Հանուն ԱՄՆ-ի Հոլանդիան դուրս է եկել Չինաստանի դեմ
Նմանատիպ
Նիդերլանդների կառավարությունը հայտարարել է, որ ծրագրում է նոր սահմանափակումներ սահմանել կիսահաղորդչային տեխնոլոգիաների ու չիպերի արտահանման վրա։ Այս քայլով Հոլանդիան միանում է չիպերի արտահանումը Չինաստան սահմանափակելու ԱՄՆ-ի ջանքերին:
ԱՄՆ-ը 2022-ի հոկտեմբերին հայրենական չիպերի՝ դեպի Չինաստան արտահանման լայնածավալ սահմանափակումներ է սահմանել, սակայն, որպեսզի վերջիններս արդյունավետ լինեն, պետք էր նաև համաձայնության հասնել Նիդերլանդների և Ճապոնիայի հետ, որովհետև այս երկրներն աշխարհում նույնպես չիպերի տեխնոլոգիաների հիմնական մատակարարներ են։
Այս առումով Ամերիկայի Միացյալ Նահանգները «հաղթանակ» են գրանցել. Նիդերլանդների առևտրի նախարար Լիզե Շրեյնեմախերը չիպերի արտահանման սահմանափակումների որոշման մասին հայտարարել է խորհրդարանին ուղղված նամակով՝ նշելով, որ սահմանափակումները կներդրվեն մինչև ամառ:
«Նիդերլանդներն ազգային անվտանգության նկատառումներից ելնելով անհրաժեշտ է համարում տեխնոլոգիաներն առավելագույն արագությամբ վերահսկել, նախարարների կաբինետը կներկայացնի վերահսկողության ենթակա չիպերի տեխնոլոգիաների ցուցակը», – նշվում է Նիդերլանդների խորհրդարանին ուղղված նամակում:
Իհարկե, նախարարի նամակում չի նշվում Չինաստանի անունը, սակայն ակնհայտ է, որ չիպերի տեխնոլոգիաների արտահահանման սահմանափակումներն ուղղված են վերջինիս դեմ, քանի որ այս ոլորտում Հոլանդիայի առևտրային հիմնական գործընկերը հենց Պեկինն է։ Բացի այս, Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը հայտարարել է, որ Չինաստանը վճռականորեն դեմ է Նիդերլանդների որոշմանը և նշել, որ Պեկինը «բացատրությունների» կսպասի հոլանդական կողմից։
«Մենք հուսով ենք, որ հոլանդական կողմը հավատարիմ կմնա օբյեկտիվ և արդար դիրքորոշմանը, կգործի սեփական շահերը պաշտպանելու համար և չի հետևի որոշ երկրների կողմից արտահանման վերահսկման միջոցների չարաշահմանը», – նշել է Մաոն՝ չնշելով որևէ երկրի անուն, չնայած, ակնհայտ է, որ խոսքն այս դեպքում էլ ԱՄՆ-ի մասին է:
Սպիտակ տունը չի արձագանքել Նիդերլանդների այս որոշմանը։
Իսկ Ճապոնիան, ակնկալվում է, որ կթարմացնի իր չիպային սարքավորումների արտահանման քաղաքականությունն արդեն այս շաբաթ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում