Սարյանի հայտնի «Եղիշե Չարենցի դիմանկարը» 100 տարեկան է

Սարյանի հայտնի «Եղիշե Չարենցի դիմանկարը» 100 տարեկան է

«Ա՛յ, ես մտածում եմ Չարենցի մասին ու զարմանում, որ այդ հրաշքը մեզ հետ միասին ապրում էր նույն քաղաքում…»

Եղիշե Չարենցի ու Մարտիրոս Սարյանի մտերմության մասին երկար կարելի է գրել՝ մեկը մյուսից տաղանդավոր, մեկը մյուսի տաղանդով հիացած:

Մարտիրոս Սարյան և Եղիշե Չարենց․ արխիվային լուսանկար

Չարենցի պատկերը բազմիցս է կախվել Սարյանի վրձնի ծայրից: Թե ինչպիսի վարպետությամբ էին Սարյանի արագ ու անկանոն վրձնահարվածները վերածվում շքեղ պատկերների, հավանաբար հիմա ավելի լավ կհասկանանք, երբ մինչ օրս նայում ու հիանում ենք նրա կտավներով, հպարտանում, որ նրա հետ նույն ազգից ենք, որ երբեմն գինի ենք խմում նրա տան հարևանությամբ…բայց բոլորս չէ, որ եղել ենք նրա տանը:

Սարյան 3 հասցեում է Սարյանի տունն, ուր նա ապրել ու ստեղծագործել է 1932-ից մինչ կյանքի վերջ: Տան հատակագծի հեղինակը Ալեքսանդր Թամանյանն է: Տանը կից պատկերասրահն է՝ կառուցված Մարկ Գրիգորյանի նախագծով: Շինության ճակատամասի վերին հատվածի խճանկարը Սարյանի էսքիզով կատարել է հայտնի նկարիչ Գառնիկ Սմբատյանը։

Մարտիրոս Սարյանի կյանքի վերջին կտավը՝ «Հեքիաթ», 1971թ․ յուղաներկ, կտավ

Այստեղ ցուցադրված են մեծանուն նկարչի առավել քան 300 կտավներ, որոնց թվում է նաև վերջին ստեղծագործությունը՝ «Հեքիաթ» գեղանկարը: Սարյանի կտավներում նկատելի են եգիպտական տարրերը: 1911 թվականին Սարյանը մեկնում է Եգիպտոս, այցելում քաղաքներ ու գյուղեր, ուսումնասիրում Եգիպտոսի կյանքը, թանգարանները, պատմությունը, բուրգերը, արքայական դամբարանները: Ճամփորդության տպավորություններով նա կիսվել է կտավներում: Նրա եգիպտական նկարաշարն արդեն 102 տարեկան է:

Ի դեպ, Սարյանն իր հետ Եգիպտոսից եգիպտական հուշանվերներ,  ուշեբտիներ էր բերել, որոնք հետո նվիրաբերել է ազգային պատկերասրահին: Եգիպտական դիմակը, սակայն, նկարչի ամենասիրելին էր:  Այն բազմիցս հայտնվել է նրա կտավներում, և դա պատահական չէ:

Մարտիրոս Սարյան․ «Եգիպտական դիմակներ»․ 1911, Տեմպերա, կտավ․ Հայաստանի ազգային պատկերասրահ

Դիմակը կարող ենք հանդիպել «Եղիշե Չարենցի դիմանկարը», «Ինքնադիմանկար եգիպտական դիմակով», թոռնուհու` Կատարինեի դիմանկարում, «Իմ ընտանիքը», «Եգիպտական դիմակներ» կտավներում և ոչ միայն:

Վերադառնանք Չարենցի դիմանկարին

Մարտիրոս Սարյան․ «Եղիշե Չարենցի դիմանկարը», 1923թ․ կտավ, յուղաներկ

«Նկարի համար ֆոն ծառայող կապույտ թաշկինակի վրա ես կախեցի իմ սիրած եգիպտական դիմակը: Դժվարանում եմ ասել, թե ինչո՞ւ Չարենցի հետ կողքկողքի նկարեցի դարերի խորքից եկող այդ դիմակը: Հաճախ արվեստագետը, ներքին խոյանքի ենթարկվելով, ստեղծագործության մեջ ներդնում է մինչև վերջ չգիտակցված և չմտածված մի բովանդակություն, որը բացահայտվում է տարիներ հետո միայն: Կարևորն այն է, որ եգիպտական դիմակը Չարենցին էլ դուր եկավ: Ըստ երևույթին, հին եգիպտական արվեստի այդ բարձրագույն նվաճման մեջ, ինչպես կիզակետում համընկան մեր գեղարվեստական ճաշակները:Դիմակի աչքերը, որոնց մեջ հավերժի պաղությունն էր արտացոլվում, հակադրվելով Չարենցի կենդանի, իմաստուն աչքերի հետ՝ շեշտում էին դրանց անհուն խորությունը»․ Մ․Սարյան։ 

Ստալինյան բռնապետության տարիները, սակայն, կրակի մատնեցին Սարյանի վրձնին պատկանող մի շարք կտավներ: Խորհրդային Միությունում բազմաթիվ մտավորականների հռչակեցին «ժողովրդի թշնամի»: Ազգային պատկերասրահից հանեցին ու հենց բակում այրեցին Սարյանի մի քանի կտավ, որոնց թվում էր մեծանուն գեղանկարչի «Եղիշե Չարենցի դիմանկարը»: Բախտի բերմամբ այն ոչ թե Ազգային պատկերասրահում էր, այլ Գրականության և արվեստի թանգարանում, որի աշխատակիցներ Նշան Մուրադյանին և Պարգևուհի Սիմոնյանին հաջողվել է թաքցնել այն: 20 տարի անց պարզվում է՝ կտավը փրկվել է: Հեղինակը որոշում է այն նվիրել Նշան Մուրադյանին, սակայն գրականագետը հրաժարվում է վերցնել արժեքավոր նվերը:

Եգիպտական դիմակն ու մետաքսե կապույտ  գլխաշորը, որի ֆոնին էլ նկարիչը նկարել է բանաստեղծին, պահվում են Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում (հասցե՝ Սարյան 3), իսկ հայտնի դիմանկարի բնօրինակը ցուցադրված է Եղիշե Չարենցի անվան  գրականության և արվեստի թանգարանում (հասցե՝ Արամի 1):

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում