5.1 C
Yerevan

Աշխարհի առաջինները. հայուհիներ

Նմանատիպ

Էյֆելյան աշտարակ՝ սիրո քաղաքի ոչ այնքան սիրված սիմվոլը

1889 թվականի մարտի 31-ն էր, կոնստրուկտոր Գուստավ Էյֆելը Փարիզում...

Հայաստանցի մարմնամարզիկները՝ աշխարհի չեմպիոն և փոխչեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանն աշխարհի երիտասարդների առաջնության...

Կարո՞ղ են հրաբուխները վերացնել կյանքը Երկրի վրա

Մոտ 75 հազար տարի առաջ Ինդոնեզիայի Սումատրա կղզում ժայթքեց...
«Սա տղամարդու աշխարհ է... բայց այն ոչինչ է առանց կնոջ»

Կան կանայք, որոնք փոխել են աշխարհը: Այդ կանանց շարքում քիչ չեն հայերը: Առհասարակ աշխարհի պատմության, ճարտարապետության, մշակույթի մեջ և ոչ միայն, միշտ հայի մատը խառն է: Իսկ ի՞նչ է լինում, երբ աշխարհի գործերին խառնվում են հայ կանայք:

Ստորև ներկայացնելու եմ հայ կանանց, որոնցով հպարտանում է աշխարհը, իսկ մեզնաում գուցե քչերը գիտեն նրանց մասին:

ԱՄՆ Ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագը հայուհի է եղել՝ Աննա Տեր-Վարդանյան

Նա արժանացել է ԱՄՆ ռազմածովային ուժերում զինծառայողների համար հնարավոր բարձրագույն կոչմանը: Անբասիր ծառայության համար Աննա Տեր-Վարդանյանը պարգևատրվել է Պաշտպանության ազգային մեդալով և այլ շքանշաններով: Ռազմածովային ուժերում իր ծառայության ավարտից հետո նա տեղափոխվել է Կենտրոնական Հետախուզական Վարչություն՝ CIA, և աշխատել այնտեղ մինչև թոշակի անցնելը: Մեր հայրենակցուհին հայտնի է նաև նրանով, որ իր օրինակով ճանապարհ է հարթել ԱՄՆ զինված ուժեր կանանց մուտքի համար։ Նա ամուսնացած չի եղել, ժառանգներ չունի: Մահացել է 2011-ի օգոստոսին՝ 90 տարեկանում և թաղվել  զինվորական բոլոր պատիվներով:

Սինգապուրի ազգային ծաղկի ստեղծողը՝ Աշխեն Հովակիմյանը

Սինգապուրը փոքրիկ երկիր է՝ մեծ ներուժով ու տնտեսությամբ: Սինգապուրն իսկական ֆենոմեն է: Իսկ գիտեիք, որ Սինգապուրի ազգային ծաղկի ստեղծողը մեր հայրենակից Աշխեն Հովակիմյանն է: Սինգապուրում առավել հայտնի է՝ որպես Ագնես Հուակիմ: Նա հայտնի այգեգործ էր և ստեղծել է մի ծաղկատեսակ, որն ի վերջո դարձել է Սինգապուրի ազգային խորհրդանիշներից մեկը։ Բիրմայական և մալայական խոլորձների հիբրիդ «Միսս Հուակիմ» խոլորձը պատմության առաջին հիբրիդ բուսատեսակներից մեկն է, բայց առաջինն է աշխարհում՝ կնոջ կողմից ստեղծված: Նրա անունը ներառված է Սինգապուրի Կանանց փառքի սրահում։ Սինգապուրի ամենաճակատագրական հայուհին թաղված է Սինգապուրի հայկական եկեղեցու գերեզմանատանը։

«Միայն արդարությամբ կարող է լինել խաղաղություն» – Դիանա Աբգար

Դիանա Աբգարը առաջին կին դիվանագետն է արդի պատմության մեջ: Նա Ճապոնիայում Հայաստանի առաջին հանրապետության պատվավոր դեսպանն է եղել: Իսկ մինչ այդ Ճապոնիայում ապաստարան է հիմնել Հայոց ցեղասպանությունից փրկվածների համար։

ԱՄՆ-ի ճարտարագիտության առաջին կին ներկայացուցիչը․ Աննա Կազանջյան

Կազանջյանի ընտանիքը ԱՄՆ է հասել՝ ցեղասպանությունից խուսանավելով: ԱՄՆ-ում մեր հայրենակցուհին Կոլումբիայի համալսարանի մեքենաշինության գծով գիտությունների բակալավրի կոչում ստացած առաջին կինն է և նաև առաջին կինը՝ Իգլսթոնի մեդալով պարգևատրված ԱՄՆ առաջին կին ինժեները ներառված է Նյու Յորքի «100 ազդեցիկ կանայք» շարքում:

Անիտա Կոնտի. ֆրանսիացի բնախույզը առաջին կին օվկիանոսագետն է

1939 թվականին նա 3 ամսով ձողաձուկ որսալու համար գնում է Արկտիկա: Հենց այդ ուղևորության ընթացքում էլ հասկանում է, որ օվկիանոսում ձկնորսության չարաշահումը կարող է չափազանց ծանր հետևանքների հանգեցնել։ Ապա ձկնորսանավով երթևեկում է Աֆրիկայում՝ ֆրանսիական ծովակալության հանձնարարությամբ կատարելագործելով ձկնորսության մեթոդները: Նա կազմում է քարտեզներ, նկարագրում ձկների նոր տեսակները։ Նրա ուսումնասիրությունների հիմնական նպատակն է եղել գտնել ձկների վտառների պաշարներ և ուտելիքի սղության պայմաններում ապահովել զորքին ու խաղաղ բնակչությանը: Անիտա Կոնտի անունով հայտնի Անիտա Կարագոշյանը մահացել է 99 տարեկանում: Կտակի համաձայն՝ նրա աճյունը սփռել են Միջերկրական ծովում։

Զապել Եսայան․ Պատմության ամենախիզախ կանանցից մեկը 

Զապել Եսայանը եղել է 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվելու ենթակա հայ մտավորականների երիտթուրքական ցուցակի միակ կին անդամը: Սա էլ է բավարար պատկերացնելու համար, թե որքան խիզախ ու ազդեցիկ է եղել այս կինը: Նա փրկվեց ցեղասպանությունից, բայց դարձավ ստալինյան բռնաճնշումների զոհը. ձերբակալվեց ու մահացավ անհայտ հանգամանքներում: Նրան հաճախ ֆեմինիստ են համարում, բայց նա կին էր, որը պայքարում էր սոցիալական անարդարութան համար:

Իրանի առաջին կին պրոֆեսորը՝ Ալենուշ Տերյանը

Իրանի աստղագիտության պատմության մեջ արևային առաջին աստղադիտարանի հիմնադիրը և ֆիզիկայի առաջին կին պրոֆեսորը Ալենուշ Տերյանն է: Նրան ճանաչել ու գնահատել են և Եվրոպայում, և տարածաշրջանում: Իրանում նրա գրանցած հաջողություններն անհավանական էին. փակ հասարակությամբ պետությունում լինել կին, զբաղվել գիտությամբ ու մեծ հաջողությունների հասել, հավատացեք՝ դա անհնարինության սահմաններից էլ դուրս է: «Իրանի աստղագիտության մայր» ու «արևային մայր» էին անվանում: Ալենուշ Տերյանի մասին Times.am-ի հատուկ անդրադարձը կարդացեք այստեղ։

Թուրքիայի առաջին կին բժիշկը՝ Զարուհի Քավալջյան

Զարուհի Քավալջյանը Թուրքիայի առաջին կին բժիշկն է եղել: Նա հայտնի է՝ որպես դոկտոր Քավալ: Նոր Զելանդիայի գերագույն դատարանի առաջին կին նախագահը նույնպես հայուհի է. Դեյմ Սայան Սրբուհի Իլայասը նաև Արքայական փաստաբանի պաշտոնում ընտրված առաջին երկու կանանցից մեկն է:

Երկար կարելի է գրել աշխարհի ազդեցիկ հայուհիների մասին, բայց հայ կնոջ պես կամային ու համառ, խելացի ու իմաստուն աշխարհում կարելի է միայն հազվագյուտ անհատների գտնել:

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Էյֆելյան աշտարակ՝ սիրո քաղաքի ոչ այնքան սիրված սիմվոլը

1889 թվականի մարտի 31-ն էր, կոնստրուկտոր Գուստավ Էյֆելը Փարիզում...

Հայաստանցի մարմնամարզիկները՝ աշխարհի չեմպիոն և փոխչեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանն աշխարհի երիտասարդների առաջնության...

Կարո՞ղ են հրաբուխները վերացնել կյանքը Երկրի վրա

Մոտ 75 հազար տարի առաջ Ինդոնեզիայի Սումատրա կղզում ժայթքեց...