Տարածաշրջանն անցած շաբաթ
Նմանատիպ
Times.am-ը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում և նրա շուրջը տեղի ունեցող իրադարձություններին՝ ծանոթացնելով իր ընթերցողին ամենակարևոր զարգացումներին։
Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունն ու իրավիճակը Արցախում
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը փետրվարի 23-ին ազատվել է պաշտոնից։ Այդ մասին հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կառավարության նիստում։ Միաժամանակ, նա հայտնել է, որ պետնախարար կնշանակվի Արցախի դատախազ Գուրգեն Ներսիսյանը։
«Գիտակցելով Արցախի ու մեր ժողովրդի հանդեպ պատասխանատվությունը և Արցախը զարգացնելու և առաջիկա մարտահրավերներին դիմագրավելուն պատրաստ լինելն ապահովելու փոխարեն մեր բոլորիս և պետության, առանց փակագծեր բացելու, բոլոր առումներով դիմադրողականությունը չսպառելու համար՝ որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատելու պետական նախարարի պաշտոնից»,– ասել է Արցախի նախագահը։
Ռուբեն Վարդանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Արցախի նախագահին՝ նշելով, որ ինքը սովորական զինվոր է և պատրաստ է կատարել Արցախի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանները։ «Ինչու՞ ես հրաժարական չտվեցի: Ուզում եմ, որ պարզ լինի, ես համարել եմ, որ զինվոր եմ, չեմ կարող հրաժարական տալ, եթե պետք է՝ գլխավոր գերագույն հրամանատարը պետք է ինձ ազատի գործից», – կառավարության նիստում ասել է Ռուբեն Վարդանյանը՝ հավելելով, որ պաշտոնանկությունից հետո էլ չի պատրաստվում հեռանալ Արցախից և շարունակելու է ապրել ու գործել այնտեղ։
Նշենք, որ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարարի պաշտոնից ազատումը քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում։ Քաղաքացիները մեղադրում են Արայիկ Հարությունյանին Ալիևի պահանջները կատարելու մեջ։
Հատկանշական է, որ Արցախում որոշել են ազատել Ռուբեն Վարդանյանին ճիշտ այն բանից հետո, երբ Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ բարձրաձայնել է իր այդ պահանջը՝ նշելով, որ պատրաստ են երկխոսել Արցախի միայն այն ներկայացուցիչների հետ, ովքեր ծնվել և ապրել են Արցախում։ Ալիևի այդ խոսքերից հետո հայկական երկրորդ պետություն մեկնեց Սամվել Բաբայանը, որի ակտիվ ջանքերով Արցախում ներքաղաքական վերադասավորումներ սկսվեցին։ Վերջինս նաև հանդես եկավ Ադրբեջանի հետ երկխոսելու դիրքերից։
Երկրորդ կարևոր իրադարձությունը, որը նախորդել էր Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը, Հաագայի դատարանի՝ Լաչինի միջանցքին վերաբերող որոշումն էր։ Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին հրապարակել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր միջոցները՝ մարդկանց ու բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով ապահովելու համար։ Արցախում և Հայաստանում շատերը վստահ են, որ նման մակարդակի որոշումից հետո Ադրբեջանին այլևս դժվար էր լինելու փակ պահել Արցախի ճանապարհը, դրա համար Ալիևը շտապեցրել է հայկական կողմին կատարել իր պահանջները և արդեն որպես իր առջև դրված խպնդիրները լուծած քաղաքական գործիչ պատրաստվում է բացել Լաչինի միջանցքը։
Վարդանյանին պաշտոնանկությանը նախորդած հաջորդ լուրը ոչ պաշտոնական է և վերաբերվում է Արայիկ Հարությունյանի ու Ռուբեն Վարդանյանի՝ մի քանի օր առաջ Մոսկվա կայացած այցին։ Նշվում է, որ հենց Մոսկվայում է կայացվել Արցախի ներքին վերադասավորումների մասին վերջնական որոշումը։
Ռուբեն Վարդանյանին հեռացնելու մասին Արայիկ Հարությունյանի որոշման հաջորդ օրը՝ փետրվարի 24-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում։ Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը համաձայնվել է կատարել նաև Ադրբեջանի մնացած պայմանները և թույլ տալ, որպեսզի վերջիններս հանձնաժողով ուղարկեն Կաշենի հանքավայր, ինչպես նաև ռենտգեն սարքեր տեղադրեն Լաչինի միջանցքում։ Նշվում է, որ ըստ այդ պայմանավորվածությունների, փետրվարի 28-ին Արցախի ճանապարհը կնացվի։
ԱՄՆ-ն բացահայտել է ԵՄ միջնորդությամբ կազմակերպվող Փաշինյան-Ալիև մոտալուտ հանդիպումը
Հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը կողմերի փոխգործակցության արդյունքն էր՝ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափերով, ինչպես նաև ԵՄ դիվանագիտության աշխատանքի։ Այս մասին փետրվարի 22-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայս՝ մեկնաբանելով Մյունխենում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը, որը կազմակերպվել էր Բլինքենի միջնորդությամբ։
«Հենց դա (առաջընթացը – խմբ.) մենք հույս ունենք տեսնել Բրյուսելում առաջիկա օրերին, երբ կողմերը կհանդիպեն Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի կողմից կազմակերպված բանակցությունների շրջանակում։
Մենք հույս ունենք տեսնել այդ առաջընթացի շարունակությունը: Մեր լավատեսությունը չափազանցված չէ. Բայց մենք շարունակում ենք աջակցել այս երկխոսությանը, այս դիվանագիտությանը` ամեն կերպ համապարփակ լուծման հասնելու համար»,- պատասպխանել է Փրայսը:
Հետերկրաշարժյան Թուրքիայի արտաքին քաղաքականությունը
Անցած շաբաթվա սկզբին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այցելել է Թուրքիա։ Չնայած այն հանգամանքին, որ այցը տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժի ֆոնին և ընդհանուր առմամբ անցնում էր փոխադարձ աջակցության, համագործակցության խորացման և փոխըմբռնման տրամադրություններ փոխանցող հայտարարություններով, այնուամենայնիվ ակնհայտ էր, որ քաղաքական կարևոր հարցերում Թուրքիայի և ԱՄՆ միջև տարաձայնությունները շարունակում են անհաղթահարելի մնալ։
Այսպես, ելույթ ունենալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսում, չի կարողացել նշել Թուրքիային F-16 կործանիչների մատակարարման վերաբերյալ Կոնգրեսին ծանուցելու ժամկետները՝ Կոնգրեսի կողմից վաճառքի հաստատման բացակայության պատճառով։
«Ինչ վերաբերում է F-16-ին, ես չեմ կարող ձեզ պաշտոնական ծանուցման պայմանները տրամադրել: Կարող եմ ասել, որ ակտիվ ներգրավված եմ Կոնգրեսի հետ F-16 փաթեթին վարչակազմի ուժեղ աջակցության վերաբերյալ զրույցներում»,-ասել է նա:
Իր հերթին Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ «Թուրքիան չի միանում պատժամիջոցներին։ Մենք հետեւում ենք ՄԱԿ-ի ընդունած որոշումներին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ Անկարան թույլ չի տա Թուրքիայի միջոցով շրջանցել պատժամիջոցները։
Միջազգային փորձագետները նշում են, որ չնայած երկրաշարժի ավերիչ հետևանքներին, Թուրքիան չի պատրաստվում մեղմել իր դիրքորոշումները նաև հարևան տարածաշրջաններում։ Մասնավորապես ուշադրություն է հրավիրվում Սիրիայում, ինչպես նաև Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցերում պաշտոնական Անկարայի անզիջում մոտեցումներին։
Ավելին, Թուրքիան շարունակում է ամեն ինչ անել՝ ցույց տալու համար, որ չի պատրաստվում նվազեցնել իր մասնակցությունը նաև միջազգային տարբեր գործընթացներում։ Այսպես, փետրվարի 25-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել վերջինիս և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Երկու երկրների նախագահները քննարկել են իրավիճակն Ուկրաինայում ու Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքները։ Ավելի ուշ Էրդողանը զրուցել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Եվրոպան նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ
Եվրամիությունն անցած շաբաթ նոր պատժամիջոցներ է սահմանել իրանական երկու կազմակերպության և 32 իրանցու դեմ, որոնց թվում են նաև մշակույթի և կրթության նախարարները, հետախուզության մի շարք պաշտոնյաներ և օրենսդիրներ:
Պատժամիջոցները կիրառվել են Իրանում ցուցարարների դեմ իրականացված ճնշումներին մասնակցելու պատճառով: Խոսքն Իրանում բռնության հետևանքով երիտասարդ աղջկա մահից հետո բռնկված բողոքի ցույցերի ճնշման մասին է։ Այդ ժամանակ արևմտյան երկրները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների գլխավորությամբ, սկսեցին խստացնել պատժամիջոցներն Իրանի դատական համակարգի և իշխանությունների դեմ՝ փորձելով շարունակել և ավելի բորբոքել բողոքի ցույցերը։
«Պատժամիջոցների շրջանակում սառեցվել է 32 պաշտոնյայի ակտիվներ, սահմանվել են ճանապարհորդության արգելքներ, ինչպես նաև սառեցվել է երկու կազմակերպության ակտիվներ՝ ցուցարարների դեմ իրականացված ճնշումներին մասնակցելու պատճառով»,- հայտարարել է Եվրամիությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում