Adidas-ի բաժնետոմսերն անկում են ապրել
Նմանատիպ
Adidas-ի բաժնետոմսերը անկում են ապրել այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարեց, որ այս տարի կարող է բազմամիլիոնանոց եկամուտներ կորցնել ռեփեր Քանյե Ուեսթի հետ անհաջող համագործակցության հետևանքով, ում կողմից անցյալ տարի արված հակասեմիտական արտահայտությունները ստիպել են սպորտային հագուստի հսկային խզել կապերը և հրաժարվել իրենց շահութաբեր համատեղ բրենդից՝ Yeezy-ից:
Միայն ուրբաթ օրը Adidas-ի բաժնետոմսերն իջել են մինչև 11%-ով: Ընկերությունում քննարկել են թողարկված արտադրանքը չվաճառելու բացասական ազդեցությունը:
Adidas-ում կանխատեսում են այս տարի կորցնել մոտ 1,3 միլիարդ դոլար եկամուտ և մոտավորապես 535 միլիոն դոլար գործառնական շահույթ: Ընթացիկ տարում ընկերությունը կարող է ունենալ մոտ 750 միլիոն դոլարի գործառնական վնաս:
Գործադիր տնօրեն Բյորն Գյուլդենը հույս ունի, որ 2023-ը կլինի «անցումային տարի՝ հիմք դնելու համար կրկին աճող և շահութաբեր ընկերություն դառնալու համար»: Նրա կանխատեսմամբ՝ Adidas-ը եկամտաբերության աճին կվերադառնա 2024 թվականին:
Ընկերությունը 2022 թվականի արդյունքները կամփոփի մարտի սկզբին՝ հանդես գալով տարեկան հաշվետվությամբ:
Հիշեցնենք՝ Adidas-ը դադարեցրեց Քանյե Ուեսթի հետ համագործակցությունը հոկտեմբերին՝ սոցիալական ցանցերում ռեփերի հակասեմիտական մեկնաբանությունների, դավադրության անհիմն տեսությունների տարածման և ռասիստական արտահայտությունների պատճառով առաջացած դժգոհության ֆոնին: Adidas-ը ռեփերի վարքագիծն անընդունելի և վտանգավոր է համարել: Adidas-ը մեկն էր այն ընկերություններից, որոնք խզեցին համագործակցությունը Ուեսթի հետ: Adidas-ի և ռեփերի համատեղությամբ ստեղծված Yeezy բրենդը կարող էր երկուստեք եկամտաբեր ու հաջողված համագործակցություն լինել, բայց ռեփերի սկանդալին հայտարարությունների արդյունքում ձախողվեց գործարքը, կորսվեց կանխատեսվող շահույթն ու ռեփերը դուրս մնաց նաև Forbes-ի միլիարդատերերի ցուցակից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում