Կարա-Մուրզա. Բավարար չգնահատված, բայց բավարարի սահմանը հատող հանճարը

Կարա-Մուրզա. Բավարար չգնահատված, բայց բավարարի սահմանը հատող հանճարը

Վրացական բազմաձայն երգեցողությունը մենք ունկնդրում ենք գերագույն հաճույքով ու հիացմունքով: Իսկապես այն հրաշալի է: Բայց հավանաբար քչերը գիտեն, որ բազմաձայն երգեցողությունը հայկական երաժշտության պատմության մեջ առաջինը հաստատել է հայ մեծանուն կոմպոզիտոր, խմբավար, երաժիշտ Քրիստափոր Կարա-Մուրզան: Ի դեպ, հենց նա էլ 29 տարեկանում Թիֆլիսում հիմնել է քառաձայն երգչախումբը, իսկ դրանից երեք տարի անց հավաքել արական 15-հոգանոց երգչախումբ, որով էլ ներկայացրել է հայկական բազմաձայն երգի առաջին համերգը:

Նրա կենցաղային ու ստեղծագործական աշխարհագրությունը շատ մեծ է՝ Ղրիմից մինչև Թիֆլիս, Կոստանդնուպոլիս,  Բաքու, Էջմիածին ու Շուշի: Նա տեղից տեղ էր գնում, հավաքում հայկական ժողովրդական, գուսանական երգեր, մշակում դրանք ու վերադարձնում ժողովրդին՝ արժեքը սերունդներին փոխանցելու, սովորեցնելու պայմանով, որ հայ երգը երբեք չմեռնի:

Ի դեպ, չմեռնելու մասին:

Կարա-Մուրզան հավատում էր՝ մայրենի լեզուն ապրի, կապրի ազգը, մարդը կապրի…

Ուր էլ գնար, իր հետ աշխարհի երաժշտական նորարարություններն էր տանում, իր ետևից թողնում շքեղագույն հայերեն երգեր ու հիմնած երաժշտախմբեր: Նա մեծահարուստներից գումար էր վերցնում, որով օգնում էր տաղանդավոր հայ երիտասարդներին ժամանակի լավագույն երաժշտական դպրոցներում կրթություն ստանալ, որ հայ երգը ժամանակի քառուղիներում չկորչի, որ մնա, հասանելի ու հասկանալի լինի բոլորին ու բոլոր ժամանակներում: Նա միաձայն երգից ստեղծում էր խմբերգ։ Նրա գերարժեքավոր ժառանգությունը մեր մշակույթի պատմության մեջ ահռելի դեր ու նշանակություն ունի, բայց ուրույն տեղ է գրավում «Շուշան» օպերան՝ վիպասան Ատրպետի «Շուշան» ողբերգությունից վերցված։ Սրա արժեքը հատկապես նրանում էր, որ այն արևելահայության մեջ օպերա ստեղծելու առաջին փորձն էր:

Ծիծեռնա՛կ, ծիծեռնա՛կ,

Դու՝ գարնան սիրո՛ւն թռչնակ,

Դեպի ո՞ւր, ինձ ասա,

Թռչում ես այդպես արագ

Հավանաբար հիմա այս քառատողը կարդում եք երաժշտությամբ: Երգի ստեղնաշարային մշակումներից ամենահայտնին Կոմիտասինն է, իսկ երգչախմբայինը՝ Կարա-Մուրզայինը:

Միայն կովկասյան տարածաշրջանի 49 հայաշատ բնակավայրերում նա հիմնել է 92 երգչախումբ և հարյուրավոր համերգներ ունեցել հայալեզու ու հայկական երգացանկով:

Նա կյանքից հեռացավ 50 տարին չբոլորած: Բայց ինչ կարևոր է. մեծերի կյանքը տարիներով չեն չափում, այլ նրանով, որ եթե նույնիսկ չիմանաք՝ ով է Քրիստափոր Կարա-Մուրզան, նրա մշակած  «Լեպհո, լե, լե»-ն, «Հոդալո»-ն ու «Քառաձայն Պատարագ»-ը հաստատ կիմանաք:

Կարա-Մուրզայի մշակութային ժառանգությունը մինչ օրս մինչև վերջ բացահայտված չէ, գուցե այդպես էլ չուսումնասիրվի, բայց մի բան հաստատ է՝ իսկական մտավորականների ու լուսավորյալների ժամանակը երբեք չի անցնում. այդ ժամանակը միայն գալիս է:

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում