Ինչու՞ Ադրբեջանը չի բացում ցամաքային սահմանները․ BBC
Նմանատիպ
Covid-ի համավարակի սկզբից ի վեր՝ վերջին երեք տարիների ընթացքում, հազարավոր ադրբեջանցիներ և վրացիներ զրկվել են իրենց բարեկամներին տեսնելու հնարավորությունից և կորցնում են իրենց բիզնեսը՝ Ադրբեջանի ցամաքային սահմանների փակ լինելու պատճառով։
Բաքվի իշխանությունները պնդում են, որ երկրի ցամաքային սահմանները փակ են Covid-ից պաշտպանվելու նպատակով։ Այս վարկածին, սակայն, քչերն են հավատում։
BBC-ն անդրադարձել է Ադրբեջանի սահմանային քաղաքականությանը վերջին 3 տարիների ընթացքում՝ փորձելով հասկանբալ՝ ինչն է պատճառը, որ աշխարհում կոռոնավիրուսային համավարակի նահանջելուն զուգահեռ Ադրբեջանի իշխանությունները չեն շտապում վերաբացել ցամաքային սահմաններով հաղորդակցությունը։
BBC-ն զրուցել է Ադրբեջանական Գախ քաղաքի ազգությամբ վրացի 2 բնակիչների հետ, որոնք արդեն 4 տարի չեն կարողանում տեսնել Վրաստանում ապրող իրենց թոռնուհուն, թեև Վրաստանի սահմանից ընդամենը 200 կմ հեռավորության վրա են ապրում։ Նրանք նաև խնդրել են գաղտնի պահել իրենց անունները՝ վախենալով Ադրբեջանի իշխանությունների հաշվեհարդարից։
Կարանտինային ռեժիմ
Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմը սահմանվել է 2020 թվականի մարտին, երբ ամբողջ աշխարհը փակվեց կորոնավիրուսի պատճառով։ Առաջին երկու տարիներին երկրում գործել են խիստ կանոններ և արգելքներ. օրինակ, ի տարբերություն Հարավային Կովկասի այլ երկրների, այստեղ համաճարակի առաջին տարում մարդկանց մեծ մասին թույլատրվում էր դուրս գալ միայն 2-3 ժամով՝ իշխանություններին հատուկ SMS հաղորդագրություն ուղարկելուց հետո։
2020 թվականի ամռանը իշխանությունները մի քանի անգամ և մի քանի օրով քաղաքացիներին ամբողջությամբ արգելել են լքել իրենց տները. օրինախախտները խստորեն կալանավորվել են։
Սահմանափակումների մեծ մասը հանվել է 2022 թվականի ամռանը։ Երկրի օդային տարածքը բաց է մնացել նույնիսկ համաճարակի պայմաններում։ Մեկ տարի առաջ վարակների թիվը Ադրբեջանում հասել է օրական գրեթե 5 հազարի, իսկ այժմ նոր դեպքերի թիվը տատանվում է օրական 10-ից 20-ի սահմաններում։
BBC-ն հարցում է ուղարկել Ադրբեջանի կառավարություն՝ պարզաբանելու, թե ինչու են սահմանները փակ մնում, սակայն հոդվածի հրապարակման պահին պատասխան չի ստացել։
Ըստ պարբերականի՝ և՛ ադրբեջանական ընդդիմությունը, և՛ շատ շարքային քաղաքացիներ չեն հավատում, որ պատճառը կորոնավիրուսն է. Ոմանք կարծում են, որ փակ սահմանները ինչ-որ կերպ կապված են այն բանի հետ, որ Ղարաբաղում, որտեղ 2020 թվականի աշնանը պատերազմ էր, դեռ անհանգիստ է. Մյուսները ենթադրում են, որ իշխանությունները վախենում են մոբիլիզացիայից փախչող ռուսների հոսքից։
Սահմանների հետ կապված «հատուկ կարանտինային ռեժիմի» գործողությունը Ադրբեջանում երկարաձգվում է երկու ամիսը մեկ, հաջորդ ժամկետը լրանում է մարտի 1-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում