Թերթերն այսօր. Կլինե՞ն արդյոք փոփոխություններ նախարարական մանդատներում և կբացվի՞ արդյոք Ստեփանակերտի օդանավակայանը

Հետընտրական զարգացումներ.

«Հայացք» թերթի ունեցած հավաստի տվյալներով` Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո մի քանի օրով գտնվում էր Երևանում: Նախագահականում Կ.Կարապետյանին առաջարկվել է վարչապետի պաշտոնը: Սակայն, թերթի աղբյուրների հավաստմամբ, նախկին քաղաքապետը հասկացրել է, որ չարժի 7-8 ամսվա համար «վարչապետոտվել»: ՀՀ նախագահը Կարեն Կարապետյանի հետ ինչ-որ բան է պայմանավորվել, ու նրանք հաշտ ու խաղաղ բաժանվել են: Կարապետյանը կրկին մեկնել է Մոսկվա:

«Երկիր» օրաթերթը գրում է, որ Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին հասանելիք աշխատավարձը մնաց չվճարված: «Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրությունների ժամանակահատվածում վարձատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի, հանձնաժողովի քարտուղարը և հանձնաժողովի անդամները նվազագույն աշխատավարձի չափով: Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները վարձատրվում են ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո»,- սահմանում է ՀՀ Ընտրական օրենսգիրքը` չհստակեցնելով, թե քանի օրվա միջակայքում պետք է հատկացվեն այդ գումարները:

Այսօր ԿԸՀ նախագահը 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներին է հանձնելու մանդատները: Ստացվում է` մանդատները տալիս են, բայց դեռ արդյունքները չեն ամփոփել: «Կամ էլ, գուցե, համբերում են, մինչև նախագահական ընտրության արդյունքն էլ ամփոփեն, նոր բիրիքով տան»,- եզրակացնում է թերթը:

«Առավոտ»-ի հետ զրույցում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ասել է, որ ՀԱԿ-ում քննարկում չի եղել մանդատներ վերցնելու շուրջ, որ նման որոշում չկա. «Եթե նման որոշում լիներ, ես բնականաբար տեղյակ կլինեի»: Մակեյանը նաև չի ասել, թե դա ում որոշումն է եղել, և ավելացրել է, որ առաջիկայում քննարկում կլինի, և որոշման հեղինակն ի հայտ կգա: Մակեյանը մանդատներ վերցնելը ճիշտ է համարում, եթե դրան զուգահեռ շարունակվում է փողոցում հրապարակային պայքարը:

«Չորրորդ Ինքնիշխանություն»-ը գրում է. «ՀՀԿի միակ ու անփոխարինելի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հարցերը «հորովմորով» անելուց հետո հիմա էլ, ասում են, բուռն լոբբիստական աշխատանքներ է սկսել իրականացնել նոր կառավարության կազմի հետ կապված` խոր համոզմունք ունենալով, որ լավվատ, իր խոսքին էլ ականջ դնող կլինի: «ՉԻ» լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը բարձրագույն ՀՀԿականների ու մասնավորապես ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի մոտ կարծիք է հայտնել, որ նոր կառավարության կազմում ինքը շատ կցանկանար տեսնել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, որն, ըստ վարչապետի, հանձնարարականներ կատարելու մեջ գերազանցիկ է: Սարգսյանն ակնարկել է, որ ՀՀ առողջապահության նախարարի պորտֆելը վատ չէր լինի, որ հասներ Արա Բաբլոյանին, որն, ըստ նրա, վարչարար է ու փող հաշվել գիտի: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում` վարչապետի աչքով, իրեն կարդարացներ ՀՀԿական Արսեն Քարամյանը, թեև, վարչապետի տեսանկյունից, ՀՀի գլխավոր արծիվ Խաչիկ Ասրյանն էլ արժանի է այդ պաշտոնին: Բնապահպանության նախարարի գործը, Սարգսյանի դիտարկմամբ, վատ չէր լինի, որ կրկին շարունակեր Արամ Հարությունյանը` Բուլկին, որը նույնպես այդ ոլորտում «հին աղվեսներից» է համարվում»:

Զարմանազան.

«Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների համաձայն՝ այս տարվա ամռանը Ստեփանակերտի օդանավակայանը վերջապես շահագործման կհանձնվի: Այս մասին երեկ տեղեկացրել է ԼՂՀ քաղավիացիայի վարչության աշխատակազմի ղեկավար Տիգրան Գաբրիելյանը: Նրա խոսքով, սկզբնական շրջանում օրական մեկ թռիչք կիրականացվի Երևան-Ստեփանակերտ-Երևան ուղղությամբ: Ավելի ուշ թռիչքներ կիրականացվեն օրական մի քանի անգամ: Թերթը հիշեցնում է, որ Ստեփանակերտի օդանավակայանը պետք է շահագործման հանձնվեր 2011 թվականի մայիսի 9-ին: Այն ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ինքը Երևան-Ստեփանակերտ-Երևան առաջին չվերթի աոաջին ուղևորն է լինելու: Սակայն, օդանավակայանի շահագործումը տեխնիկական պատճառներով քանիցս հետաձգվեց: Ըստ որոշ տեղեկությունների, հետաձգման պատճառը եղել է Ադրբեջանի քաղաքացիական վարչության սպառնալիքը, ըստ որի՝ դեպի Ստեփանակերտ չվերթեր իրականացնող ինքնաթիռները ոչնչացվելու են:

«Հրապարակ»-ը գրում է, որ Մարի Յովանովիչի հայաստանյան բուռն գործունեությունից հետո պասիվ թվացող ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Պետդեպի տիկնոջ` Հիլարի Քլինթոնի այցից առաջ ակտիվ հանդիպումներ է ունենում հայաստանյան քաղաքական դաշտի բոլոր, այդ թվում և իշխանական ներկայացուցիչների հետ: Նրա ուղերձ-հարցադրումը վերջիններիս միակն է` շարունակվելո՞ւ է Հայաստանում բարեփոխումների ինտենսիվ ընթացքը, թե՞ ոչ: Նա չի թաքցրել, որ իրենք դրական են վերաբերվում Սերժ Սարգսյանին, սակայն խնդիրն ամենևին էլ անձերը չեն, այլ` կայուն, զարգացող երկրի հետ գործ ունենալը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում