Կարմրուկ. աշխարհում տարեկան 100 հազար երեխայի կյանք խլող վիրուսի ադրեն 20-րդ դեպքն է գրանցվել Հայաստանում
Նմանատիպ
Կորոնավիրուսի համավարակը դեռ չհաղթահարած՝ աշխարհը նոր առողջապահական մարտահրավերի առաջ է կանգնած: Գլուխ է բարձրացրել կարմրուկը:
ՀՀ Առողջապահության նախարարությունը սկսել է կարմրուկի վիճակագրություն ներկայացնել: Մարտի 6-ի դրությամբ լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 20 է:
Կարմրուկին հատուկ է ցիկլիկ զարգացումը. ախտանիշներն ի հայտ են գալիս վիրուսի ազդեցությունից 10-14 օր հետո:
Տիպիկ ախտանիշներից են բարձր ջերմությունը, չոր հազը, հարբուխն ու քթահոսությունը, կոկորդի ցավը, մաշկի ցանավորումը և այլն: Կարմրուկային ցանը կարմրավուն է, մաշկից քիչ վեր բարձրացած և միաձուլվող հանգուցաբծիկավոր բնույթի: Այն կարող է թեփոտվել, բայց քոր չի առաջացնում:
Կարմրուկը ծայրահեղ վարակիչ վիրուսային հիվանդություն է: Այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, վարակակրի հետ անմիջական շփման արդյունքում։ Վիրուսը մակերեսների վրա և օդում կարող է ապրել մինչև 2 ժամ:
Կարմրուկով վարակվելու վտանգը մեծ է, եթե՝ պատվաստված չեք կամ պատվաստված չեն ձեզ շրջապատող մարդիկ, ունեք վիտամին A-ի անբավարարություն, իմունոդեֆիցիտ:
Պատվաստումն, ի դեպ, չի բացառում հիվանդանալը, բայց օգնում է խուսափել վիրուսի ծանրությունն ու հետևանքները լիարժեք զգալուց:
Կարմրուկի բարդությունները բազմազան են ու սարսափելի՝ կուրությունից մինչև գլխուղեղի ինֆեկցիա ու նույնիսկ մահ:
Վերջին 150 տարվա ընթացքում կարմրուկից մահացել է մոտ 200 միլիոն մարդ: Վիրուսի նկատմամբ հատկապես զգայուն են երեխաները: Սա հին վիճակագրություն չէ, հիմա էլ այս վիրուսը տարեկան շուրջ 100 հազար երեխայի կյանք է խլում:
Կարմրուկը մարդկությանը հայտնի է առավել քան 2 հազարամյակ, բայց արդյունավետ պատվաստանյութ ստեղծվեց միայն 1960-ականներին: Եթե երեխան երկու անգամ ստացել է պլանային պատվաստումը 1 և 6 տարեկան հասակում, ապա պաշտպանված է կարմրուկից, քանի որ կրկնակի պատվաստման արդյունավետությունը մասնագետները մոտ 99% են գնահատում:
Կարմրուկի տարածումն ու ներկայիս մտահոգիչ վիճակագրությունը մասնագետները պայմանավորում են պատվաստումներից խուսափելով: Օրինակ, Հայաստանում վերջին օրերին գրանցված 20 դեպքից 19-ը պատվաստված չէ, իսկ 1-ը միայն մեկ դեղաչափ է ստացել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում