Հովհաննես Թումանյան և Օլգա․ մի պարզ սիրո պատմություն

Հովհաննես Թումանյան և Օլգա․ մի պարզ սիրո պատմություն

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան ընդառաջ Times.am-ը շարունակում է պատմությունների շարքը մեծ բանաստեղծի կյանքից։ Սիրահարների օրվա առիթով ներկայացնում ենք Թումանյանի և նրա կնոջ ծանոթության և ամուսնության պատմությունը։

1888 թվականին Թումանյանը 19 տարեկան էր, Օլգա Մաճկալյանը՝ 17: Հենց այդ թվականին էլ նրանք ամուսնանում են, ունենում 10 զավակ, միասին հաղթահարում հազար ու մի դժբախտություն, զավակների կորուստ, Եղեռնի մասին սարսռազդու լուրեր, միասին փորձում են օգնել, փրկել, ստեղծել ու հետք թողնել գրականության մեջ ու մարդկանց սրտերում:

Օլգա Թումանյանի հուշերից. Հանդիպումը

1887 թ. սեպտեմբերի վերջերին ես ու ընկերուհիս` Օսանը գնացինք տատիս մոտ: Ճաշեցինք այնտեղ:

Երեկոյան դուրս եկանք փողոց, որ մի նեղ ճանապարհ էր հին, միհարկանի տներով:

Հենց տատիս տան կողքին, մի սենյակում ապրում էր մի ընտանիք` նախշքար (ներկարար) Բագրատ Թումանյանն իր կնոջ հետ: Մենք այդ փողոցումն էինք, երբ այդ տնից դուրս եկավ մի միջահասակ կին, նրա ետևից` բարձրահասակ, նիհար կազմվածքով, գանգուր մազերով մի երիտասարդ: Կինը դիմեց մեզ.
-Չգնա՞նք նորակոչիկներին տեսնելու:

Այն տարին հայերից նոր էին զինվոր հավաքում: Մենք հրաժարվեցինք ու եկանք տուն:

Մյուս օրը՝ կեսօրին, երբ մեր տան պատուհանից դուրս էի նայում, տեսնեմ անցնում է մեր փողոցով նույն գանգուր մազերով տղան: Ըստ երևույթին, նա երեկ հետևել էր մեզ:

Երրորդ օրը եկավ մեր տուն՝ ձեռքին թղթեր, որ իրեն էր տվել կոնսիստորի անդամ Հովհաննես քահանա Մարտիրոսյանը: Ես թղթերը վերցրի, միմյանց նայեցինք, ժպտաց և գնաց:

Հետո իմացա, որ կոնսիստորիայի գրագիրն է, լավ էլ ձեռագիր ունի:

Անուշկի տատս ինձ պատմեց, որ այդ տղային վաղուց գիտի, իր հարևանն է, հաճախ իր համար նամակներ է գրում. անունն Օհանես է և շատ է հավանում նրան: Դրանից հետո շարունակ գալիս էր, թղթեր բերում: Շատ անգամ նրան մայրս էր ընդունում, ներս էր կանչում, խոսում էին, թղթերը թողնում էր ու գնում:

Հետո իմացա, որ մայրս, տեր Հովհաննեսի և Ներսես քահանա Աբովյանի հետ, առանց իմ գիտության, որոշել են մեզ նշանել և ամուսնությունից հետո Օհանեսին քահանա ձեռնադրել: Ներսես Աբովյանը (Օհանեսի ընկեր Անուշավան Աբովյանի հորեղբայրը) նույնպես կոնսիստորի անդամ էր:

Ծանոթությունը

Թումանյանի ընտանիքը․ Ձախից նստած են՝ Արփիկ, Թումանյան, Սեդա, Աշխեն, Օլգա Թումանյան, Թամար, Անուշ
Կանգնած են՝ Արտավազդ, Նվարդ, Արեգ, Մուշեղ, Համլիկ
Թիֆլիս, 1915 թ․

1888 թ. հունվարի 1-ին առավոտյան մայրս մեր խոհանոցում մի ծիտ է տեսնում, բռնում է ու բերում սենյակ: Ծիտը դրինք վանդակում: Մայրս ասաց, որ դա լավ նշան է, Նոր տարվա բերած բախտը:

Երեկոյան Օհանեսը եկավ մեր տուն Նոր տարին շնորհավորելու: Մայրս ընդունեց նրան, բերեց սեղանատուն, սկսեցինք զրուցել: Օհանեսը հարցրեց.
-Էդ ի՞նչ ծիտ եք բռնել, տեսնենք ի՞նչ թռչուն է:

Մայրս ցույց տվեց: Օհանեսը մի երկու ժամ նստեց, խոսեցինք դեսից-դենից ու գնաց: Մի քանի ժամանակ անց մայրս ասաց, որ ուզում են մեզ նշանել:

…Երկու ամսից մեզ նշանեցին: Հայրը` Տեր-Թադևոսը, եկավ գյուղից մի քահանայի և մի վարդապետի հետ: Մեզ մոտ էլ երկու քահանա կային, էնպես որ չորս քահանա և մի վարդապետ մեզ նշանեցին` 1888 թ. մարտի 24-ին:

Նշանվելուց հետո Օհանեսը համարյա ամեն օր մեզ մոտ էր լինում ճաշերին և գնում էր ուշ երեկոյան: Մի օր Զատկին եկավ, ինձ համար մի զույգ գեղեցիկ կոշիկներ բերեց, նոր ձևի:

Կոշիկներից հետո առաջին նվերը, որ ստացել եմ իմ նշանածից, Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականն» էին և «Վերք Հայաստանին»: Աբովյանի գիրքն ինձ ծանոթ էր արդեն, իսկ Հոմերոսը չէի կարդացել: Օհանեսն ինձ հետ կարդում էր և բացատրություններ տալիս:

Օհանեսը գյուղից եկավ 1888-ի սեպտեմբերի 20-ին: Երկու ամսից, դեկտեմբերի 1-ին պսակվեցինք: Ես տասնյոթ տարեկան էի, Օհանեսը` տասնինը:

…Անցավ մի քանի օր, մեր տանը նորից սկսեցին խոսել Օհանեսին քահանա ձեռնադրելու մասին: Ամեն օր ասում էին, որ գնա եկեղեցի և ժամերգություն սովորի, իսկ նա չէր գնում ու չէր ուզում: Մի տարվա մեջ Թիֆլիսի բոլոր եկեղեցիներում եղավ, բոլորից էլ դժգոհ էր. մի տեղ քահանաները կռվում էին, մյուս տեղը, թե` հեռու է և այլն: Վերջը ղրկեցին վանքի եկեղեցին: Այնտեղ էլ չմնաց: Մի առավոտ պարսավ գրեց թեմի առաջնորդ` Արիստակես եպիսկոպոս Սեդրակյանի վրա և դրանից հետո հեռացավ կոնսիստորի ծառայությունից…

Հովհաննես Թումանյանի կինը՝ Օլգա Մաճկալյան/Թումանյանը ապրել է 100 տարի, մահացել է 1971թ-ին։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում