Հաագայի դատարանի որոշումները ենթակա են պարտադիր կատարման. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Նմանատիպ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շեշտել է, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները ենթակա են պարտադիր կատարման՝ հուսալով, որ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու համար կձեռնարկվեն համապատասխան միջոցառումները։
ՄԱԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը տարածել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
Հայտարարության մեջ նշվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, որոնք ընդունվել են փետրվարի 22-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև վարույթի շրջանակում: Գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների վստահությունը Արդարադատության միջազգային դատարանին:
Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները պարտադիր են կատարման համար: Նա հավատում է, որ կողմերը կկատարեն որոշումները՝ այդ թվում այն որոշումը, որը վերաբերում է Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ՝ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար միջոցներ ձեռնարկելուն:
Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանը կշարունակեն աշխատել՝ բարելավելու երկկողմ հարաբերությունները: Նա շեշտել է, որ խրախուսում է կառուցողական երկխոսությունը։
Հիշեցնենք, որ արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը: Դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ:
Նույն օրը հրապարակված որոշմամբ դատարանը մերժեց Ադրբեջանի պահանջն ընդդեմ Հայաստանի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում