Թիֆլիսի թատրոնը, Բաքվի նավթն ու Վանքի եկեղեցին. Ալ․ Մանթաշյանց՝ փոքր պատմություն մեծ մարդու մասին
Նմանատիպ
«Աստծով». Ալեքսանդր Մանթաշյանցը այսպես էր ստորագրում յուրաքանչյուր փաստաթուղթ:
Նավթային հայազգի մագնատի մասին կարծիքները միանշանակ չեն: Նրան կամ սիրում էին, կամ ատում, բայց նախանձելի կարողության տեր Մանթաշյանցի մաշկի տակ միայն ինքն է ապրել:
Թիֆլիսում նա սվորական մարդ էր. ուներ բիզնեսներ ու զբաղվում էր բարեգործությամբ, իսկ Եվրոպայում նա մեր պատկերացրած մեծահարուստներից էր՝ շքեղ առանձնատներ, ցոփ ու շվայտ կյանք:
Մանթաշյանցը թատրոնի մեծ սիրահար էր: Նրան ճանաչում էին տարածաշրջանի բոլոր թատրոններում, նույնիսկ «սեփական» օթյակ ուներ: Նրա ֆինանսական աջակցությամբ է կառուցվել ներկայիս Շոթա Ռուստավելու անվան Վրաստանի պետական ակադեմիական թատրոնը:
Նա հրաշալի տիրապետում էր մի քանի լեզվի, հետաքրքրված էր գիտությամբ ու ճարտարապետությամբ: Հենց այդ հետաքրքրությունների հետևանք են նրա միջոցներով կառուցված առանձնատները, եկեղեցիները, շենքերը, դպրոցները:
Մինչև օրս պահպանված է Մանթաշյանցի նամակը Ամենայն Հայոց կաթողիկոսին, որում նա օրհնություն է խնդրում`Ներսեսյան վարժարանի նոր շենքի կառուցման համար: Տարածաշրջանի ամենամեծ որբանոցը ևս նա է հիմնել: Նրա ֆինանսավորմամաբ կույր երեխաների համար դպրոցներ են կառուցվել:
Նա նաև Թիֆլիսի առևտրական բանկի գլխավոր բաժնետերն էր: Ի դեպ, այս բանկի միջոցով նա վարկեր ու արտոնություններ էր տրամադրում Կովկասի հայ գործարարներին:
«Ես գրում եմ Մանթաշյանց, քանի որ նա հայերեն Մանթաշյանց էր ստորագրում, ռուսերեն՝ Մանթաշով, իսկ օտար լեզուներով Mantacheff: Մանթաշովը ինքն էր ասում` նման փոփոխություններն անվան տառերի մեջ որևէ կերպ չեն փոխում ժողովրդին օգտակար լինելու իր ցանկությունը» – Սարուխան։
Նրա ֆինանսավորմամբ են կրթություն ստացել նաև մի շարք հայ մտավորականներ՝ Նարեկ Ադոնցը, Գևորգ Չորեքչյանը, Սիամանթոն, Խատիսյանները, Գարեգին Հովսեփյանը, Կոմիտասը, Մանանդյանը, Ստեփան Շահումյանը և այլք:
Ի դեպ, Շահումյանի մասին: Վերջինս ավելի ուշ եղել է գործարարի կրտսեր որդու՝ Գիգոյի ուսուցիչը: Մանթաշյանցն այնքան էր հավանում Շահումյանին, որ նրան առաջարկել է դառնալ իր դստեր Նադեժդայի ամուսինը, սակայն Ստեփանը մերժել է:
Քանի որ անդրադարձանք նրա զավակներին, նշեմ՝ Մանթաշյանցը 8 զավակ է ունեցել: Գործարարն իրեն պատկանող անշարժ գույքը բաժանել էր որդիների միջև՝ առանց վաճառելու կամ գրավադրելու իրավունքի: Ունեցվածքի մեծ մասը նվիրաբերել էր որդիներից Հովհաննեսին, իսկ մնացածը հավասարապես բաժանել մյուս ժառանգների միջև պայմանով՝ ունեցվածքը փոխանցվի միայն այն թոռներին, որոնք ծնվել են հայ-առաքելական եկեղեցու հետևորդներից:
Եկեղեցաշինության գործում Մանթաշյանցի ներդրումը նշանակալի էր: Նա է ֆինանսավորել Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու և առաջնորդարանի շինարարությունը, Էջմիածնի կաթողիկոսական վեհարանի կառուցումը, Էջմիածնի մայր տաճարի, Մցխեթի վրացական տաճարի վերանորոգումը և այլն:
Ի դեպ, ճակատագրական հանգանակության մասին: Նրա ֆինանսավորմամբ է վերանորոգվել նաև Թիֆլիսի Վանքի եկեղեցին, որի գավիթում էլ թաղվել է: Մահից հետո նրա ունեցվածքը գնահատվել է 25 միլիոն ռուբլի: Այժմ իր ժամանակակի ամենահարուստ մարդկանցից մեկը, նավթի արքա ու մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցը գերեզման չունի:
1938 թվականին Վրացական ԽՍՀ-ի կենտկոմի առաջին քարտուղար Լավրենտի Բերիայի կարգադրությամբ կազմակերպվում է Թիֆլիսի հայոց վանքի ոչնչացումը։
Մանթաշյանցին գիտեին և տարածաշրջանում, և Եվրոպայում: Նրա ներդրումը համաշխարհային բիզնեսում անուրանալի է, բայց առանց գերեզման մնացած մեծ բարերարի ու գործարարի մասին եթե նույնիսկ մարդիկ մոռանան, միևնույնն է, սերունդները դեռ երկար կհիանան նրա փողերով կառուցվածով, նրա փողերով ոտքի կանգնած տաղանդավոր անձանցով, որոնք իրենց հետքն են թողել աշխարհի գիտական ու մշակութային կյանքում…Ի դեպ, կապի առաջին մալուխը նրա ֆինանսավորմամբ է հասնում Թիֆլիս: Այնպես որ ժամանակի մտավորականության կենտրոնը հանդիսացող Թիֆլիսը հեռախոսակապով է ապահովել հենց հայ գործարարը:
Այսօր Մանթաշյանցի ծննդյան օրն է: Այդ առիթով մեր տոնացույցում օրն ամրագրվել է՝ որպես գործարարի օր: Չգիտեմ՝ նրա նման գործարարներ մեր օրերում ունենք, թե ոչ, բայց մի բան հաստատ է Մանթաշյանցի գործունեությամբ հաստատ դեռ երկար կարող ենք հպարտանալ:
Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում