Ադրբեջանը փոխանցել է մեզ, որ կա՛մ ինտեգրվում ենք, կա՛մ լինելու են ավելի կոշտ քայլեր. Արցախի նախագահ

Ադրբեջանը փոխանցել է մեզ, որ կա՛մ ինտեգրվում ենք, կա՛մ լինելու են ավելի կոշտ քայլեր. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:

Նիստը սկսելուց առաջ ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով ԱՀ ներքին գործերի նախարարության զոհված ոստիկանների հիշատակը, այնուհետև նախագահ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ:

Երկրի ղեկավարի խոսքով՝ ստեղծված իրավիճակի հումանիտար և ենթակառուցվածքային խնդիրները քննարկելու նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ և ներկայությամբ՝ փետրվարի 24-ին արցախյան կողմը հանդիպել է ադրբեջանական կողմի հետ: Ապա պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպման կապակցությամբ, որը տեղի է ունեցել մարտի 1-ին՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ: Հանդիպումների օրակարգում չորս հարց էր՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակում, ՀՀ-ից Արցախ էլեկտրամատակարարման վերականգնում, բնական գազի անխափան մատակարարում և Կաշենի հանքավայրի վերաշահագործում:

«Երկրորդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է քննարկել քաղաքական թեմաներ՝ օգտագործելով ինտեգրացիա բառը, սակայն պարոն Շահրամանյանը կանխել է՝ ասելով, որ եթե պետք է քննարկեն քաղաքական հարցեր, դա պետք է լինի Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման թեման: Նա հավելել է, որ քաղաքական հարցերի քննարկման համար իրենք լիազորված չեն և տվյալ հանդիպմանը չեն կարող քննարկել այդպիսի հարցեր»,- ասել է Ա. Հարությունյանը:

Երկրի ղեկավարի խոսքով՝ դրանից հետո ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է մեզ, որ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր:

«Մենք չենք ընդունել, չենք ընդունում և այսօր ուզում եմ նորից հայտարարել՝ այն միայն Անվտանգության խորհրդի որոշում չէ, այլ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում ունենալու ենք տարբեր զարգացումներ, իրավիճակներ, որոնց պետք է դիմակայենք: Մենք ընտրում ենք՝ կամ շարունակել պայքարը, որն ընտրել ենք, կամ եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն: Բայց քանի որ մենք ընտրել ենք պայքարի ճանապարհը, խնդրում եմ առաջին հերթին հարգել մեր որոշումը և ամեն նման մի երևույթի չարձագանքել և ներքաղաքական որևէ ենթատեքստ չտալ»,- ասել է Նախագահը:

Անդրադառնալով մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն գործողության հետևանքով ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների զոհվելու ողբերգական դեպքին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ առաջիկայում նման սադրանքները, ցավոք, բացառված չեն:

«Այն, որ մենք երկար ժամանակ պետք է պայքարենք և այդ պայքարի շրջանակներում լինելու են նման իրավիճակներ, պետք է դա գիտակցենք և կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք: Ես պետնախարարի հետ քննարկել եմ մեր խնդիրները և այսօր ուզում եմ Անվտանգության խորհրդի որոշումով հանձնարարենք Կառավարությանը՝ մշակել ծրագիր պարենային անվտանգության ու էներգետիկ անվտանգության ուղղություններով, որովհետև մենք բոլոր սցենարները պետք է հաշվարկենք»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Անվտանգության խորհրդի նիստին օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել Պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակում, ընդունվել են օրակարգով նախատեսված մի շարք որոշումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում