Միջազգային լրահոսն ամփոփ․ 22․02․2023

Միջազգային լրահոսն ամփոփ․ 22․02․2023

Times.am-ն ամփոփում է օրվա միջազգային լրահոսը։ Ի՞նչ է որոշել Հաագայի դատարանը Լաչինի միջանցիք հարցով և ի՞նչ է պատրաստվում բանակցել Լավրովը Ադրբեջանում։ Բոլոր կարևոր իրադարձությունները մեկ նյութում։

Հաագայի դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցրել է  ձեռնարկել բոլոր միջոցները՝ մարդկանց ու բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով ապահովելու համար։

Նշենք, որ ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով Հայաստանը պահանջել էր կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները.

– Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով:

– Ադրբեջանը երկու ուղղություններով պետք է ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով:

– Ադրբեջանը պետք է անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։

Թուրքիայում պահանջում են քրեական գործ սկսել Էրդողանի դեմ

Turkish President and leader of the Justice and Development Party (AKP) Recep Tayyip Erdogan speaks during a group meeting at the Turkish Grand National Assembly in Ankara on January 18, 2023. AFP

Թուրքիայում ավերիչ երկրաշարժի զոհերի համար պատասխանատվություն են կրում կառավարության մի շարք անդամներ, նահանգապետներն ու քաղաքապետերը, կառուցապատողները և կապի օպերատորները։ Այս մասին նշված է Թուրքիայի մի քանի տասնյակ հայտնի իրավաբանանների տարածած հաղորդագրության մեջ։ Նրանք պահանջում են քրեական հետապնդում սկսել նաև երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ։

61 հոգուց բաղկացած հայտնի փաստաբանների խումբը վերոնշյալ անձանց վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Անկարայի հանրապետական դատախազություն: Հաղորդման մեջ պահանջվում է դատական գործընթաց սկսել նրանց դեմ՝ առաջ քաշելով  մեղադրանքներ 11 տարբեր հոդվածներով:

Հիշեցնենք, որ Թուրքիայում փետրվարի 6-ին և 20-ին տեղի ունեցած 2 ավերիչ երկրաշարժերի հետևանքով մահացածների թիվը վերջին տվյալներով հասել է 42 հազարի:

Լավրորվը կմեկնի Ադրբեջան

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-28-ը պաշտոնական այցով կմեկնի Բաքու:

«Սպասվում է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև բանակցություններ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան նշել է նաև, որ հանդիպումների ժամանակ հատկապես ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ին ստորագրված եռակողմ համաձայնագրերի իրականացման թեմային:

Ռուս-չինական բարձր մակարդակի հանդիպումներ՝ Մոսկվայում

Այսօր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Յիի հետ։

Հանդիպման արդյունքում կողմերի հղած առանցքային «մեսիջներն» են.

  • Չինաստանը հավատարիմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը՝ չնայած աշխարհում տիրող իրավիճակին. երկկողմ  հարաբերությունները դինամիկ զարգանում են։

  • Մոսկվան և Պեկինը պատրաստ են պաշտպանել միմյանց շահերը։

  • Չինաստանը վարելու է անկախ արտաքին քաղաքականություն։

  • Չինական կողմը հույս է հայտնել Ռուսաստանի Դաշնության հետ նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու վերաբերյալ։

  • Չինաստանը և Ռուսաստանը հաստատակամորեն շարժվում են բազմաբևեռ աշխարհի ձևավորման ուղղությամբ։

Ավելի ուշ Վան Յիին ընդունել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում