Վիվա-ՄՏՍ. 7 տարի անհատական օգնականի աջակցությունից օգտվող ընտանիքների կողքին

Վիվա-ՄՏՍ. 7 տարի անհատական օգնականի աջակցությունից օգտվող ընտանիքների կողքին

Ավելի քան յոթ տարի, Վիվա-ՄՏՍ-ն ու «Սորս» հիմնադրամը կարևոր ջանքեր են գործադրում Մանկական ուղեղային կաթվածով (ՄՈՒկ) երեխաներ ունեցող  ընտանիքներին աջակցելու համար:

Հաշմանդամություն ունեցող երեխաներին մասնագիտական աջակցություն տրամադրող անհատական օգնականներն էապես փոխում են նաև ընտանիքներում առկա իրականությունը: Լուծվում են ոչ միայն երեխաների սոցիալացման, ինքնուրույնության և առողջ մտածողության ձևավորման, նեղ մասնագիտական հմտություններ պահանջող խնդիրները, այլև ընտանիքում և դրանից դուրս՝ մայրիկների ինքնադրսևորման ու աշխատանքային զբաղվածության հարցերը:

Պահանջված ծրագրի արդյունավետությունը զգալիորեն մեծացել է հատկապես մարզային ընդգրկում ապահովելուց հետո: Տարիների փորձն ու հմտությունը թույլ են տալիս ավելի կարճ ժամկետներում ստանալ հնարավորինս ակնհայտ արդյունք:

«Անհատական օգնականի ծրագրից օգտվելուց հետո դրական մեծ դինամիկա ունենք: Ծրագիրն ինձ օգնել է զբաղվել նաև մյուս երեխայիս հարցերով, դասերով, ընտանիքիս և իմ զարգացման ու զբաղվածության խնդիրներով: Փորձում եմ ուսում ստանալ, վերապատրաստվում եմ, ուզում եմ ինչ-որ մի հարցով էլ ես ամուսնուս օգտակար լինել: Հիմա մի քիչ հանգիստ եմ. գիտեմ, որ ինձանից բացի, ինչ-որ մեկն էլ կարող է իմ երեխայի մասին հոգ տանել», – պատմում է Վայքում բնակվող յոթնամյա Ռոբերտի մայրը՝ Լիլիթ Արոյանը: Ռոբերտը ևս ունի Մանկական ուղեղային կաթված։

«Շատ կարևոր է, որ վերջին տարիներին անհատական օգնականի ծրագիրն իրականացվում է նաև մարզերում: Մայրաքաղաքում երեխաները կարողանում են օգտվել տարբեր ծրագրերից, ինչը դժվար է ասել մարզաբնակ երեխաների մասին: Ռոբերտի հետ աշխատանքային արդեն չորրորդ ամսում ենք: Թեև չորս ամիսը մի փոքր քիչ է խնդիրներով երեխայի հետ աշխատելու համար, սակայն արդեն իսկ ունենք արդյունք»,- ասում է Ռոբերտի անհատական օգնականը՝ Լուսինե Կարապետյանը:

Վիվա-ՄՏՍ-ի և «Սորս» հիմնադրամի գործընկերության կարևոր ձեռքբերումներից է նաև երիտասարդների շրջանում նեղ մասնագիտական ուղղվածության ձևավորումը: Վերապատրաստված, աշխատանքային պրակտիկա անցած բոլոր մասնագետները, փորձի հիման վրա՝ կարողանում են իրենց տեղը գտնել նաև ոլորտային մեծ կենտրոններում։ Անհատական օգնականները կատարում են դայակ-խնամողի գործառույթ կամ գործում են որպես զարգացման մասնագետ։ Նրանց ընտրությունը, վերապատրաստումը, աշխատանքի վերահսկողությունը, ծնողի հետ կապը, քննարկումները և ամեն մի երեխայի համար անհատական զարգացման և խնամքի ծրագիր գրելը կազմակերպվում է փորձագիտական բազմաթիվ մասնագետներ թիմի կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում