Գերմանիան մեղմացնում է վիզայի գործընթացը երկրաշարժից տուժածների համար
Նմանատիպ
Գերմանիան ժամանակավորապես մեղմացնում է վիզային սահմանափակումները Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժից փրկվածների համար, որոնք ընտանեկան կապեր ունեն Գերմանիայում։
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը հայտնել է, որ իրենք արդեն ավելացրել է Թուրքիայում իրենց առաքելություններում աշխատողների թիվը և ընդգծել, որ նպատակն է երկրաշարժից տուժած անձանց համար վիզային ռեժիմի գործող ընթացակարգերը հնարավորինս ոչ բյուրոկրատական դարձնել։
Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեյզերն էլ հայտնել է, որ երկրաշարժից տուժածներին երկիրը կանոնավոր վիզաներ կտրամադրի, որոնք ուժի մեջ կմնան երեք ամիս: Սակայն բոլոր վիզային պահանջները չեն հանվելու. հեշտացված ընթացակարգով գերմանական վիզա ստացածներից, այնուամենայնիվ, կպահանջվի անձնագիր ներկայացնել։
Ըստ վիճակագրության՝ այժմ Գերմանիայում բնակվում է մոտ 2,9 միլիոն թուրքական ծագում ունեցող քաղաքացի, որոնց կեսն ազգությամբ թուրք է։ Գերմանիայում է բնակվում նաև 924,000 սիրիացի:
Գերմանիայում բնակվող հյուրընկալող ընտանիքը, որը ցանկանում է ընդունել երկրաշարժից տուժած մերձավորներին, պետք է դիմում գրի և պարտավորվի, որ կվճարի նրանց կեցության ծախսերը: Իսկ Գերմանիա տեղափոխվել ցանկացող տուժածները պետք է ապացուցեն, որ Գերմանիայում ունեն մերձավորներ, ովքեր ունեն մշտական բնակության իրավունք կամ Գերմանիայի քաղաքացիություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում