«Անդրանիկի հրամանի տակ կռվիլը խաղ էր ու պար»․այսօր Զորավարի ծննդյան օրն է
Նմանատիպ
Դեռ Շապին Գարահիսարում, մի իրիկուն Անդրանիկի հայրը տուն մտավ արյունլվա` թուրքի էր հանդիպել: Անդրանիկը ոչ մեկի մոտ չբողոքեց, ոչ մի տեղ գանգատի համար չգնաց` հենց թուրքի թաղում գտավ այդ սողունին, հուժկու հարվածով գետին տապալեց` թուրքն ընկավ անշնչացած: Ամեն անգամ այդպես էր վարվում` գիտեր անարդարությունը պատժել տեղում, կյանքից քաղած դասն այդ էր` «պետք է սուրով հասկցնել թուրքին»: Անդրանիկ անունը սարսափ էր ազդում, բայց նաև իրեն հարգում էր անգամ թշնամին, որովհետև Անդրանիկն արդար էր:
Շապին Գարահիսարից հեռացավ Պոլիս և անմիջապես ձերբակալվեց` Բաթումի քաղաքում մի թուրք ոստիկանի սատկացնելու համար: Բանտում էլ պահակին գետին փռեց, հեռացավ Կարս:
Աններում ու դաժան էր Անդրանիկը նաև հայ դավաճաններին դատելիս: Նրա առաջ պատասխան էր տալիս ոչ միայն դավաճան հայը, այլև իր ողջ տոհմը: Կյանքն էր սովորեցրել` դավաճանի արյունը պիտի վերացվի, դավաճան ծնած ցեղը պիտի պատասխան տա:
Այսպես պատժեց ոսկուն ու փողին խիղճն ու հոգին ծախած մի դավաճան հայի՝ Գեղաշենի ռես Ավոյին, որը ծխախոտի միջոցով թունավորել էր Աղբյուր Սերոբին և այդ մասին հայտնել Բշարե Խալիլին: Բշարե Խալիլը գլխատում է մահամերձ Սերոբին, որի գլուխը ցցի վրա ցուցադրում էին Մուշի և Բաղեշի (Բիթլիս) փողոցներում՝ հայերին վախեցնելու և ընկճելու նպատակով: Աղբյուր Սերոբի սպանության վրեժը լուծվեց 1900 թ․-ին` Անդրանիկն ու Գևորգ Չաուշը ոչնչացնում են դավաճան Ավոյի ողջ գերդաստանը, սպանում Բշարե Խալիլին նույն ձևով և, ինչպես Աղբյուր Սերոբի դեպքում, Խալիլի գլուխը ցցի վրա անցկացնում` որպես Աղբյուր Սերոբի արդար արյան վրեժ:
Իր մասին լեգենդներ էին հյուսվում, բայց ֆիդայի ընկերներն իրեն հավատում ու սիրում էին նաև այլ բանի համար:
Ֆիդայիների ժողովում ուզում են Սեբաստացի Մուրադին հայդուկապետ ընտրել` Մուրադը հրաժարվեց:
«Անդրանիկն է առաջնորդը, ասաց, համ խելացի, համ քաջ է… ինքը սուր աչք ունի, մենք չունենք: Սար ու ձորով անցնինք` ամեն մեկս իր ճամփան, Անդրանիկը` ամենքիս ճամփան: Մենք անհոգ կերթանք, ան կդիտե, կտեսնի, կպրպտի, կհիշի` ամեն քար ու դար, ամեն ձոր ու ժայռ, ամեն մացառ ու բլրակ: Ինչ որ մի անգամ տեսավ` երբեք չի մոռնա: Թե նույն ճամփով հետ գալ ուզենք, մինակ ինքը կհիշի: Աննման դիրք բռնել գիտի թշնամու դեմ: Մի անգամ որ մեր դիրքերը որոշեց, ապա մենք վստահ ենք, որ դա լավագույնն է: Երբեք չի սխալվում: Ամբողջ օրը կռիվ կանենք, և մեր դիրքերը միշտ լավագույնը կմնան: Անդրանիկի հրամանի տակ կռվիլը խաղ է ու պար»:
Հայդուկապետը Խիստ էր ու արդար: Սասունում կազմել էր ժողովրդական դատարաններ, որտեղ դատերն ու բողոքները հայդուկներն էին լուծում: Անդրանիկի դատարանին դիմում էին անգամ քրդերը` այդպես մի քրդուհի բողոքեց, որ ամուսինն իրեն ծեծում է: Անդրանիկը կանչեց անկիրթ ամուսնուն, բացատրեց, հասկացրեց, տղամարդու պատվի հարց դրեց, վերջում էլ սովորույթի համաձայն և քրդին հասկանալի ձևով սպառնաց` և ահաբեկված քուրդը ծունկ չոքեց Անդրանիկի առաջ, խոստացավ այսուհետ սիրել և հարգել կնոջը:
Խիստ ու պահանջկոտ էր հատկապես պաշտոնյաներին դատելիս: Հայկական մի գյուղում կորած կովն էին փնտրում ու չէին գտնում: Հարցը լուծեց Անդրանիկի դատարանը` Հադուկապետն առաջինը խուզարկել տվեց գյուղապետի տունն ու այնտեղ էլ գտան գողացած կովի կաշին:
Գիտեր նաև ուրախության վերածել ոչ միայն կռիվը, այլև դատը:
Սասնա Գյուղերից մի աղջիկ բողոքով եկավ Անդրանիկի մոտ:
-Ես այդ տղային չեմ առնի, – արտասվում էր աղջիկը, հետն էլ պատմում, որ Չոփուռ Ավոն երկու օր է ետիս է ինկել: Անդրանիկը հրամայում է բերել Ավոյին, որ անճոռնի տեսք ուներ: Գացեք մի հայելի բերեք` հրամայում է Անդրանիկը: Չոփուռ Ավոն կյանքում հայելի տեսած չկար, առաջին անգամ իրեն նայում է… և խոստանում այևս երբեք այդ աղջկա հետևից չընկնել:
Երբեմն էլ Անդրանիկի դատերն ավարտվում էին քեֆ-ուրախությամբ:
Սասնա գյուղերից մի հայ տղա աղջիկ է փախցնում: Գյուղերի միջև կռիվ, հրացանաձգություն է սկսվում: Կռվի վայր է շտապում Անդրանիկը, պարզում է, որ աղջիկն արդեն փախցնողի գյուղում է` և արձակում է իր վճիռը`
-Հախ է, աղջիկը պատկանում է փախցնողին:
Եվ արդար Հայդուկապետի միջամտության շնորհիվ երկու գյուղերի միջև կռիվը դադարում է, հարսանիքի սեղան են բացում և սկսում ուրախ կերուխումը: Հարսն իր պարն է պարում և շնորհակալություն հայտնում Անդրանիկին` իր երջանկության դատապաշտպանին:
Հիմա ամենակարևորի մասին` իմ հոգևոր եղբայր Մաքսիմ Ոսկանյանն իր սքանչելի գրքում վկայություններ է բերում այսօր Անդրանիկի հոգու կենդանության մասին: Մաքրենք մեր աչքերն ու հոգին` Անդրանիկին լսելու համար, Անդրանիկին տեսնելու համար: Մայր Եկեղեցու Հյուսն Անդրանիկին: Որբերի պաշտպան Անդրանիկին: Աստծո Վրեժխնդիր Անդրանիկին…
Աբգար ԱՓԻՆՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում