Մբապեն դուբլի հեղինակ է դարձել «Մարսել»-ի հետ խաղում
Նմանատիպ
Նախօրեին ՊՍԺ-ն բացարձակ՝ 3:0 հաշվով հաղթանակ տարավ «Մարսել»-ի նկատմամբ: Դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն և դարձավ փարիզեցիների պատմության լավագույն ռմբարկուն՝ կիսելով տեղը Էդինսոս Կավանիի հետ: Գոլի հեղինակ դարձավ նաև Լեո Մեսսին:
Խաղից հետո ՊՍԺ-ի նախագահը հայտարարեց, որ Քրիստոֆ Գալտիեն վստահում է և հավատում նրա մարզչական տաղանդին:
«Այս խաղում մենք ցույց տվեցինք՝ ինչի ենք ընդունակ: Որակային առումով սա խաղ էր ոչ թե 3, այլ 6-միավորանոց: Իմ ֆուտբոլիստները փայլուն խաղ ցույց տվեցին: Սա ուղղակի հրաշալի է: Ես անվերապահ վստահում եմ իմ ֆուտբոլիստներին ու մարզչին: Աշխարհի առաջնությունից հետո դժվար փուլ ենք հաղթահարել. մեր խաղացողներից շատերն էին մասնակցում դրան և վերադարձել էին վնասվածքներով: Այս խաղն իսկապես մեծ վստահություն կտա թիմին», – հանդիպումից հետո ասել է ՊՍԺ նախագահ Նասեր Ալ-Հելայֆին:
Իսկ «Մարսել»-ի գլխավոր մարզչի համար հանդիպման հերոսը Կիլիան Մբապեն է:
«Նա ֆուտբոլիստ է այլ մոլորակից: Առհասարակ ես այսպիսի ՊՍԺ չէի տեսել: Ֆուտբոլիստները կենտրոնացած էին, շատ ակտիվ, անընդհատ շարժման մեջ էին: Դժվար է խաղալ, երբ մրցակիցդ այդպիսի լավ մարզավիճակում է: Ֆուտբոլասերներին կարող է թվալ, թե մենք դանդաղում էինք, բայց ես կասեմ՝ այդպես չէ, պարզապես մրցակիցներն իսկապես ավելի բարձր կարգի խաղ էին վարում», – կարծում է «Մարսել»-ի գլխավոր մարզիչ Իգոր Թյուդորը:
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն գործընկերոջ հետ համաձայն է. փարիզեցիներն իսկապես լավ էին խաղում, իսկ Մբապեն պարզապես բարձունքում էր: Այս խաղում ձևակերպած դուբլով Մբապեն դարձավ 200 գոլի հեղինակ՝ ակումբի կազմում:
«Կիլիանը վստահաբար կգերազանցի Էդինսոնի ռեկորդը: Վստահաբար նա լավագույն ռմբարկուն է աշխարհում. Մբապեն շատ արագաշարժ է, մրցունակ: Նա կարողանում է կարևոր ու սկզբունքային խաղերի ժամանակ իրեն լավ դրսևորել»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում