Միջազգային լրահոսն ամփոփ․ 23․02․2023
Նմանատիպ
Times.am-ն ամփոփում է օրվա միջազգային լրահոսը։ Ի՞նչ նոր պատժամիջոցներ է նախապատրաստել Արևմուտքը Ռուսաստանի համար և որտե՞ղ կկայանա Փաշինյան-Ալիև նոր հանդիպումը։ Բոլոր կարևոր իրադարձությունները մեկ նյութում։
Արևմուտքը փորձում է կանխել Ռուսաստանի՝ պատժամիջոցները շրջանցելու հնարավորությունները
Նոր պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ը և G7-ի իր գործընկերները նախատեսում են հրապարակել ուրբաթ օրը, ուղղված կլինեն արդեն իսկ գործող պատժամիջոցները շրջանցելու Ռուսաստանի հնարավորությունների սահմանափակմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը։
«Նրանք օգտագործում են երրորդ երկրները, որպեսզի փորձեն շրջանցել մեր սահմանած պատժամիջոցները։ Օրինակ՝ նրանք 1000%-ով ավելի շատ նոութբուքեր, iPhone-ներ, սպասք լվացող մեքենաներ են ներմուծում երրորդ երկրներից, ոչ թե այն պատճառով, որ ուզում են տանը աշխատել նոթբուքերով, այլ որպեսզի դրանց միջոցով ձեռք բերեն ժամանակակից չիպեր ավելի շատ հրթիռներ արտադրելու համար»,- ասել է Նուլանդը։
Նոր պատժամիջոցները, նրա խոսքով, մասնավորապես կանդրադառնան ռուսական մի շարք բանկերի և չինական ընկերությունների վրա, որոնք, ըստ ամերիկացիների, ներգրավված են սահմանափակումները շրջանցելու փորձերում։
Մոլդովան դուրս է գալիս ԱՊՀ-ից
Նախկին խորհրդային հանրապետություն Մոլդովան դուրս է գալիս Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կազմակերպությունից։ Երկրի կառավարությունը սկսել է ԱՊՀ-ի շրջանակում ստորագրված համաձայնագրերի չեղարկման գործընթացը։
Այս մասին Jurnal TV-ին ասել է այս երկրի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նիկոլաե Պոպեսկուն։
«Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու մասին, արտաքին քաղաքական բոլոր նպատակները և մասնակցությունը միջազգային կազմակերպություններում ստորադասվելու են եվրաինտեգրման նպատակին։ Ակնհայտորեն, ԱՊՀ-ի համաձայնագրերից դուրս գալը, որոնք անհամատեղելի են մեր նպատակներին, կշարունակվեն»,- ասել է Պոպեսկուն։
Նա նշել է, որ 330 պայմանագրից շատերը, որոնք հանրապետությունը ստորագրել է անկախության տարիների ընթացքում, «չեն գործում կամ չեն կիրառվում ի շահ Մոլդովայի»։
ԱՄՆ-ն բացահայտել է ԵՄ միջնորդությամբ կազմակերպվող Փաշինյան-Ալիև մոտալուտ հանդիպումը
Հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը կողմերի փոխգործակցության արդյունքն էր՝ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափերով, ինչպես նաև ԵՄ դիվանագիտության աշխատանքի։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայս՝ մեկնաբանելով Մյունխենում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը, որը կազմակերպվել էր Բլինքենի միջնորդությամբ։
«Հենց դա (առաջընթացը – խմբ.) մենք հույս ունենք տեսնել Բրյուսելում առաջիկա օրերին, երբ կողմերը կհանդիպեն Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի կողմից կազմակերպված բանակցությունների շրջանակում։
Մենք հույս ունենք տեսնել այդ առաջընթացի շարունակությունը: Մեր լավատեսությունը չափազանցված չէ. Բայց մենք շարունակում ենք աջակցել այս երկխոսությանը, այս դիվանագիտությանը` ամեն կերպ համապարփակ լուծման հասնելու համար»,- պատասպխանել է Փրայսը:
Պատերազմը լուծում չէ. Անտոնիո Գուտերեշ
«Պատերազմը լուծում չէ. Ուկրաինայի ժողովուրդը մեծ տառապանք է ապրում. ուկրաինացիներին, ռուսներին և այլ երկրների բնակիչներին խաղաղություն է պետք»։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը
«Թեև այսօր խաղաղության հեռանկարները մռայլ են, մենք գիտենք, որ լիարժեք, կայուն խաղաղությունը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության վրա»,- ասել է Գուտերեշը՝ Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջանի բացման ժամանակ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր ելույթում «ներխուժում» է անվանել Ռուսաստանի Դաշնության գործողություններն Ուկրաինայում։ «Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ողբերգական իրադարձություն է ինչպես Ուկրաինայի ժողովրդի, այնպես էլ միջազգային հանրության համար։ Այս ներխուժումը վիրավորական բիծ է մեր հավաքական խղճի վրա, դա ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի խախտում է»,- հավելել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում