Մեծ Բրիտանիայում պետական ծառայողներին չեն արգելի օգտվել TikTok-ից
Նմանատիպ
Պաշտոնական Լոնդոնն անհրաժեշտ չի համարում պետական ծառայողների համար TikTok հավելվածից օգտվելու արգելք սահմանել, ինչպես դա արեցին ԱՄՆ-ում և ԵՄ-ում։ Այս մասին հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի գիտության, նորարարության և տեխնոլոգիաների հարցերով պետքարտուղար Միշել Դոնելանը։
«Ես կարծում եմ, որ դա անձնական ընտրություն է: Մենք չունենք որևէ հիմնավորում՝ ինչու մարդկանց պետք է արգելվի օգտվել TikTok-ից: Արգելքը կտրուկ քայլ կլինի, որի իրականացման համար անհրաժեշտ է զգալի ապացույցների բազա»,- ասել է պաշտոնյան։
Ըստ նախարարի՝ առաջնային է Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությունը, սակայն ոչ մի ապացույց չկա, որ սոցցանցը խախտել է այն։
Միևնույն ժամանակ սոցցանցն արգելվել է Դանիայի պետական ապարատում: Որոշումը կապված է կիբեռանվտանգության հետ:
«Ֆոլկետինգը հիմնվում է անվտանգության գնահատականների վրա: Այժմ, երբ, ըստ Կիբեռանվտանգության կենտրոնի, TikTok-ի օգտագործումը լրտեսության վտանգ է պարունակում, մենք արդարացի ենք համարում այս որոշումը», – կարծում է Դանիայի խորհրդարանի խոսնակ Սյորեն Գադեն:
Դանիայի Կիբեռանվտանգության կենտրոնը վերջերս թողարկեց բջջային անվտանգության ուղեցույց, որում խորհուրդ է տրվում չտեղադրել TikTok-ը պետական պաշտոնական սարքերում:
Նույն օրն էլ Եվրահանձնաժողովը և ԵՄ խորհուրդը հայտարարեցին իրենց աշխատակիցների համար աշխատանքային հեռախոսներում և սարքերում այս հավելվածի օգտագործման արգելքի մասին: Սպիտակ տունն էլ 30 օր ժամանակ է տվել ԱՄՆ պետական մարմիններին՝ ստուգելու՝ TikTok-ը տեղադրված չէ պետական աշխատանքային սարքերի և համակարգերի վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում