Մեծ Բրիտանիայում 18 ընկերություններ կսահմանեն 4-օրյա աշխատանքային շաբաթ
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայում 18 ընկերություններ, այդ թվում՝ կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆինանսների ոլորտներում, հայտարարել են, որ անցյալ տարվա փորձի արդյունքներով՝ մշտական հիմունքներով կսահմանեն քառօրյա աշխատանքային շաբաթ:
Այս մասին գրում Է Financial Times պարբերականը։
Նախորդ տարվա կեսերից մեկնարկած կրճատված աշխատանքային շաբաթվա փորձնական նախագծին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 61 ընկերություն։ Արդյունքում 18 ընկերություն հայտարարել է, որ մշտական հիմունքներով անցնում է քառօրյա աշխատանքային շաբաթվա, քանի որ կան վկայություններ դրա առավելությունների վերաբերյալ:
Ընկերություններից 38-ն էլ հայտնել են, որ կշարունակեն նման գրաֆիկով աշխատանքը փորձնական նախագծի շրջանակներում:
Հրատարակությունը նշում է, որ այս ընկերությունների հասույթը փորձնական ժամանակահատվածի՝ 2022 թ. երկրորդ կիսամյակի ընթացքում միջին հաշվով աճել է ավելի քան մեկ երրորդով։
Զգալիորեն կրճատվել է աշխատանքից ազատվողների թիվը։ Աշխատակիցների 40%-ը հայտարարել Է, որ ավելի քիչ սթրես է ապրում, իսկ երեք չորրորդը նշել է, որ իրենց մոտ նվազել է ուժասպառության մակարդակը: Փորձնական նախագիծը հիմնված է եղել հետևյալ մոդելի վրա՝ 100 % աշխատավարձ՝ ժամանակի 80 %-ի դիմաց, սակայն աշխատողները պետք է ապահովեին 100 %-անոց արդյունք:
Ընկերությունները տարբեր ձևով են կազմակերպել կրճատված աշխատանքային շաբաթը:
Այսպես, ոմանք ուրբաթ օրը հայտարարել են հանգստյան օր, իսկ մյուսները աշխատակիցներին թույլ են տվել իրենց աշխատաժամանակի 80%-ն աշխատել ճկուն գրաֆիկով: Փորձը տեղի է ունեցել Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների, Բոստոնի քոլեջի, 4-Day Week Global խմբի և Autonomy վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում