Տասնյակ երկրների բարձրաստիճան ղեկավարներ երեկվանից հավաքվում են Բավարիայի մայրաքաղաք Մյունխենում, որտեղ այսօր գումարվում է Անվտանգության ավանդական համաժողովը:
Մասնակիցների թվում են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Թեև այս մասին պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հավանական է, որ երկու երկրների ղեկավարները Մյունխենում հանդիպում կունենան։
Ցերջին անգամ Մյունխենի համաժողովում Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են 2020թ-ի փետրվարին՝ Արցախյան 2-րդ մեծ պատերազմից ամիսներ առաջ։ Այն ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները բավականին երկար հանրային բանավեճ ունեցեն արցախյան հիմնահարցի և պատմականության խնդրի շուրջ։
Մյունխենյան Անվտանգության համաժողովը 59-րդ անգամ է գումարվելու և կտևի մինչև փետրվարի 19-ը:
Մյունխենում կհանդիպեն հարյուրավոր պետական այրեր, նրանցից ավելի քան 100-ը՝ նախագահներ, վարչապետեր, նախարարներ:
Արդեն Մյունխենում է Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը, բնականաբար, ներկա կլինի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, մասնակիցների թվում են Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և մի քանի տասնյակ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Ուկրաինայից Մյունխենում ներկա կլինեն մոտ երկու տասնյակ քաղաքական գործիչներ: