Միջազգային լրահոսն ամփոփ․ 16․02․2023

Միջազգային լրահոսն ամփոփ․ 16․02․2023

Times.am-ն ամփոփում է օրվա միջազգային լրահոսը։ Բլինքենի այցը Թուրքիա՝ ի՞նչ սպասել բանակցություններից։ Եվրոպայի ռազմարդյունաբերության ճգնաժամը։ Բոլոր կարևոր իրադարձությունները մեկ նյութում։

Թուրք-ամերիկյան հարաբերություններ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կայցելի Թուրքիա։ Ինչպես հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, Բլինքենի այցը նախապատրաստվել էր դեռ մինչև երկրաշարժը։

«Բուն այցը նախատեսված էր երկրաշարժից առաջ։ Բիլնքենը կիրակի կայցելի աղետի գոտի, իսկ երկուշաբթի բանակցություններ կանցկացնենք։ Հանդիպման ընթացքում անպայման կքննարկենք ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը»,- ասել է Չավուշօղլուն՝ Անկարայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարն այժմ Թուրքիայում է։

Չինաստանն ու Իրանը ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման կոչ են արել

Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ու Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին կոչ են արել պայմաններ ստեղծել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այդ մասին նշված է Պեկինում երկու երկրների նախագահների բանակցություններից հետո ընդունված համատեղ հայտարարությունում։

Նշենք, որ Ռայիսին փետրվարի 14-16-ը պետական այցով Չինաստանում էր գտնվում, Չինաստանի նախագահի հետ նրա հանդիպումը տեղի է ունեցել այցի առաջին օրը՝ Պեկինում։

Եվրոպան չի հասցնում անհրաժեշտ քանակությամբ զենք-զինամթերք արտադրել

Եվրոպայում ռազմական պահեստները բառացիորեն դատարկվել են Ուկրաինային զենք ու զինամթերք մատակարարելու պատճառով։ Հին խորհրդային տեխնիկայի պաշարները սպառվել են, ժամանակակից արևմտյան տեխնիկայի մատակարարումները երկար են տևում և կապված են լոգիստիկ խնդիրների հետ:

Այս մասին գրում է The Financial Times-ը։

Ըստ պարբերականի՝ խնդիրը կարող է լուծվել միայն զենքի և զինամթերքի արտադրության երկարաժամկետ պայմանագրերի կնքումով՝ իշխանությունների կողմից տրված երաշխիքներով։

ԱՄՆ-ն չի խրախուսում Ուկրաինային ռազմակագան գործողություններ իրականացնել ՌԴ տարածքում

Մենք չենք խրախուսում և չենք նպաստում Ռուսաստանի տարածքում ուկրաինական բանակի հնարավոր գործողություններին։ Այս մասին նախորեին ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Վերջինս ընդգծել է, որ Վաշինգտոնն այս դիրքորոշումը հայտնել է հրապարակավ և մասնավոր կերպով։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի տարածքում ուկրաինական բանակի ցանկացած հնարավոր գործողություններին, մենք դա չենք խրախուսում և չենք նպաստում դրան: Մենք դա շատ պարզ ասել ենք ինչպես հրապարակավ, այնպես էլ մասնավոր շփումներում», – ասել է Քիրբին՝ ելույթ ունենալով Ջորջթաունի համալսարանում։

Ամերիկացի հայտնի տիեզերագնացը բոյկոտում է Ադրբեջանը

Ամերիկացի հայտնի տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանում անցկացվող Տիեզերագնացության միջազգային կոնգրեսին՝ շեշտելով Հայաստանի դեմ այդ երկրի ռազմական ագրեսիայի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տիեզերագնացն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Ինչո՞ւ է Տիեզերագնացության միջազգային կոնգրեսն (IAC) անցկացվում Ադրբեջանում՝ մի երկրում, որը մեղավոր է իր հարևան Հայաստանի դեմ վերջին ռազմական ագրեսիայի համար: Ադրբեջանը ամենակոռումպացված երկրներից է, այն Եվրոպայում մարդու իրավունքների ամենավատ ցուցանիշներից մեկն ունի: Ես չեմ գնալու, իսկ եթե պատրաստվում ես գնալ, խնդրում եմ, վերանայիր»,-գրել է Ռեյզմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում