Լեհաստանի և Գերմանիայի հարաբերություններում առաջացած լարվածությունը կարող է խանգարել զենքի և ռազմատեխնիկայի մատակարարմանը Ուկրաինա։
Bloomberg-ը հայտնում է, որ մինչ ՆԱՏՕ-ի դաշնակիցները «միասնություն են ցուցաբերում» Ուկրաինային աջակցելու հարցում, Գերմանիայի և Լեհաստանի միջև հարաբերությունների սուր անկյունները «վտանգում են Կիևին զենք և ռազմական տեխնիկա մատակարարելու համատեղ ջանքերը»:
Գործակալության դիտարկմամբ՝ «Վարշավայի և Բեռլինի միջև հրթիռների, տանկերի և պահեստամասերի Կիևին մատակարարումների շուրջ վեճերը հասել են նոր մակարդակի», իսկ վերջերս Վարշավան քննադատում էր Բեռլինին՝ Ուկրաինա տանկեր ուղարկելու գործընթացը ձգձգելու համար։
Այս կապակցությամբ Bloomberg-ը մեջբերում է Վարշավայում մի պաշտոնյայի կարծիք, որ «Գերմանիան ավելի շատ կենտրոնացած է միջազգային խաղացողներից գովասանք ստանալու հարցում Լեհաստանի հետ մրցակցելու, քան Կիևին անհրաժեշտը հասցնելու վրա»:
Մեկ այլ պաշտոնյա էլ գործակալությանը հայտնել է, որ Գերմանիան Վարշավայի «կոշտ տոնայնությունը» կապում է աշնանը Լեհաստանում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ։ Պաշոնյաների անունները գործակալությունը գաղտնի է պահում: