Ստեփանակերտը շուտով օպերային թատրոն կունենա

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյանը և օպերային և սիմֆոնիկ դիրիժորության  ամբիոնի վարիչ, Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր, պրոֆեսոր Հովհաննես Միրզոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ Արցախում շուտով օպերային թատրոն է հիմնվելու: Բանախոսների խոսքով՝ իրենք ձեռնամուխ են եղել այդ գործին՝ Արցախի մշակույթի նախարարության աջակցությամբ:

Հ. Հովհաննիսյանը նկատել է, որ դեռևս 2000 թվականին է ծագել Արցախում օպերա հիմնելու գաղափարը: Այն ժամանակ իրենք Ստեփանակերտի հրապարակում օպերային ներկայացում են բեմադրել, որի ժամանակ իրենց հիացրել է արցախցիների հետաքրքրվածությունը: Այնուհետև նորից եղել են օպերային ներակայացումներ տարբեր բեմերում, որոնք, սակայն, չեն համապատասխանել օպերայի բեմի պահանջներին: 

Կոնսերվատորիայի պրոֆեսորը նաև տեղեկացրել է, որ ապագա օպերայի թատրոնը կլինի Արցախի Դրամատիկ թատրոնի ներկայիս շենքում, որը դեռևս ոչ բարվոք վիճակում է: Այնտեղ հնարավոր կլինի բեմադրել օպերային ներկայացումներ, ինչպես նաև ստուդիական ներկայացումներ խաղալ:

Օպերային և սիմֆոնիկ դիրիժորության ամբիոնի վարիչ, Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր, պրոֆեսոր Հովհաննես Միրզոյանի կարծիքով՝ կա կադրերի պակաս, սակայն ցանկության դեպքում նրանք կարող են ուղարկել արտասահման սովորելու. «Արցախի հողը տալիս է ոչ միայն հրաշալի գեներալներ, այլ հրաշալի արվեստագետներ, պետք է նրանց արտահայտվելու հնարավորություն տրվի»:

Հ.Հովհաննիսյանի հաղորդմամբ՝ օպերայի շենքի շինարարությունը դեռ սկսված չէ, սակայն արդեն կա նախագիծը և նաև այն մարդը, ով պատրաստ է հովանավորել շինարարությունը. «Կարծում եմ, 1-2 տարվա ընթացքում շինարարությունը կիրականացվի: 2.5 տարուց շենքի հանձնումը կլինի»,- վստահեցրել է պրոֆեսորը:

Բանախոսները նաև հայտնել են, որ մինչ այդ իրենք պատրաստվում են բացօթյա ներկայացումներ կազմակերպել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում