիք է տրամադրում գյուղոլորտի տնտեսավարողներին՝ գոնե որոշ չափով մեղմելու ստեղծված իրավիճակի բացասական ազդեցությունը: Գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի, պարարտանյութերի, բույսերի պաշտպանության միջոցների ներկրման անհնարինության պայմաններում, հնարավորության սահմաններում, փորձ է արվում պակասը լրացնել պահուստային պաշարների հաշվին»,- հայտնել են Արցախի Օպերատիվ շտաբից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում