«Նոր Զովք» ՍՊԸ-ն թաքցրել է իրական շրջանառությունը․ ՊԵԿ
Նմանատիպ
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ն, կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, հսկիչ-դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտությամբ, առևտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ (խմբ․ կեղծ կտրոններ), սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին:
Արդյունքում, ընկերությունը թաքցնում է իրական իրացման շրջանառությունը, չի հաշվարկում և պետական բյուջե չի վճարում առանձնապես խոշոր չափերի հարկեր։
Ձեռնարկվել և իրականացվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում 2022 թ. հոկտեմբերի 17-ից մինչև 2022 թ. հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում 35 դեպքով իրականացվել են նաև տարբեր տեսակի ապրանքների հսկիչ գնումներ։
Կատարված հսկիչ գնումներից 24-ի դեպքում հաստատվել են ստացված օպերատիվ տեղեկությունները, կատարված 8 հսկիչ գնումների ընթացքում շեղումներ չեն հայտնաբերվել, 3 դեպքում էլ ընկերության կողմից ընդհանրապես ՀԴՄ կտրոններ չեն տրամադրվել, այլ տրամադրվել են ներքին կտրոններ։
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից «Զովք» սուպերմարկետների ցանցում, ինչպես նաև քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ վայրերում, դատարանի որոշումների հիման վրա, օրենքով սահմանված կարգով իրականացվում են խուզարկություններ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում