Daiei Kankyo․Աղբի վերամշակմամբ հարստացած ճապոնական ընկերության պատմությունը
Նմանատիպ
Ճապոնական Daiei Kankyo ընկերությունը մասնագիտացել է թափոնների վերամշակման միջոցով գումար աշխատելու մեջ։ 2022թ-ի վերջին ընկերությունն ունեցել է 315 միլիոն դոլար եկամուտ և բաժնետոմսերի մեկ երրորդը տեղադրել Տոկիոյի ֆոնդային բորսայի փրայմ մարկետում: Բաժնետոմսերի արժեքն աճել է գրեթե 30%-ով, արդյունքում ընկերության հիմնադիր ու նախագահ 66-ամյա Ֆումիո Կանեկոն դարձել է ճապոնացի նոր միլիարդատեր՝ 1 միլիարդ դոլար կարողությամբ:
Կանեկոն երեք գործընկերների հետ հիմնադրել է ընկերությունը 1979 թվականին Օսակայի Իզումի քաղաքում: Տեղացիները դեմ են եղել քաղաքը թափոնների մշակման կենտրոն դարձնելու հեռանկարին, սակայն գործարարներին հաջողվել է տեղական իշխանություններին համոզել և ձեռք բերել ինը տարբեր տեսակի թափոնների վերամշակման վայր ստեղծելու թույլտվություն:
1995-ին երկրաշարժը, սակայն, մեծ վնաս հասցրեց ընկերությանը: Ստիպված եղան բոլոր ռեսուրսները գործի դնել ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար: Նրանք իրենց վրա վերցրին երկրաշարժի թափոնների մեկ երրորդն ու պատվով հաղթահարեցին ճգնաժամը՝ պետության ու քաղաքացիների համար հուսալի ու վստահելի ընկերության համբավ վաստակելով:
Այդ ժամանակից ի վեր Daiei Kankyo-ն ընդլայնվել է թափոնների վերամշակման, թափոնների օգտագործմամբ էներգիայի արտադրության, հողի վերականգնման և անտառների պահպանման ոլորտներում: Ընկերության ծառայությունները ներառում են թափոնների հավաքում և տեղափոխում, տեսակավորում, մանրացում, վերամշակում և վերջնական ոչնչացում Ճապոնիայի հինգ պրեֆեկտուրաներում գործող 61 մասնաճյուղերում:
Այսօր Daiei-ն ունի ավելի քան 30 դուստր ձեռնարկություններ և փոխկապակցված ընկերություններ, որոնց աշխատուժը կազմում է 2520 մարդ: Ընկերությունը նաև շահագործում է թափոնների կենսազանգվածի և կենսագազի էներգիայի արտադրության կայաններ և ջերմություն է մատակարարում Իգա Սիթիում գտնվող հյուրանոցին՝ իր բնական տաք աղբյուրների համար:
2020-ին Daiei Kankyo-ն օգտվել է թափոնների կառավարման ծառայությունների աճող պահանջարկից: 2022-ի մարտին ավարտված ֆինանսական տարում ընկերությունը հայտարարագրել է 500 միլիոն դոլար եկամուտ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5,5 տոկոսով՝ 67 միլիոն դոլար զուտ շահույթով, իսկ 2022-ի դեկտեմբեր ամսին, Daiei-ն զուտ շահույթ է ներկայացրել 54 միլիոն դոլար՝ 375 միլիոն դոլար եկամուտից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում