Մարդկայինի ու աստվածայինի խաչմերուկում. Միքելանջելո
Նմանատիպ
Լռիր, խնդրում եմ, ինձ մի արթնացրու:
Այս ամոթալի ու հանցավոր դարում,
Նախանձելի է չապրելն ու չզգալը,
Երանելի է քունը, երանի թե քար լինեի…
Սա բոլորիս հայտնի Միքելանջելոյի գրչին պատկանող քառատող է: Այո, վերածննդի շրջանի ամենահայտնի քանդակագործն ու նկարիչը կյանքի վերջին տարիներին նաև բանաստեղծություններ է գրել: Իհարկե նրա պոեզիան նույնքան տպավորիչ ու արժեքավոր չէ, որքան նրա ժառանգությունն արվեստի այլ ճյուղերում:
Եթե նույնիսկ արվեստի սիրահար չլինեք, ապա կյանքում գոնե մեկ անգամ արժե այցելել Ֆլորենցիա՝ անձամբ տեսնելու «Դավիթ»-ը: Սա մարդակերտ գլուխգործոց է, որի ստեղծումը տևեց մոտ 4 տարի: 5-մետրանոց գլուխգործոցն այնքան հավանեցին նույնիսկ մշակույթի քննադատները, որ այն համարեցին վերածննդի և մարդկային հանճարի գագաթնակետ:
Արձանն ուշագրավ էր նաև իր անատոմիական առանձնահատկություններով. այդչափ մարդկային ու շոշափելի կերպարանք դեռ ոչ ոքի չէր հաջողվել ստանալ:
Անատոմիկների կարծիքով՝ գեղարվեստական արտահայտման ավելի բարձր հաջողության հասնելու նպատակով քանդակագործը գնացել է մարդկային մարմնի համաչափության աղավաղման. աջ թիակի և ողնաշարի միջև բացակայում է մեկ մկան:
Աքսորյալիս հեռացրել են կրակից.
Ես թառամում եմ այնտեղ, որտեղ ամեն ինչ ծաղկում է,
Ոտում եմ այն, ինչ վառում և թունավորում է,
Եվ այն ինչ սպանում է այլոց, ինձ կենդանացնում է:
Միքելանջելոն այն եզակի մտավորականներից էր, որոնց ստեղծածը գնահատվել է կենդանության օրոք: Նա արևմուտքի առաջին արվեստագետն է, ում նույնիսկ կենսագրություն է հրատարակվել կենդանության օրոք։ Ընդ որում՝ կենսագիրներից մեկը՝ Ջորջո Վազարին պնդում էր, որ Միքելանջելոյի աշխատանքները կապրեն ավելի երկար, քան շատ այլ նկարիչների կամ քանդակագործների ստեղծագործություններ։ Նա ավելացնում էր, որ Միքելանջելոն գերազանց վարպետ է ոչ թե մեկ, այլ արվեստի մի քանի ճյուղերում՝ նկարչություն, քանդակագործություն, ճարտարապետություն:
Միքելանջելոն որպես ճարտարապետ իրեն ցույց տվեց հատկապես կյանքի վերջին տարիներին՝ Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի և Կապիտոլիումի համալիրի կառուցմամբ՝ որպես «հավերժական քաղաքի» հոգևոր ու աշխարհիկ կենտրոններ, որոնց կառուցումն իր գծագրով ավարտին հասցվեց մահից հետո:
Քանզի ես այսպես տարված եմ գործով, իմ մտքերը
խենթ ուխտադրուժ թափոն են.
Ծուռ շվիի վրա լավ չես կարող նվագել:
Իմ նկարչությունը մեռած է…
Վատիկանում՝ Սիքստինյան կապելլայի խորանի պատին Միքելանջելոյի ֆրեսկոն է՝ «Ահեղ դատաստան»-ը: Միքելանջելոն Սիքստինյան կապելլայի առաստաղի նկարազարդումն ավարտելուց քսանհինգ տարի անց նորից վերադառնում է այնտեղ։ «Ահեղ դատաստան»-ը Քրիստոսի երկրորդ գալստյան և Ապոկալիպսիսի մասին է: Ֆրեսկոն սուր քննադատության է արժանանում, Միքելանջելոն մեղադրվում է անբարոյականության և անպարկեշտության մեջ, քանի որ ամենակարևոր քրիստոնեական եկեղեցում նկարազարդել էր մերկ մարմիններ՝ չծածկած սեռով:
Սիքստինյան կապելլայի առաստաղը ևս վերածննդի դարաշրջանի գլուխգործոցն էր որմնանկարչության ուղղությամբ: Պատկերված էին ինը տեսարաններ Ծննդոց գրքից:
Միայն Աստված է ստեղծում՝ մնացածը պարզապես պատճենում են
«Աստվածային արվեստագետի» գործերից որոշները քանիցս փորձել են կրկնօրինակել: Որքան էլ հանճարեղ լինեին կրկնօրինակողներն ու որքան էլ հաջող ստացվեին կրկնօրինակները, միևնույնն է, դրանց Միքելանջելոյի ձեռքը չէր դիպել:
Չէ՞ որ «յուրաքանչյուր քարի ներսում կա քանդակ, և քանդակագործի խնդիրն է բացել այն», իսկ Միքելանջելոյին շատ լավ էր հաջողվում քարից հոգի ստանալ՝ ժամանակներ հաղթահարող, վերերկրային ինչ-որ մի բան, որը ժամանակի մեջ ոչ միայն փոշի չէր դառնա, այլև ավելի արժեքավոր կդառնար ամբողջ աշխարհի համար:
Նրա շքեղությունն իր պարզության մեջ էր: Նույնչափ պարզ նա ձևակերպել է իր կտակը՝ ես հանձնում եմ հոգիս Աստծուն, մարմինս՝ հողին, ունեցվածքս՝ բարեկամներիս…բայց այն, ինչ նա թողել է աշխարհին, բառերով ձևակերպել հնարավոր չէ, դա կյանքում գոնե մեկ անգամ տեսնել է պետք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում