Մոտենում է Երեխաների իրավունքների պաշտպանության օրը. Մանուկների համար սպասվում են հետաքրքիր միջոցառումներ
Նմանատիպ
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն այս տարի Երևանում նշվելու է բոլոր վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում՝ բազմաթիվ տոնական միջոցառումներով՝ տոնախմբություններով, կավճանկար-մրցույթներով, համերգային ծրագրերով, հյուրասիրությամբ: Այդուհանդերձ, գլխավոր միջոցառումները տեղի են ունենալու Երևանի կենդանաբանական այգում և Հաղթանակ զբոսայգում:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից, Երևանի կենդանաբանական այգու մուտքը հունիսի 1-ին բոլորի համար անվճար է լինելու: Երեխաների պաշտպանության միջազգային օրն այգում նախատեսված են նաև համերգային ծրագիր, տիկնիկային ներկայացումներ, հյուրասիրություն:
Հաղթանակի զբոսայգում Երևանի քաղաքապետարանը տոնական միջոցառումները նախապատրաստել է «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ի հետ համատեղ: Զբոսայգում 25 ատրակցիոններ մինչև 16 տարեկան երեխաների համար հունիսի 1-ին անվճար են լինելու ժամը 10:00-ից 13:00, իսկ մանկական տոնական միջոցառումները շարունակվելու են մինչև ժամը 19:00-ն, այնուհետ մինչ 23:00-ը զբոսայգու բեմում ելույթ են ունենալու հայկական էստրադայի հայտնի երգիչներ: 22:00-ին կտրվի մեծ հրավառություն:
«Նախորդ տարիների վիճակագրական տվյալները և վերջին տարիներին տոնական միջոցառումներին քաղաքացիների ակտիվ մասնակցությունը համադրելով՝ միջոցառումներն ու հյուրասիրությունը նախատեսել ենք ստացված թվից շատ ավելի՝ 150.000 երխաների համար. հաշվի ենք առել նաև, որ այդ օրը մայրաքաղաքի տոնական միջոցառումներին մասնակցում են Երևանին սահմանակից մարզերից հյուրեր»,- նշել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը, և հավելել, որ ամբողջ օրը տոնակատարությունների վայրերում հերթապահելու են քաղաքացիների անվտանգությունն ապահովող համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, շտապ օգնությունը, ինչպես նաև նախապես հերթագրված և հաստատագրված երիտասարդ կամավորներ:
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն էլ ընդգծել է, որ հունիսի 1-ին նախատեսված հիմնական միջոցառումներին մասնակցելու են նաև Երևանում գործող 3 հատուկ դպրոցների սաները, ում տրանսպորտային խնդիրները ևս, անհրաժեշտության դեպքում, քաղաքապետարանը պատրաստակամ է հոգալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում