Կանանց իրավունքներն ամենաշատը ոտնահարվում են Աֆղանստանում․ ՄԱԿ

Կանանց իրավունքներն ամենաշատը ոտնահարվում են Աֆղանստանում․ ՄԱԿ

«Թալիբան» շարժման կառավարության օրոք Աֆղանստանն այն երկիրն է, որտեղ աշխարհում ամենից շատ են բռնաճնշումների ենթարկվում կանանց իրավունքները, որտեղ իշխանությունները փաստացի փակել են կանանց և աղջիկներին իրենց տներում»։

Այս մասին հայտարարել է Միավորված Ազգերի Կազմակերպությունը։

«Թալիբանի» կառավարությունը 2021թ. օգոստոստին երկրում իշխանությունը զավթելուց հետո մտցրել է մի շարք սահմանափակումներ աղջիկների և կանանց համար։

«Մենզ հաճելի չէր տեսնել նրանց մշտական, միտումնավոր և կանոնավոր ջանքերը՝ աֆղան կանանց և աղջիկներին հանրային ոլորտից դուրս մղելու ուղղությամբ»,- ասել է Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Ռոզա Օթունբաևան Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։

ՄԱԿ-ի առաքելությունը հայտարարել է, որ բռնաճնշումները «ազգային ինքնավնասման վիթխարի ակտ» են այն ժամանակ, երբ Աֆղանստանը բախվել է աշխարհում ամենամեծ հումանիտար և տնտեսական ճգնաժամերից մեկին։

ՄԱԿ-ի՝ Աֆղանստանում կանանց գործերով հատուկ ներկայացուցիչ Էլիսոն Դավթյանը հայտարարել է, որ կառավարության քաղաքականության հետևանքներն «անդրադառնում են բոլոր աֆղանստանցիների վրա և զգալի կլինեն հաջորդ սերունդների կյանքում»։

 

«Թալիբանի» իշխանությունը կանանց հեռացրել են բոլոր պաշտոններից (բացի հիմնական պետական պաշտոններից) կամ նրանց վճարում են իրենց նախկին աշխատավարձի չնչին մասը, որպեսզի նրանք մնան տանը։

Կանանց արգելված է նաև այգիներ, զվարճանքի հաստատություններ, մարզադահլիճներ և հանրային բաղնիքներ այցելել, իսկ մարդկանց մեջ նրանք պետք է ծածկվեն փարաջայով։

Բայց ամենամեծ բռնաճնշումների ենթարկվում են դեռահաս աղջիկները և համալսարանների ուսանողուհիները. իշխանությունները նրանց արգելել են միջնակարգ դպրոցներ և բարձրագույն ուսումնական հաստատություններ հաճախել։

Որոշ կանայք բողոքներ են կազմակերպում արգելքների դեմ՝ ենթարկվելով կալանավորվելու, բռնության և հանրային պարսավանքի արժանանալու վտանգին, բայց իշխանություններն արագ ցրում են նրանց։

Ոչ մի երկիր պաշտոնապես չի ճանաչել թալիբների կառավարությունը որպես Աֆղանստանի օրինական կառավարիչներ, իսկ կանանց կրթության իրավունքը դարձել է գայթաքար ճանաչման վերաբերյալ բանակցություններում։

Հումանիտար կազմակերպությունների տվյալներով՝ երկրի 38 միլիոն բնակչության ավելի քան կեսը տառապում է սովից, իսկ մոտ չորս միլիոն երեխա տառապում է թերսնումից։

Ճգնաժամը խորացել է անցած տարեվերջից, երբ «Թալիբանի» ղեկավարությունն արգելեց աֆղանստանցի կանանց աշխատել հասարակական կազմակերպություններում, ինչն ստիպեց մի քանի հումանիտար կազմակերպությունների դադարեցնել իրենց կենսականորեն կարևոր աշխատանքը։

Օտարերկրյա օգնությունը ևս կտրուկ նվազել է այն բանից հետո, երբ Աֆղանստանի ակտիվները սառեցվեցին ԱՄՆ-ի կողմից թալիբների՝ իշխանություն վերադառնալուց հետո, ինչն էլ ավելի խորացրեց ճգնաժամը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում