Ալենուշ Տերյան. «Արևային մայրը», որը կյանքի մայրամուտին մնաց արևի պես մենակ

Ալենուշ Տերյան. «Արևային մայրը», որը կյանքի մայրամուտին մնաց արևի պես մենակ
Իրան, հայ, կին, տիեզերք, աստղագիտություն...

Թվում է՝ իրար հետ կապ չունեցող բառաշարք է, բայց…Իրանի աստղագիտության պատմության մեջ արևային առաջին աստղադիտարանի հիմնադիրը և ֆիզիկայի առաջին կին պրոֆեսորը մեր հայրենակիցն է՝ Ալենուշ Տերյանը:

Նրա մայրը մանկավարժ էր, հայրը՝ գրող ու թարգմանիչ, բայց նա նախընտրում էր ճշգրիտ գիտությունն, ուստի սովորում է Թեհրանի համալսարանի գիտության ֆակուլտետում ու աշխատանքի անցնում ֆիզիկայի լաբորատորիայում: Ընդամենը մեկ տարի անց նորավարտ մասնագետը դառնում է լաբորատորիայի ղեկավարը:

Թվում է՝ սա արդեն բավական մեծ հաջողություն է Իրանում ապրող կնոջ համար, սակայն այդպես մտածում էին միայն տղամարդիկ, իսկ երիտասարդ գիտնականը աննահանջ շարունակում էր պայքարն ընդդեմ բարքերի ու հանուն երազանքի:

Մահմուդ Հեսաբին Տերյանի դասախոսն էր: Նա կարող էր օգնել, որ մեր հայրենակիցն իր ուսումը շարունակի Ֆրանսիայում, սակայն նա կարծում էր՝ Ալենուշն առանց այն էլ մեծ առաջընթաց է ունեցել կնոջ համար, դա հերիք է:

Ի վերջո հոր աջակցությամբ նա Սորբոնի համալսարանում ուսումնասիրում է մթնոլորտային ֆիզիկա, այնուհետև դասավանդում հեղինակավոր բուհում: Այսքանով նրա ուսումնառությունն ու մասնագիտական հաղթարշավը չի ավարտվում: Կրթաթոշակով մեկնում է Գերմանիա, սովորում արևային ֆիզիկայի աստղադիտարանում և վերառանում Թեհրան: Իրանում նա ստանում է պրոֆեսորի գիտաստիճան՝ դառնալով Իրանի առաջին կին պրոֆեսորը ֆիզիկայի բնագավառում:

Նրան հաջողվում էր համատեղել գիտությունն ու մանկավարժությունը. Թեհրանի համալսարանում դասավանդում էր թերմոդինամիկա, զուգահեռ Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի կոմիտեի ընտրյալ անդամ էր, Երկրաֆիզիկայի հիմնարկի արևային ֆիզիկայի հետազոտությունների խմբի նախագահ: Նա բացառիկ ու անգնահատելի դերակատարում է ունեցել Իրանի արևային ֆիզիկայի աստղադիտարանի հիմնադրման գործում: Հենց դրա համար էլ նրան «Իրանի աստղագիտության մայր» ու «արևային մայր» էին անվանում:

«Դստերս անունն Արեգակ է, որդունս՝ Լուսին» – Ալենուշ Տերյան

Սակայն Իրանում բնակվող կարծրատիպեր կոտրող ու տղամարդկանց աշխարհի կանոններին չենթարկվող կինը որքան հաջողակ էր գիտության բնագավառում, նույնքան դժբախտ էր անձնական կյանքում:

«Արևային մայր»-ը այդպես էլ մայր չի դառնում: Նա կյանքը նվիրում է գիտությանը, ուսանողներին համարում իր ընտանիքը՝ մնալով առանց ընտանիքի:

Ալենուշ Տերյանը կյանքի վերջին տարիներն անցկացրել է ծերանոցում: Նա ծերանոցում էլ մահանում է՝ 2011-ի մարտի 4-ին՝ 90 տարեկանում: Մահից հետո պարզվեց՝ իր տունն իբրև նվիրատվություն հանձնում է Նոր Ջուղայի հայ համայնքին, որ այն հանրակացարան դառնա բնակվելու տեղ չունեցող ուսանողների համար:

Ալենուշ Տերյանի 90-ամյակը նշվել է Թեհրանի Արարատյան կենտրոնում

Նա բազմաթիվ պետական մրցանակների ու պարգևների է արժանացել: 2003-ին Իրանի հեռուստաընկերության պատվերով նրա կյանքի մասին «Դեպի արև» վավերագրական ֆիլմն է նկարահանվել, իսկ 2006-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից հատուկ շքանշանի է արժանացել: Կյանքի վերջին տարիներին ծերանոցի իր անկողնուն գամված իրանական աստղագիտության ու ֆիզիկայի հայազգի առաջամարտիկը վերջին պարգևն է ստանում՝ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը:

Մինչ օրս ամեն տարի նրա հիշատակի առթիվ միջոցառումներ են անցկացվում Իրանում՝ ի նշան հարգանքի ու երախտիքի և հանուն «մնայուն դեմքերին» ժամանակի հետ չկորցնելուն:

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում