Մակար Եկմալյան՝ ռոմանսի ու կանտատի հայ հիմնադիրը
Նմանատիպ
Ազգային երաժշտական դպրոցի ձևավորման հարցում անուրանալի ներդրում ունի Մակար Եկմալյանը: Ժամանակի խորքից որքան էլ մոռացվի նրա անունը, միևնույնն է, գործը մոռանալ հնարավոր չէ: Ռոմանսի ու կանտատի հիմնադիրը հենց Մակար Եկմալյանն է:
Վաղարշապատցի կոմպոզիտորրի կյանքն ու գործունեությունը մեծապես Թիֆլիսի հետ է կապվում. հենց Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի երաժշտության դասատու և երգչախմբի ղեկավար աշխատելու տարիներին է երգչախումբն առաջին անգամ կատարել հատվածներ նրա մշակած «Երգեցողութիւն Սրբոյ Պատարագ»-ից:
Նա առաջինն էր, որ նոտագրեց հայ եկեղեցական երգասացությունը՝ շարականներն ու պատարագը։ Եկմալյանի ուսուցիչներն են եղել Արմենակ Շահմուրադյանը, Շարա Տալյանը, Արմեն Տիգրանյանը, մեծն Կոմիտասը և այլք:
«Հարգելի երաժիշտ պարոն Մակար Եկմալյանը մեր երգեցողության ամայի անդաստանի մեջ ներդաշնակության անդրանիկ բուրաստանը տնկեց: Սրտանց ուրախ ենք, որ հայերս էլ կարող ենք պարծենալ, թե մենք էլ հետ չենք մնացել գեղարվեստի և կատարելագույն երաժշտության զարգացումից» – Կոմիտաս։
Կոմիտասից երաժշտության դասեր ստանալիս Եկմալյանը մի շարք ժողովրդական երգեր է մշակում: Այդ շրջանի նրա աշխատանքներից շատերը հաճախ վերագրվում են Կոմիտասին:
Հո՛վ արեք, սարե՜ր ջան, հո՛վ արեք,
Իմ դարդին դարման արեք։-
Սարերը հով չե՛ն անում,
Իմ դարդին դարման անում…
«Հով արեք, սարեր ջան»-ը դրանցից մեկն է, թեև Եկմալյանի գործունեության հիմնական շեշտը հոգևոր երաժշտության մշակման վրա էր:
Մակար Եկմալյանը շուտով կորցնում է հիշողությունը: Ներսիսյան դպրոցի տնօրինությունը նրան պարզապես հեռացնում է աշխատանքից: Կյանքի վերջին տարիները հայ մեծանուն կոմպոզիտորն անցկացնում է միայնության մեջ, իր ուսուցչի՝ Կոմիտասի պես նա ևս կորցնում է հոգեկան հավասարակշռությունը: Հարազատներն էլ, չգիտակցելով Եկմալյանի գործերի արժեքը, կիլոգրամներով վաճառում են նրա ձեռագրերը՝ որպես թուղթ: Արդյունքում նրա տարիների աշխատանքից ու տանջանքներից փրկվել են միայն այն նյութերը, որոնք գտնվել են աշակերտների մոտ:
«Նա գերեզման իջավ, երբ դեռ չէր իրագործել այդ առաքելությունը: Անմահ է Մակար Եկմալյանը, ինչպես անմահ հավիտենական է գեղեցիկը միայն…» – Ռոմանոս Մելիքյան
Ամբողջ կյանքում հայկական երգեր գտնելու ու պահպանելու համար տեղից տեղ դեգերած կոմպոզիտորն իր վերջին հանգրվանն է գտել Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոնում՝ Խոջիվանքի գերեզմանատանը:
Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում