Ինչպես լինել ավելի լավ ներդրող 2023-ին
Նմանատիպ
Վերջին տարիները ֆինանսական շուկայի համար հարուստ էին ցնցումներով՝ համավարակ, պատերազմներ, աղետներ: Ֆինանսական սեկտորի քիչ խաղացողներ են կարողացել հեռատես լինել և փոքր-ինչ պատրաստ սպասվելիք անկմանը: Արդյունքում արժեթղթերի շուկան խորը անկում ունեցավ, իսկ կրիպտոարժույթների շուկան կարելի է ասել՝ «պայթեց»:
Ի՞նչ է սպասվում այս տարի: Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է անկում աշխարհի տնտեսության մեկ երրորդի համար, մինչդեռ Moody’s Analytics-ը կանխատեսում է, որ մասնավորապես ԱՄՆ-ն կարող է խուսափել բացահայտ ռեցեսիայից, բայց, այնուամենայնիվ, դանդաղ անկում է ապրում:
Եթե այս տարի պլանավորել եք վաստակած գումարը ներդնել բաժնետոմսերում, պարտատոմսերում և այլ ակտիվներում, կարող եք օգտվել CNN-ի առաջարկած ուղեցույցից:
1․Ունեցեք ծրագիր
Դժվար է որևէ բանի հասնել, եթե հստակ չգիտեք՝ ինչ եք ուզում, ինչ եք նախատեսել ու ինչ կարող եք անել դրան հասնելու համար: Անհատ ներդրողների համար կարևոր է ճիշտ դիվերսիֆիկացված պորտֆել ունենալը: Կարևոր է՝ ինքներդ ձեզ հետ անկեղծ լինելը, սեփական ուժերն ու հնարավորությունները ճիշտ գնահատելը: Բայց կարևոր է նաև պատրաստ լինել ռիսկի դիմել: Երբեք չեք հաջողի, եթե վախենաք ռիսկի դիմելուց:
2․Անտեսեք աղմուկը
Կարևոր է պատրաստ լինել ցանկացած զարգացման, բայց մշտապես լսել՝ ինչ են ասում ուրիշները, վտանգավոր է: Աշխարհը, տնտեսությունը, բիզնեսը, կյանքը անընդհատ փոխվում է, դա նորմալ է: Այնպես որ բացասական կանխատեսումների վրա կենտրոնանալ չարժե. ֆինանսական շուկայում կայուն ոչինչ չկա: Այնպես որ աղմուկը չպետք է ազդի ձեր ներդրումային որոշումների վրա:
3․Խելամիտ պորտֆել
Բաժնետոմսերը, որոնք առաջարկում են ամուր ֆունդամենտալ ընկերությունները, անկախ ցածր գնից, ավելի լավ են իրենց դրսևորում տնտեսական անկումների ժամանակ: Նրանք սովորաբար վճարում են ավելի բարձր շահաբաժիններ, պահպանում են համեմատաբար կայուն եկամուտներ:
4․Կրիպտոարժույթներին վերաբերվեք ծայրահեղ զգուշությամբ
Նախորդ տարի բիթքոինը շուրջ 65 տոկոս անկում ունեցավ: Եթե պատրաստ եք ռիսկի դիմել և տանուլ տալուց չեք վախենում, ապա կրիպտոշուկան հենց ձեզ համար է: Այս ֆինանսական ճյուղն ապահովագրված ու կառավարելի չէ: Կրիպտոշուկայում ներդրում անելիս նկատի ունեցեք դա:
5․Իմացիր քո սահմանները
Էական չէ՝ որքան լավ մասնագետ եք, ինչ կրթություն ունեք ու կենսափորձ: Ներդրումները միանգամայն այլ հարթություն են ձեզ համար: Ժամանակի թրենդներին ու կարծարատիպերին հետևելը կարող է ռիսկի տակ դնել ձեր հնարավոր շահույթը: Սթրեսակայուն չլինելը կամ չափից շատ էմոցիոնալ լինելը, անծանոթ իրավիճակներից խուսափելը, հաղթողի դիրքը չկորցնելու մոլուցքը, նախապատվությունը ծանոթին ու հայտնիին տալը կարող է խաթարել ճիշտ ու շահավետ ներդրումային որոշումների կայացումը: Այնպես որ մի սահմափակեք ձեզ կարծարատիպերով ու ժամանակակից միտումներով: Սովորեք կառավարել ձեր էմոցիաները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում