Տարածաշրջանն անցած շաբաթ

Տարածաշրջանն անցած շաբաթ

Times.am-ը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում և նրա շուրջը տեղի ունեցող իրադարձություններին՝ ծանոթացնելով իր ընթերցողին ամենակարևոր զարգացումներին։

Վրաստանում ներքաղաքական վիճակը շարունակում է լարված մնալ

Վրաստանում բոլորը պետք է միասին աշխատեն, որպեսզի իրականացնեն Եվրահանձնաժողովի հանձնարարականները՝ եվրաինտեգրման ճանապարհով առաջ շարժվելու համար: Այդ մասին անցած շաբաթվա սկզբին Թբիլիսիում հայտարարել է ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։

Գերչինսկին վստահություն է հայտնել, որ ընդդիմադիր ուժերը պետք է մնան խորհրդարանում և գործեն ավելի կառուցողական։ «Ես ուզում եմ կոչ անել բոլորին՝ և՛ Վրաստանի կառավարությանը, և՛ ընդդիմությանը, աշխատել միասին՝ 12 առաջարկությունների շուրջ առավելագույն առաջընթացի հասնելու համար։ Սա ակնհայտորեն պահանջում է իշխանությունների կողմից ներառականություն, ինչպես նաև պահանջում է կառուցողական մոտեցում ընդդիմության կողմից, և այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենա այս քննարկումը, Վրաստանի խորհրդարանն է։ Այդ իսկ պատճառով մենք ընդդիմությանը նույնպես նշել ենք, որ նրանք պետք է մնան խորհրդարանում»,-ասել է Գերչինսկին։

Հիշեցնենք՝ այն բանից հետո, երբ Թբիլիսիի դատարանը մերժել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն կալանքից ազատելու մասին միջնորդությունը, վերջինիս կողմնակիցները հայտարարել են խորհրդարանական աշխատանքները բոյկոտելու և բողոքի ցույցերի միջոցով երկրում իշխանափոխություն անելու մասին։

Սաակաշվիլու առողջական վիճակը շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են անում Վրաստանի իշխանություններին թույլ տալ, որպեսզի Սաակաշվիլին լքի երկիրը և բուժում ստանա արտասահմանում։ Սակայն պաշտոնական Թբիլիսին պնդում է, որ Սաակաշվիլին Վրաստանում էլ է անհրաժեշտ բուժում ստանում և որ անհրաժեշտության պարագայում պատրաստ են աշխարհի ցանկացած բժշկի թույլ տալ, որպեսզի նրանք գան Վրաստան և տեղում օգնություն ցուցաբերեն նախկին նախագահին։

ՀԱՊԿ-ը նոր գնահատականներ է տվել Ադրբեջանի քաղաքականությանը

«Ադրբեջանը շարունակում է զարգացնել իր ԶՈւ ներուժը՝ իրականացնելով համակարգված բարեփոխումներ և անցնելով թուրքական չափանիշներին անձնակազմի վերապատրաստման և ՆԱՏՕ-ի արտադրության զենքի և տեխնիկայի մատակարարման միջոցով»։ Այս մասին անցած շաբաթ հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը:

Նա նշել է, որ այդ ֆոնին Իրանն իրականացնում է  Հարավային Կովկասի գործերին տարածաշրջանից դուրս խաղացողների՝ առաջին հերթին ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջամտության հակազդեցության քաղաքականություն՝ միաժամանակ իրականացնելով նոր զինատեսակների ցուցադրություն ու անցկացնելով լայնածավալ զորավարժություններ։ «Այդ փաստն առաջացնում է Արևմտյան երկրների  բացասական ռեակցիան ու հանդիսանում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀԾ) իրականացման շահարկումների պատճառներից մեկը։

Բացի այդ, այս տարվա հունվարի վերջին հարվածներին, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, ինչպես նաև դիվերսիաներին իրանական ռազմական և ենթակառուցվածքային օբյեկտների վրա, հավանաբար կհետևեն Իրանի պատասխան գործողությունները, ինչը կարող է նպաստել տարածաշրջանում լարվածության աճին»,- ասել է Սիդորովը։

Նշենք նաև, որ փետրվարի 13-ին Մինսկում կայացել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովի հանդիպումը։

Ինչպես տեղեկացնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը, հանդիպման ժամանակ Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ավելի մեծ միասնության կոչ է արել։

«Մարտահրավերները բավականաչափ են, մենք մեր նախագահության ժամանակ ռիսկի ենք դիմել ծրագրում գրել՝ փորձել լուծել խնդիրները, որ ունենք, հատկապես ՀԱՊԿ անդամ երկրների սահմաններին… Դուք լավ գիտեք և՛ Կովկասը, և՛ Կենտրոնական Ասիան։ Այնտեղ մենք խնդիրներ ունենք։ Փորձենք լուծել դրանք և հնարավորինս համախմբել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը այս դժվարին ժամանակներում։ Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում շուրջը»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը անցել է 40 հազարը

«Երևանի ժամանակով ժամը 14:24-ին Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելքում գրանցել է 7.7 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ»,- նշում է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը։ Օջախի խորությունը 10 կմ է, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 3 բալ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։

Թուրքիայում փետրվարի 6-ի վաղ առավոտյան տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 40642-ի։  Այս մասին հայտնում է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD)։

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով ավերվել կամ մեծ վնաս է կրել 41791 շենք։ Նշված թիվը գրեթե համեմատելի է Մոսկվայի բնակարանային ֆոնդի հետ։

Իրանն ու Չինաստանը շարունակում են զարգացնել համագործակցությունը

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին պաշտոնական այցով փետրվարի 14-16-ը մեկնել է Չինաստան։

Պեկինում կայացած բարձր մակարդակի հանդիպման ժամանակ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները ստորագրել են համագործակցության 20 փաստաթուղթ և փոխըմբռնման հուշագիր։  Իրանի և Չինաստանի ներկայացուցիչները փաստաթղթերը ստորագրել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրա չինացի գործընկեր Սի Ծինփինի ներկայությամբ կայացած հանդիպման ժամանակ։

Համաձայնագրերը ենթադրում են համագործակցություն տարբեր ոլորտներում, ներառյալ ճգնաժամային կառավարումը, զբոսաշրջությունը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, շրջակա միջավայրը, միջազգային առևտուրը, մտավոր սեփականությունը, գյուղատնտեսությունը, արտահանումը, առողջապահությունը և բժշկական ոլորտը, լրատվամիջոցների գործունեությունը, սպորտը և մշակութային ժառանգությունը:

Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ու Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին նաև կոչ են արել պայմաններ ստեղծել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման համար։

Մյունխենի անվտանգության միջազգային համաժողով

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն անցած շաբաթվա վերջ մեկնել են Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։ Նախքան փետրվարի 18-ին կայացած «Շարժել լեռնե՞ր. Անվտանգության կառուցում Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկմանը մասնակցելը Աիլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը մի շարք հանդիպումներ են անցկացրել արտասահմանյան գործընկերների, հետո նաև ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ՝ միմյանց հետ։

«Մենք հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո իրական պատմական հնարավորություն ունեն ապահովելու կայուն խաղաղություն»,- հայտարարել է  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Մյունխենում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի մասնակցությամբ հանդիպման մեկնարկին։

ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին ու Ալիևին այնտեղ գտնվելու համար։

«Կողմերն իրենք են թարմացրել իրենց ուշադրությունը խաղաղ գործընթացի վրա, այդ թվում՝ ուղիղ զրույցի, ինչպես նաև ԵՄ-ի և մեզ հետ: Միացյալ Նահանգները հավատարիմ է անել ամեն բան  կողմերի ջանքերին աջակցելու համար՝ լինի դա ուղղակիորեն մեր ընկերների հետ,  եռակողմ ձևաչափով, ինչպես հիմա,  թե միջազգային այլ գործընկերների հետ»,-ասել է նա։

Նույն օր երեկոյան Փաշինյանն ու Ալիևը, Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլու հետ միասն մասնակցել են պանելային քննարկմանը, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մի շարք մեղադրանքներ են ուղղել միմյանց։

Վրաստանը զարգացնում է ռազմական համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի (JAF) գերագույն հրամանատար Քրիստոֆեր Կավոլին քննարկել են հանրապետությանը ԱՄՆ-ի ռազմական օգնության ավելացումը։

«Հանդիպման ընթացքում խոսվել է Վրաստանի պաշտպանունակության բարձրացմանն ուղղված ԱՄՆ աջակցության մասին և նշվել երկրի դերը եվրատլանտյան անվտանգության համակարգում: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել գեներալին՝ երկրի եվրաատլանտյան ինտեգրման գործընթացին աջակցելու համար»,- նշված է Վրաստանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Ղարիբաշվիլիի և Կավոլիի հանդիպումը կայացել է Մյունխենում՝ անվտանգության համաժողովի շրջանակներում։ Կողմերը քննարկել են նաև ռազմական ոլորտում Վրաստանի և ԱՄՆ-ի համագործակցության հեռանկարները։

Չորեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ դաշինքի երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են ընդլայնել ռազմական օգնությունը Վրաստանին և Մոլդովային։ Փետրվարի 10-ին նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը պարզեցրել է Վրաստանին ռազմական օգնություն ստանալու գործընթացը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում