Ռումինիայում և Չեխիայում նշվել է Հանրապետության տոնը

Մայիսի 26-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայի քաղաքային գրադարանի դահլիճում կազմակերպվել էր մայիսյան հաղթանակներին և Հանրապետության տոնին նվիրված ձեռնարկ:

Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ մամլո ծառայությունից, ողջույնի խոսքով հանդես եկավ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը: Հայ դիվանագետն իր ելույթում անդրադարձավ 1918թ. մայիսին տեղի ունեցած Սարդարապատի և Ապարանի հաղթական ճակատամարտերին, Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծմանը և դրանց նշանակությանը: Նա կարևորեց նաև հայ ժողովրդի հերոսական մասնակցությունը երկրորդ աշխարհամարտին:

Դեսպան Սեյրանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց հայ զինվորի մերօրյա սխրանքին՝ մեր հոգևոր և մշակութային կենտրոն, հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշիի ազատագրմանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորմանը:

Այնուհետև վերջերս Լուսանկարչական արվեստի միջազգային ֆեդերացիայի (FIAP) կողմից Լուսանկարչական արվեստի վարպետի կոչում ստացած «ՖոտոԱրթ» ամսագրի գլխավոր խմբագիր Գարիկ Ավանեսյանը ցուցադրեց ԼՂ-ում եռատոնի ժամանակ նկարահանած լուսանկարները և հատվածներ բուլղարացի լրագրող Ցվետանա Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» ֆիլմից։

Միջոցառման ավարտին ելույթներով հանդես եկան Պրահայի շաբաթօրյա դպրոցի սաները:

Ձեռնարկը կազմակերպվել էր Չեխիայում ՀՀ դեսպանության, «Օրեր» և «ՖոտոԱրթ» ամսագրերի ու շաբաթօրյա դպրոցի համագործակցությամբ:

Տոնական միջոցառումներ կազմակերպվել են նաև Ռումինիայում՝ Հայաստանի դեսպանության եւ Ռումինիայի Հայոց միության ջանքերով: Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում Սարդարապատի հերոսամարտի ոգեկոչումից հետո Հայոց միության մշակութային կենտրոնում բացվեց ցուցադրություն: Հայոց պետականության վերականգնման, այդ իրադարձությունների հետ ռումինահայոց առնչությունների, 1991թ. դեկտեմբերի 11-ին Ռումինիայի կողմից Հայաստանի անկախության ճանաչման մասին ելույթներով հանդես եկան դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ Եպս. Հակոբյանը եւ Ռումինիայի Հայոց միության նախագահ սենատոր Վարուժան Ոսկանյանը: Օրվա հիմնական բանախոս, ճանաչված գրող եւ լրագրող Վարդան Առաքելյանը արխիվային հետազոտությունների հիման վրա մանրամասներ ներկայացրեց 1920թ. Ռումինիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ Հայաստանի Գլխավոր/ Պատվավոր հյուպատոսության գործունեության վերաբերյալ:

Սենատոր Վարուժան Ոսկանյանը հայտարարեց, որ ինքը, Ռումինիայի Հայոց միության փոխնախագահ, Խորհրդարանի անդամ Վարուժան Փամբուկչյանը եւ ՌՀՄ շրջանային ղեկավարներ դիմում են ներկայացրել Հայաստանի քաղաքացիություն ձեռքբերելու համար:

Այնուհետեւ Հանրապետության տոնին նվիրված ժողովրդային հանդես տեղի ունեցավ Բուխարեստի Հանուլ Մանուկ համալիրում: Նշանավոր այդ իջեւանատունը 1809թ. կառուցել է ժամանակին Բալկաններում մեծահարուստ եւ ազդեցիկ մարդկանցից մեկը` Մանուկբեյ Միրզայանը:

«Եթե մենք լավ ճանաչենք մեր պատմությունը եւ մեր արժեքները, ապա հպարտանալու իրավունք կունենանք` համոզվելով, թե ինչ տոկուն եւ օժտված ժողովուրդ ենք, ինչ վիթխարի ներդրում ենք ունեցել համաշխարհային քաղաքակրթության մեջ` Կովկասից մինչեւ Կապադովկիա, Պոնտոսից մինչեւ Միջերկրական, Միջագետքից մինչեւ Բալկաններ:  Այս գիտակցումը կամրապնդի եւ կհարստացնի մեր հայկական ինքնությունը` մեր անձին տալով հավելյալ մի արժեք, որնայսօրվա մրցակցության պայմաններում հանրային թե անձնական հաջողության երաշխիք է: Պատմությունն այնպես է արել, որ մեր ժողովրդի առջեւ դրել է շատ մեծ խնդիրներ, այնպիսիք, որոնց հաղթահարումը յուրաքանչյուրիս կյանքը դարձնում է յուրատեսակ առաքելություն: Իմ կարծիքով, դա եւ պարտականություն է, եւ բախտ. դրանով մեր հայկական կյանքի իմաստը խորանում է, մեզ գործելու լրացուցիչ լիցք հաղորդում»,- ռումինահայերին ուղղված իր խոսքում ասաց դեսպան Համլետ Գասպարյանը:

Ռումինիան, ի շարս Սեւրի հաշտության պայմանագիրն ստորագրած այլ երկրների, Հայաստանի անկախությունը ճանաչել է այդ ակտով, 1920թ. օգոստոսի 10-ին, ինչի մասին վկայում է 1920թ. հոկտեմբերի 29-ին Ռումինիայի ԱԳՆ կողմից կազմված մի տեղեկանք: Սակայն մինչ Սեւրի պայմանագրի ստորագրումը, 1920թ. հունիսի 11-ին Հայաստանի վարչապետ, արտաքին գործերի նախարար Հ. Օհանջանյանը նամակով դիմել է դաշնակից երկրներին, այդ թվում նաեւ Ռումինիային, նախկին վարչապետ Ալեքսանդր Խատիսյանին հավատարմագրելու որպես Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ: Վերջինս իր հավատարմագրերը Ռումինիայի արտաքին գործերի նախարարին է ներկայացրել 1920թ. սեպտեմբերի 21-ին:

Բուխարեստում բացվել է Հայաստանի Պատվավոր հյուպատոսություն, որը գործել է նույնիսկ Հայաստանի խորհրդայնացումից հետո, որպես Հայաստանի աքսորյալ կառավարության ներկայացուցչություն: Օրինակ, 1925թ. սեպտեմբերի 5-ին Ռումինիայի արտաքին գործերի նախարարին ուղղված մի գրությամբ Փարիզում Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար  Ալեքսանդր Խատիսյանը տեղեկացնում է Բուխարեստում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Հարություն Խընդիրյանի լիազորությունները դադարեցնելու եւ դրանք ժամանակավորապես Ռումինիայի Հայոց միության նախագահ Արմենակ Մանիսալյանին փոխանցելու մասին եւ խնդրում հավատարմագրել վերջինիս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում