Հաշմանդամության 3-րդ կարգ ունեցող զինծառայողները կստանան դրամական հատուցում
Նմանատիպ
ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 2-րդից հաշմանդամության 3-րդ կարգ ստացած զինծառայողներին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից որոշակի դրամային աջակցություն ստանալու հնարավորություն շնորհել:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:
Գործող օրենքի համաձայն՝ հիմնադրամի շահառու կարող է լինել զինծառայողը, ով մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով ստացել է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն: Եթե զինծառայողը վերափորձաքննության արդյունքում ճանաչվում է 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, ապա, ըստ գործող կարգավորումների, ամսական հավասար վճարումները դադարեցվում են: Այս իրավիճակում է հայտնվել 114 շահառու։
«Վերափորձաքննության արդյունքում 3-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելուց հետո պետությունից վճարվող կենսաթոշակն ու պարգևավճարը միասին կազմում են սպայի դեպքում՝ 74 հազար դրամ, հիմնադրամից նրանք ստանում են 200 հազար դրամ, իսկ պայմանագրային և զորահավաքային զինծառայողի, կամավորի դեպքում՝ 66 հազար դրամ, հիմնադրամից ստանում էին 150 հազար դրամ հատուցում, իսկ պարտադիր ժամկետայինի դեպքում՝ 66 հազար՝ 100 հազար դրամի փոխարեն»,-ներկայացրել է Խաչատրյանը:
Դրամական աջակցության չափն առաջարկվում է սպայական կազմի զինծառայողներին 75 հազար դրամ, պայմանագրային և զորահավաքային կազմի զինծառայողներին և կամավորներին՝ 50 հազար դրամ, պարտադիր ժամկետային կազմի զինծառայողներին՝ 25 հազար դրամ: Այս չափերը սահմանվել են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ անձինք ստանալու են նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակ և համապատասխան պարգևավճար:
Սպայական կազմի զինծառայողները պետությունից ստանում են 36 հազար դրամ պարգևավճար, իսկ զինվորական միջին կենսաթոշակը կազմում է 38 հազար դրամ, արդյունքում հիմնադրամի առաջարկվող հատուցման հետ միասին նրանք կստանան շուրջ 150 հազար դրամ՝ 2-րդ խմբի հատուցման 200 հազար դրամի դիմաց:
Պայմանագրային, ենթասպայական և շարքային կազմերի կամավորագրվածները պետությունից ստանում են 36 հազար դրամ պարգևավճար և միջինում 30 հազար դրամ զինվորական կենսաթոշակ, հատուցման առաջարկվող 50 հազար դրամ կենսաթոշակի հետ միասին կստանան 116 հազար՝ 150 հազար դրամի փոխարեն: Իսկ պարտադիր ժամկետային զինծառայողները ստանում են 30 հազար կենսաթոշակ, 36 հազար դրամ պարգևավճար, առաջարկվող 25 հազար լրացուցիչ հատուցման հետ միասին կստանան 91 հազար՝ 100 հազար դրամի փոխարեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում