Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն քննարկել է ձմեռային խաղերի անցկացման հնարավորությունը

Մայիսի 26-ին Վիեննայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հասարակական կազմակերպության գործադիր կոմիտեի հերթական նիստը, որը վարում էին կազմակերպության փոխնախագահ Ալբերտ Բոյաջյանը և քարտուղար Բագրատ Բուռնազյանը, հաղորդում են ԱԳՆ մամլո ծառայությունից:

Մասնակիցների թվում էին աշխարհի ավելի քան 20 քաղաքներ ներկայացնող Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի անդամներ Բուենոս-Այրեսից, Լոս-Անջելեսից, Մոնրեալից, եվրոպական մի շարք քաղաքներից՝ Մայնի Ֆրանկֆուրտ, Մանչեստեր, Վիեննա, Բուխարեստ, Սոֆիա, Մաղրեբի և Մերձավոր Արևելքի երկրներից՝ Կահիրե, Ալեքսանդրիա, Թեհրան, Հալեպ, Բեյրութ, Ստամբուլ, Նիկոսիա և այլն:

Նիստին ներկա էր և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում Համահայկական խաղերի կարևորության մասին մասնակիցներին ուղղված խոսքով հանդես եկավ Ավստրիայում և Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը:

Նիստի մասնակիցները քննարկեցին մի շարք օրակարգային թեմաներ, մասնավորապես` Համահայկական ձմեռային խաղերի անցկացման հնարավորությունը, ամառային խաղերի շրջանակներում նոր մարզաձևերի ընդգրկման, խաղերի աշխարհագրության ընդլայնման, Երևանում խաղերի գրասենյակի ստեղծման, բովանդակային ու կազմակերպչական այլ հարցեր: 

Նույն օրը միջոցառման մասնակիցներն այցելեցին Վիեննայում տեղակայված Մխիթարյան միաբանության վանական համալիր, ծանոթացան միաբանության թանգարանում պահվող գանձերին: Մխիթարյան միաբանության հանդիսությունների սրահում կազմակերպված պաշտոնական ընթրիքի ընթացքում կազմակերպության աշխատանքների արդյունավետության հետագա բարձրացման, հայությանը համախմբող նրա դերակատարության վերաբերյալ ելույթներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը, Միաբանության Վիեննայի մասնաճյուղի հոգևոր առաջնորդ Հայր Պողոս Գոճանյանը, Ավստրիայում Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե հասարակական կազմակերպության գործադիր կոմիտեի փոխնախագահներ Ստեփան Դերբեդրոսյանը, Ալբերտ Բոյաջյանը և ուրիշներ:

Մայիսի 27-ին կազմակերպության անդամները մասնակցեցին Վիեննայում տեղակայված Հայաստանեայց Առաքելական Սուրբ Հռիփսիմե եկեղեցում տեղի ունեցած Սուրբ Պատարագի արարողությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում