Անզեն զինվորականի գնդակահարության տեսանյութը շահարկումների առիթ է դարձել

Անզեն զինվորականի գնդակահարության տեսանյութը շահարկումների առիթ է դարձել

Սոցցանցերում տեսանյութ է շրջանառվում, որում առանց տարբերանշանների զինվորական համազգեստով տղամարդուն գնդակահարությամբ մահապատժի են ենթարկում։  Պարզ չի, թե երբ, որտեղ և ինչ հանգամանքներում են տեղի ունեցել այդ իրադարձությունները։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են բազմաթիվ զենքերից արձակված կրակով մահապատժի ենթարկում տղամարդուն այն բանից հետո, երբ նա բացականչում է «Փառք Ուկրաինային» արտահայտությունը:

Ուկրաինացի բլոգերները կարծում են, որ տեսանյութը կարող է լինել ռուս զինվորների կողմից ուկրաինացի ռազմագերիին մահապատժի ենթարկելու ձայնագրությունը։ Սոցցանցերը փորձում են պարզել նրա անունը։

Ռուս զինվորական լրագրող Դանիիլ Բեզսոնովը իր հերթին կարծում է, որ այս տեսանյութը ռուս գերու մահապատիժն է, որը ստեղծվել է ուկրաինացիների կողմից «հանուն միջազգային սկանդալի»։ Մինչդեռ, ենթադրյալ ուկրաինացի ռազմագերու մահապատժի տեսագրության հիման վրա Ուկրաինայի գլխավոր դատախազությունը արդեն քրեական գործ է հարուցել։

«Նույնիսկ պատերազմն ունի օրենքներ: Կան միջազգային իրավունքի նորմեր, որոնք ռուսական հանցագործ ռեժիմը պարբերաբար անտեսում է: Բայց վաղ թե ուշ հանցագործությունը կպատժվի: Բոլոր ներգրավվածները պատասխանատվության կենթարկվեն օրենքի առջև»,- ասել է գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինը:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան դիմել է Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանին՝ կատարվածն անվանելով ևս մեկ ապացույց, որ այս պատերազմը ցեղասպանություն է։ «Սարսափելի տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես է ռուս զինվորականները մահապատժի ենթարկում անզեն ուկրաինացի ռազմագերուն՝ միայն «Փառք Ուկրաինային» ասելու համար»,- գրել է ԱԳ նախարարը Twitter-ում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում