Զանգվածային ցույցեր Թբիլիսիում․«Օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը բախումների պատճառ
Նմանատիպ
Վրաստանի խորհրդարանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունումը երկրում բուռն ռեզոնանս է առաջացրել։
Հազարավոր մարդիկ հավաքվել են Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ՝ արտահայտելու իրենց բողոքն օրինագծի դեմ։ Ոստիկանությունը նրանց դեմ կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։
Նախագծի համաձայն՝ արտասահմանյան ազդեցության գործակալներ են համարվում իրավաբանական անձինք և լրատվամիջոցները, որոնց եկամտի ավելի քան 20 տոկոսն օտարերկրյա ֆինանսավորումն է ապահովում: «Օտարերկրյա գործակալները» պարտավոր են հայտարարագրել իրենց ֆինանսավորման աղբյուրը, պահանջը խախտելու դեպքում օրենքով սահմանված է 9 հազար 500 դոլարի չափով տուգանից մինչև 5 տարվա ազատազրկում։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտպանել է նախաձեռնությունը՝ ասելով, որ թափանցիկության և հաշվետվողականության պակաս կա։ «Մեր երկրի ապագան չի պատկանում և չի պատկանի օտարերկրյա գործակալներին և ծառաներին, մեր երկրի և ժողովրդի ապագան պատկանում է հայրենասերներին», – ասել է Վրաստանի վարչապետը՝ խորհրդարանում պաշտպանելով օրինագիծը։
«Օտարերկրյա գործակալների» օրինագծերը նպատակ ունեն մարգինալացնել և վարկաբեկել անկախ, օտարերկրյա ֆինանսավորվող խմբերին և լրատվամիջոցներին, որոնք ծառայում են Վրաստանում հանրային լայն շահերին։ Դրանք ակնհայտորեն նպատակ ունեն սահմանափակել քննադատական խմբերին և կարևոր լրատվամիջոցներին, խախտել Վրաստանի միջազգային պարտավորությունները և լուրջ սառեցնող ազդեցություն կունենան խմբերի և անհատների վրա, ովքեր աշխատում են պաշտպանելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը»,-հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:
Արևմտյան մամուլի գնահատմամբ՝ Վրաստանի գործող իշխանությունն այս օրինագծի ընդունմամբ փորձում է ընդօրինակել Ռուսաստանին, ով առավելագույնս սահմանափակել է հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ինքնուրույնությունը երկրում՝ զրկելով նրանց օտարերկրյա ֆինանսավորման աղբյուրներից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում