Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս ունի, որ 2023 թվականը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար:
Այսպիսի հայտարարություն է արել Իլհամ Ալիևը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ և շնորհակալություն հայտնել Ռուսաստանի կառավարությանն ու անձամբ ՌԴ ԱԳՆ ղեկավարին՝ այս գործընթացում ակտիվ մասնակցության համար։
«Կարծում եմ, որ Ռուսաստանը՝ որպես մեր բարեկամ, դաշնակից և հարևան երկիր, առանձնահատուկ դեր ունի Ադրբեջանի և Հայաստանի միջպետական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու գործում»,- ընդգծել է նա։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ 2022-ին կարևոր ջանքեր են գործադրվել Բաքվի և Երևանի փոխհարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
«Ընդունվել են փաստաթղթեր, որոնք սահմանում են ապագա խաղաղության պայմանագրի հայեցակարգը, այն է՝ երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը, ինչը հաստատվել է անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայում և Սոչիում ընդունված փաստաթղթերով»,- հավելել է Ալիևը։
Իսկ ռուս-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում Ալիևն ընդգծել է, որ դրական դինամիկա են արձանագրել միջպետական հարաբերություններում, համագործակցության և բարեկամության ներուժն էլ շատ մեծ է: Ալիևը նաև ասել է, որ վերականգնվում է երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ ուղևորությունների նախակովիդյան դինամիկան։ Նրա խոսքով՝ ադրբեջանական և ռուսական փոխադրողները շաբաթական 135 չվերթ են իրականացնում։
«Սա, կարծում եմ, ռեկորդային ձեռքբերում է, ինչը ցույց է տալիս, որ մեր երկրների քաղաքացիները մեծ հաճույքով այցելում են միմյանց»,- նշել է Ադրբեջանի նախագահը:
Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով Ադրբեջանում է: