Ժանսեմ՝ Մեծ եղեռնի գեղանկարիչը
Նմանատիպ
Հովհաննես Սեմերջյանը՝ աշխարհին առավել հայտնի Ժանսեմը, ֆրանսիական ժամանակակից նկարչության ականավոր դեմքերից է՝ ազգությամբ հայ:
Նա ծնվեց Օսմանյան Թուրքիայում, վերապրեց Հայոց ցեղասպանությունը, սեփական ծննդավայրում եղավ ջարդի ականատես՝ չգիտակցելով անգամ՝ ինչ է կատարվում:
Այդ տարիներին ցեղասպանությունից մազապուրծ փրկվածներից շատերը տարբեր ճանապարհներով հասնում էին Եվրոպա: Նրան էլ հասցրել են Հունաստան, ապա Ֆրանսիա: Նա փրկվեց, որ դառնա «Մեծ եղեռնի գեղանկարիչը» ու իր կտավներով պատմի աշխարհին՝ ինչ են արել իր ազգի հետ:
Արվեստի մեկնաբանները Ժանսեմին միզերաբլիստ՝ թշվառների նկարիչ են համարում: Նրա ստեղծագործությունները պահվում են աշխարհի մի շարք հեղինակավոր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում։ Ժանսեմն այն բացառիկներից է, որի կենդանության օրոք բացվել է իր անվան երկու թանգարան՝ երկուսն էլ Ճապոնիայում: Նա մի շարք մրցանակներ ու պետական պարգևների է արժանացել և Եվրոպայում, և Ասիայում, և Միացյալ նահանգներում:
«Դէպքը կը յիշեմ: Երեք տարեկան էի եւ ինչպէս կը յիշեմ, ծովը կը տեսնամ կանաչ, երկինքը կարմիր, նաւակներուն մէջէն կախուած ձեռքեր, արիւն, կրակ, բոց: Լուվրի մէջ Դէ լա Կրուայի նկար մը կայ, երբ տեսայ, ինձի թուաց, թէ ատիկա իրականին տեսած եմ: Այս ամէնը կը յիշեմ երազի մը պէս, այլ ամէնուն ալ, երբ աւելցնեմ մայրիկիս պատմածները, իմ հոս գտնուիլս երբեմն տարօրինակ կը թուի, ինքզինքիս կ’ըսեմ՝ ես ի՞նչ գործ ունիմ Ֆրանսա այս մարդոց հետ, ո՛չ գլուխս անոնց կը նմանի, ո՛չ սիրտս, ո՛չ ապրելակերպս: Պատճառն ի՞նչ է: Ու կը պատասխանեմ՝ պատճառը ջարդն է: Այս ամէնը անկարելի է նկարչութիւնով տալ, երբ երիտասարդ էի, կը փափաքէի, բայց կ’ըսէի՝ ասիկա չի գծուիր, չի շինուիր, շատ զօրաւոր պէտք է ըլլաս, որ այսպիսի բաներ գծես: Երբէք չէի համարձակեր» – Ժանսեմ
Ցեղասպանության վկայությունները կտավին հանձնել գեղանկարիչը սկսեց շատ ուշ: Ժամանակ էր պետք, որ տեսածն ու լսածը դուրս ժայթքեին հոգուց: 1998-2001 թվականներին էլ եղավ այդ պոռթկումը: Ստեղծվեց 34 կտավ ներառող «Եղեռն» շարքը:
Ժանսեմը Հայաստան է այցելել երկու անգամ: Հավանաբար նրա կյանքում Հայաստանի հետ առաջին հանդիպումն ամենահիշարժանն ու զգացմունքայինն է եղել, բայց մեզ համար առավել հատկանշական ու կարևոր էր երկրորդը՝ վերջինը: 2001-ին ֆրանսահայ գեղանկարիչը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով այցելում է Հայաստան: Այդ ժամանակ նա արդեն ավարտել էր «Եղեռն» շարքը: Այս այցը ուշագրավ է նրանով, որ Ժանսեմը 34 կտավից բաղկացած նկարաշարը նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանին: Այնպես որ, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ցուցադրվում է «Մեծ եղեռնի գեղանկարչի» «Եղեռն»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում