Կիևում սադրանք են որակել Կրեմլի հայտարարությունը ուկրաինացի դիվերսանտների մասին

Կիևում սադրանք են որակել Կրեմլի հայտարարությունը ուկրաինացի դիվերսանտների մասին

Ռուսաստանի Բրյանսկի մարզում տեղի ունեցած իրադարձությունները հենց Ռուսաստանի կողմից իրականացված գիտակցված սադրանք են: Նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը: Այս մասին Պոդոլյակը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Ռուսաստանի Դաշնությունում ուկրաինական դիվերսիոն խմբի պատմությունը դասական սադրանք է՝ լիովին գիտակցված: Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է վախեցնել սեփական ժողովրդին, որպեսզի արդարացնի մեկ այլ երկրի վրա հարձակումը և աղքատության աճը մեկ տարի պատերազմից հետո: Ռուսաստանի Դաշնությունում պարտիզանական շարժումը դառնում է ավելի ուժեղ և ագրեսիվ: Վախեցե՛ք ձեր պարտիզաններից…», – գրել է Պոդոլյակը։

Միևնույն ժամանակ Korrespondent-ը գրում է, որ տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել են մարդիկ, որոնք իրենց անվանում են Ռուսական կամավորական կորպուսի մարտիկներ: Ըստ պարբերականի՝ նրանք հայտնել են, որ եկել են՝ «հայրենակիցներին ցույց տալու, որ ազատ ռուս մարդիկ զենքով կարող են պայքարել ռեժիմի դեմ»:

Հիշեցնենք, որ կեսօրին ռուսական մամուլը հայտնեց այն մասին, որ Ուկրաինայի դիվերսիոն խումբը մտել են Լյուբեչանե գյուղ, որը գտնվում է Կլիմովսկիի շրջանում՝ անմիջապես Ուկրաինայի սահմանին: Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի խոսքով՝ ուկրաինական ուժերը կրակել են մեքենայի վրա, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, իսկ մեկ տասնամյա տղա վիրավորվել է: Բացի դրանից, ԱԹՍ-ով հարձակում է իրականացվել սահմանամերձ Սուշանի գյուղի վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում