Ինչպես գումար խնայել ամառային հանգիստ պլանավորելիս
25/02/2023 01:36
Նմանատիպ
Օրվա լրահոսին ծանոթանալիս ամենուրեք հանդիպում ենք բացասական էմոցիաներ առաջացնող գլխագրերի: Եթե հաշվի առնենք ամբողջ աշխարհում եղած գնաճը և հաշվենք՝ որքան ենք ծախսելու հանգստի մեկնելիս, հավանաբար իսպառ կհրաժարվենք այդ մտքից: Բայց նեղ ժամանակները հնարավորություն են տալիս կատարելագործել հանգստի ամրագրման մեր հմտությունները:
- Հանգիստը պալանավորելու համար կարևոր է մտածելակերպը: Անհրաժեշտ է ճկուն լինել և մի քանի անգամ վերահաշվարկել հնարավոր ծախսերը: Այս համատեքստում «էժան ճանապարհորդության եռանկյունի»-ն նկատի ունենալ է պետք՝ տրանսպորտ, կացարան և օրական ծախսեր։
- Հանգիստը պլանավորելիս նկատի ունեցեք ոչ աշխատանքային օրերը: Kayak ամրագրումների կայքի գլխավոր առևտրային տնօրեն Էննի Ուիլսոնի խոսքով՝ շաբաթ օրը ամենաթանկ օրն է դեպի Եվրոպա ճանապարհորդություն սկսելու համար, այնպես որ եթե ցանկանում եք խնայել, ճամփորդությունը սկսեք շաբաթվա կեսին:
- Post Office Holiday Money Report-ն ուսումնասիրել է՝ որոնք են ծախսատար և մատչելի ուղղությունները: Ուսումնասիրությունը ներառել է Եվրոպայի մեծ մասը: Ըստ կատարված հետազոտության՝ պարզվել է, որ սննդի, խմիչքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների գների հարցում Թուրքիան և Բուլղարիան ընդհանուր առմամբ լավագույն արժեքն են առաջարկում, իսկ պորտուգալական Ալգարվեն երրորդ տեղում է: Airbnb-ն և Expedia-ն թույլ են տալիս հաշվարկել որոշ ծախսեր: Կայքերում առկա ֆիլտրերը կօգնեն ձեզ առաջարկվող բազմազանության մեջ հեշտ կողմնորոշվել ու գտնել ձեր գրպանին հարմար տարբերակներ:
- Ամառային արձակուրդներին հանգստյան փաթեթներն արագ են սպառվում, այնպես որ եթե առաջարկվող փաթեթի պայմանները ձեզ հարմար են, ամրագրեք: Լինում է այնպես, որ որևէ մեկը ամրագրած փաթեթից հրաժարվում է: Գործակալությունն այդ ժամանակ արագ փնտրում է մեկին, որը կզբաղեցնի այն: Այդ դեպքում հնարավոր է նույնիսկ առաջարկված գնից ավելի էժան ձեռք բերել փաթեթը:
- Հյուրանոցների գնացուցակի ու ամրագրման համար կարող եք օգտագործել Google Hotels-ը և Trivago-ն: Ի դեպ, ամրագրման կայքերում գրանցվելու դեպքում երբեմն կարող եք իջեցնել գինը՝ կայքի օգտատեր լինելու առավելությունից օգտվելով: Բայց գների ստուգում մի քանի աղբյուրից անել անպայման պետք է: Գուցե գտնեք նույն հյուրանոցի առավել մատչելի փաթեթ: Իսկ Pruvo-ն խելացի հարթակ է, որը կհետևի ձեզ հետաքրքրող գույքի գնային փոփոխություններին ու ծանուցում կուղարկի, եթե այն ավելի էժանանա: Արձակուրդների համար արժե հետևել Airbnb-ին, Booking.com-ին և HomeToGo-ին, իսկ փաթեթային արձակուրդների համար՝ TravelSupermarket-ին և Icelolly-ին՝ գները համեմատելու համար:
- Which-ի փոխխմբագիր Ջո Ռոդսը նկատել է՝ գները ցանկացած պահի կարող են բարձրանալ: Տուրի հետաձգում, չեղարկում և այլն. ցանկացած խնդրից խուսափելու համար կարևոր է ուշադիր կարդալ՝ ինչ պայմաններ են առաջարկվում փաթեթի շրջանակում՝ ամրագրման չեղարկումից մինչև վճարման կարգ, փոխհատուցում և այլն: