Երևանի մետրոն, քանդակներն ու Չարբախը. Երևանի մետրոպոլիտենը 42 տարեկան է
Նմանատիպ
Մայրաքաղաքի խցանումներից խուսափելու հարցում ամենահարմար փոխադրամիջոցը մետրոն է: 42 տարի առաջ շահագործման հանձնվեց Բարեկամություն-Սասունցի Դավիթ հատվածն, այնուհետև Հանրապետության հրապարակը, Սասունցի Դավիթ-Գործարանային, Գործարանային-Շենգավիթ, Շենգավիթ-Գարեգին Նժդեհի Հրապարակ, Զորավար Անդրանիկ հատվածները և ամենավերջում Շենգավիթ-Չարբախ հատվածը:
80-ականներին մեկնարկել, սակայն երկրաշարժի պատճառով անավարտ են մնացել Աջափնյակ և Դավիթաշեն թաղամասերում մետրոյի կայարանների կառուցման աշխատանքները: Մինչ օրս այս թաղամասերում մետրոյի գործող կայարաններ չկան:
Մինչև 1992-ը Երևանի մետրոյի կայարաններից որոշներն այլ անուններ ունեին: Մարշալ Բաղրամյանը անվանված էր Սարալանջի, Հանրապետության հրապարակը՝ Լենինի հրապարակ, Գարեգին Նժդեհի հրապարակը՝ Սպանդարյան հրապարակ, Զորավար Անդրանիկը՝ Հոկտեմբերյան:
Երևանի մետրոյի կառամատույցներից որոշներում կան խորաքանդակներ: Սասունցի Դավիթ կայարանում ՀՀ ժողովրդական նկարիչ Արտաշես Հովսեփյանի համանուն բարձրաքանդակն է՝ էպոսի մոտիվներով:
Երիտասարդականում Ռուզան Քյուրքչյանի «Երիտասարդություն» բրոնզե քանդակն է:
Գործարանայինում քանդակագործ Լևոն Վարդանյանի «Աշխատանքի երգ» հարթաքանդակն է։
Բարեկամությունում՝ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ղուկաս Չուբարյան«Ժողովուրդների բարեկամություն» խորաքանդակը:
Հանրապետության հրապարակ և Չարբախ կայարաններում քանդակներ առհասարակ չկան, բայց Հանրապետության հրապարակ կայարանի համար ճարտարապետներ Ջիմ Թորոսյանն ու Մկրտիչ Մինասյանը արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի: Իսկ Չարբախը Հայաստանի անկախանալուց հետո կառուցված միակ կայարանն է։ Այն շահագործման է հանձնվել 1996-ի դեկտեմբերի 26-ին: Ի դեպ, սա Երևանի մետրոպոլիտենի ոչ միայն ամենանոր, այլ նաև ամենաէժան կայարանն է:
Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում