Աշխարհի առաջինները. հայուհիներ
Նմանատիպ
«Սա տղամարդու աշխարհ է... բայց այն ոչինչ է առանց կնոջ»
Կան կանայք, որոնք փոխել են աշխարհը: Այդ կանանց շարքում քիչ չեն հայերը: Առհասարակ աշխարհի պատմության, ճարտարապետության, մշակույթի մեջ և ոչ միայն, միշտ հայի մատը խառն է: Իսկ ի՞նչ է լինում, երբ աշխարհի գործերին խառնվում են հայ կանայք:
Ստորև ներկայացնելու եմ հայ կանանց, որոնցով հպարտանում է աշխարհը, իսկ մեզնաում գուցե քչերը գիտեն նրանց մասին:
ԱՄՆ Ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագը հայուհի է եղել՝ Աննա Տեր-Վարդանյան
Նա արժանացել է ԱՄՆ ռազմածովային ուժերում զինծառայողների համար հնարավոր բարձրագույն կոչմանը: Անբասիր ծառայության համար Աննա Տեր-Վարդանյանը պարգևատրվել է Պաշտպանության ազգային մեդալով և այլ շքանշաններով: Ռազմածովային ուժերում իր ծառայության ավարտից հետո նա տեղափոխվել է Կենտրոնական Հետախուզական Վարչություն՝ CIA, և աշխատել այնտեղ մինչև թոշակի անցնելը: Մեր հայրենակցուհին հայտնի է նաև նրանով, որ իր օրինակով ճանապարհ է հարթել ԱՄՆ զինված ուժեր կանանց մուտքի համար։ Նա ամուսնացած չի եղել, ժառանգներ չունի: Մահացել է 2011-ի օգոստոսին՝ 90 տարեկանում և թաղվել զինվորական բոլոր պատիվներով:
Սինգապուրի ազգային ծաղկի ստեղծողը՝ Աշխեն Հովակիմյանը
Սինգապուրը փոքրիկ երկիր է՝ մեծ ներուժով ու տնտեսությամբ: Սինգապուրն իսկական ֆենոմեն է: Իսկ գիտեիք, որ Սինգապուրի ազգային ծաղկի ստեղծողը մեր հայրենակից Աշխեն Հովակիմյանն է: Սինգապուրում առավել հայտնի է՝ որպես Ագնես Հուակիմ: Նա հայտնի այգեգործ էր և ստեղծել է մի ծաղկատեսակ, որն ի վերջո դարձել է Սինգապուրի ազգային խորհրդանիշներից մեկը։ Բիրմայական և մալայական խոլորձների հիբրիդ «Միսս Հուակիմ» խոլորձը պատմության առաջին հիբրիդ բուսատեսակներից մեկն է, բայց առաջինն է աշխարհում՝ կնոջ կողմից ստեղծված: Նրա անունը ներառված է Սինգապուրի Կանանց փառքի սրահում։ Սինգապուրի ամենաճակատագրական հայուհին թաղված է Սինգապուրի հայկական եկեղեցու գերեզմանատանը։
«Միայն արդարությամբ կարող է լինել խաղաղություն» – Դիանա Աբգար
Դիանա Աբգարը առաջին կին դիվանագետն է արդի պատմության մեջ: Նա Ճապոնիայում Հայաստանի առաջին հանրապետության պատվավոր դեսպանն է եղել: Իսկ մինչ այդ Ճապոնիայում ապաստարան է հիմնել Հայոց ցեղասպանությունից փրկվածների համար։
ԱՄՆ-ի ճարտարագիտության առաջին կին ներկայացուցիչը․ Աննա Կազանջյան
Կազանջյանի ընտանիքը ԱՄՆ է հասել՝ ցեղասպանությունից խուսանավելով: ԱՄՆ-ում մեր հայրենակցուհին Կոլումբիայի համալսարանի մեքենաշինության գծով գիտությունների բակալավրի կոչում ստացած առաջին կինն է և նաև առաջին կինը՝ Իգլսթոնի մեդալով պարգևատրված ԱՄՆ առաջին կին ինժեները ներառված է Նյու Յորքի «100 ազդեցիկ կանայք» շարքում:
Անիտա Կոնտի. ֆրանսիացի բնախույզը առաջին կին օվկիանոսագետն է
1939 թվականին նա 3 ամսով ձողաձուկ որսալու համար գնում է Արկտիկա: Հենց այդ ուղևորության ընթացքում էլ հասկանում է, որ օվկիանոսում ձկնորսության չարաշահումը կարող է չափազանց ծանր հետևանքների հանգեցնել։ Ապա ձկնորսանավով երթևեկում է Աֆրիկայում՝ ֆրանսիական ծովակալության հանձնարարությամբ կատարելագործելով ձկնորսության մեթոդները: Նա կազմում է քարտեզներ, նկարագրում ձկների նոր տեսակները։ Նրա ուսումնասիրությունների հիմնական նպատակն է եղել գտնել ձկների վտառների պաշարներ և ուտելիքի սղության պայմաններում ապահովել զորքին ու խաղաղ բնակչությանը: Անիտա Կոնտի անունով հայտնի Անիտա Կարագոշյանը մահացել է 99 տարեկանում: Կտակի համաձայն՝ նրա աճյունը սփռել են Միջերկրական ծովում։
Զապել Եսայան․ Պատմության ամենախիզախ կանանցից մեկը
Զապել Եսայանը եղել է 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվելու ենթակա հայ մտավորականների երիտթուրքական ցուցակի միակ կին անդամը: Սա էլ է բավարար պատկերացնելու համար, թե որքան խիզախ ու ազդեցիկ է եղել այս կինը: Նա փրկվեց ցեղասպանությունից, բայց դարձավ ստալինյան բռնաճնշումների զոհը. ձերբակալվեց ու մահացավ անհայտ հանգամանքներում: Նրան հաճախ ֆեմինիստ են համարում, բայց նա կին էր, որը պայքարում էր սոցիալական անարդարութան համար:
Իրանի առաջին կին պրոֆեսորը՝ Ալենուշ Տերյանը
Իրանի աստղագիտության պատմության մեջ արևային առաջին աստղադիտարանի հիմնադիրը և ֆիզիկայի առաջին կին պրոֆեսորը Ալենուշ Տերյանն է: Նրան ճանաչել ու գնահատել են և Եվրոպայում, և տարածաշրջանում: Իրանում նրա գրանցած հաջողություններն անհավանական էին. փակ հասարակությամբ պետությունում լինել կին, զբաղվել գիտությամբ ու մեծ հաջողությունների հասել, հավատացեք՝ դա անհնարինության սահմաններից էլ դուրս է: «Իրանի աստղագիտության մայր» ու «արևային մայր» էին անվանում: Ալենուշ Տերյանի մասին Times.am-ի հատուկ անդրադարձը կարդացեք այստեղ։
Թուրքիայի առաջին կին բժիշկը՝ Զարուհի Քավալջյան
Զարուհի Քավալջյանը Թուրքիայի առաջին կին բժիշկն է եղել: Նա հայտնի է՝ որպես դոկտոր Քավալ: Նոր Զելանդիայի գերագույն դատարանի առաջին կին նախագահը նույնպես հայուհի է. Դեյմ Սայան Սրբուհի Իլայասը նաև Արքայական փաստաբանի պաշտոնում ընտրված առաջին երկու կանանցից մեկն է:
Երկար կարելի է գրել աշխարհի ազդեցիկ հայուհիների մասին, բայց հայ կնոջ պես կամային ու համառ, խելացի ու իմաստուն աշխարհում կարելի է միայն հազվագյուտ անհատների գտնել:
Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում