Թումանյանի սիրտը
Նմանատիպ
Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Այսօր լրանում է նրա 154 ամյակը։ Նա ապրել է ընդամենը 54 տարի, բայց դա էլ բավական էր, որ իր կյանքը, ձիրգը և հոգին անվերապահորեն նվիրաբերեր իր ժողովրդին՝ դառնալով Ամենայն հայոց բանաստեղծը։
Թումանյանի կյանքը հեշտ չի եղել․ ունեցել է 10 զավակ, նրանցից Արտավազդը զոհվել է Վանում՝ 1918թ-ին։
Բազմազավակ ընտանիքի հայր, հանճարեղ բանաստեղծ և գրող լինելուց բացի՝ Հովհաննես Թումանյանը նաև ականավոր հասարակական ու քաղաքական գործիչ էր։ Թեև նրա բոլոր կոչումները ստվերվում են, երբ խոսք է գնում սարսափելի կարիքի մեջ հայտնված, ցեղասպանությունից մազապուրծ հազարավոր հայ որբերին մատուցած նրա անմնացորդ ծառայության մասին։
1915 թ. հուլիսի վերջին լուրեր են հասնում դեպի Իգդիր և Էջմիածին հազարավոր գաղթականների հոսքի մասին: Հուլիսի 30-ին արդեն Թումանյանը դստեր՝ Նվարդի հետ Էջմիածին է մեկնում, ուր հավաքված էին Եղեռնից մազապուրծ հայության զանգվածներ: Թումանյանն անմիջապես ձեռնամուխ է լինում հազարավոր որբերի ապաստարանի, խնամքի, սնունդով ապահովելու գործին: Նրա անմիջական ղեկավարությամբ կազմակերպվում են հանգանակություններ, բացվում է հիվանդանոց` 500 մահճակալով, որբանոց` նախատեսված մոտ 3.000 երեխայի համար:
Թումանյանը Էջմիածնի մատույցներից հավաքագրում և որբանոցներում է տեղավորում ծնողազուրկ բազմաթիվ երեխաների: Անձամբ կազմում է հիվանդ և առողջ երեխաների ցուցակները՝ առանձնահատուկ հոգածությամբ վերաբերվելով հիվանդ հայ որբերին:
Երեխաներից շատերը նրան հայրիկ էին կոչում: Իր հուշերում Թումանյանը գրում է. «Երեխաներից ոմանք էնպես են սովորել, որ ճաշելուց հետո էլ փեշերս բռնում են (թեև հագնված են, պատսպարված և կերակրված) – հայրի´կ, ես որբ եմ, խեղճ եմ, նա հեր ունեմ, նա մեր… Որ ասում էի՝ նոր շորեր պիտի կարենք ձեզ համար, էստեղից էնտեղից գլուխ էին բարձրացնում – Հայրի՛կ, ինձ համար կարմիր հալավ կարեցե՛ք…»։
Միաժամանակ Թումանյանը որբերի համար մանկապատանեկան հայրենագիտական խաղեր է ստեղծում՝ ցանկանալով, որ խաղերի միջոցով երեխաները ճանաչեն ու սիրեն իրենց հայրենիքը «ոչ թե կույր ազգասերի սիրով, այլ գիտակից, ինտելիգենտ մարդու սիրով, որ սերն ազնիվ լինի, առողջ ու բովանդակալի»:
Բանաստեղծն անձամբ էր զբաղվում այդ երեխաներին կերակրելու, լողացնելու, հագցնելու, եռացրած ջուրն ապահովելու, նրանց մազերը խուզելու հարցերով: Շատերը աղաչում էին իրենց մայրիկին գտնել և ասում էին. «Հալավս ալ կհանեմ ձեզ կուտամ, թողեք մայրիկիս երթամ»: Աղջիկներից շատերը բանաստեղծին թույլ չէին տալիս մազերը խուզել կամ նույնիսկ կտրել: Նրանք նույնպես պատրաստ էին թողնել որբանոցը, միայն թե չզրկվեին իրենց մազերից. «Ես կերթամ, հալավս ալ կթողնիմ, ծամերսի չեմ տար»:
Այսպես Հովհաննես Թումանյանը ստացավ «Որբերի Ամենայն Հայոց Հայրիկի» թեև ողբերգական, բայց պատվավոր դերը։
Էջմիածնում Թումանյանի գործունեությունը նրա կյանքի հերթական սխրանքն էր, որը հայրենասիրության, մարդասիրության ու ազգասիրության բարձրագույն դրսևորում է: Այն պատիվ կբերեր ոչ միայն յուրաքանչյուր ազգի, այլև ողջ մարդկությանը. պոետի սխրանքը ապացույց է «խելագար անձնվիրումով» հանուն մարդկության ու մարդկայնության նահատակության գնացող խոշոր անհատների գոյության:
Էջմիածինը թողնելուց հետո էլ Թումանյանը չդադարեցրեց որբախնամ գործունեությունը, որբեր որդեգրեց. նրանցից մեկն էր Վ. Նորենցը, Ալեքսանդրապոլի և այլ որբանոցների տասնյակ որբերի ապաստան տվեց իր տանը, նրանցից մեկն էր Կարեն Սերոբի Դեմիրճյանի մայրը՝ Եղեռնից մազապուրծ, հոր խոշտանգումն ու յաթաղանի վրա ինքնասպան եղած մորը տեսած, փոքրիկ քրոջ կորստից վշտացած Լուսնթագը:
Շատ որբեր խանդով էին վերաբերվում բոլոր այն երեխաներին, ովքեր վայելում էին Թումանյանի ընտանեկան ջերմությունը կամ կրթություն էին ստանում և ապրում բանաստեղծի հայթայթած միջոցներով: Իրենց նամակներով հեղեղում էին Էջմիածնում բազմաթիվ մանուկների մահ տեսած, նրանց թաղման խնդիրներով զբաղված Թումանյանին՝ ասելով. «Մեր հույսը ամեն կողմից կտրած՝ Ձեզ ենք դիմում ու խնդրում, որ մեր խնդիրքը չմերժեք և ապրելու հնարավորություն տաք… դիմում ենք ձեզ, որ դուք լինեք մեր բարերարը»:
Բանաստեղծը միայն իրեն չէր զոհում, այլև իր զավակներին, ինչպես Մովսեսը: Նա վտանգեց նախ դստեր՝ Նվարդի կյանքը՝ նրան իբրև գթության քույր պահելով ամեն օր տասնյակ կյանքեր խլող մահաբեր համաճարակի պայմաններում, ապա տասնյակ որբերի համաճարակի տարածման վտանգի պայմաններում պահեց իր տանը, իր բոլոր, այդ թվում անչափահաս զավակների հետ նույն բնակարանում՝ վտանգելով նաև նրանց կյանքն ու առողջությունը:
Թումանյանը 100 նորածին և մանկահասակ երեխա է փրկել միայն իր դստեր օգնությամբ՝ տիֆի համաճարակի էպիկենտրոն դարձած Էջմիածնից տեղափոխելով Երևան, որովհետև այդ օրերին Էջմիածնից արգելվում էր երեխա տեղափոխելը:
Թումանյանը վտանգեց իր կյանքը և 46-ամյա հասակում դարձավ ալեհեր մի ծերունի: Իր որբախնամ գործունեությամբ Թումանյանը ողջ աշխարհում կանգնում է մեծագույն հումանիստների կողքին, ով իր ժողովրդի պատմության ամենաողբերգական փուլում, երբ չկար հույս և առաջ շարժվելու որևէ կողմնացույց, դարձավ որբացած հազարավոր մանուկների համար հույսի փարոս և կյանքի ուղենիշ։
1922 թվականին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգալ է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը։ 1923 թվականի մարտի 23-ին երեկոյան 9-ին[87]՝ 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։ Դիահերձումը իրականացվել է Մոսկվայում, որտեղ նրա որդի Արեգը խնդրել է իրեն տրամադրել հոր սիրտը ու տարել այն հայրենի գյուղը։
Ես մի քայլ արեցի… ես հայրիկի սիրտը գողացա։ Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ։ Գողացա։ Գուցե մեղադրում ես։ Ոչինչ։ Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը։ Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի…
Թումանյանը թաղվել է Խոջիվանքի գերեզմանոցում։ Տարիներ շարունակ սիրտը պահվել է Թումանյանի առանձնասենյակում։ Ավետիք Իսահակյանը այցելել է բարեկամներին ու համոզել՝ սիրտը տեղափոխել Երևանի բժշկական ինստիտուտի անատոմիկումի թանգարան։ 1994 թվականին սիրտը նորից տեղափոխվում է ու թաղվում հայրենի տան բակում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում