Վարչապետ. «Ռուսաստանը մեզ կօժանդակի, որպեսզի Վերին Լարսում մաքսային ծառայությունը ակցիզային ծառայություն բացի»
Նմանատիպ
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույց է տվել հայակական լրատվամիջոցներին, տեղեկացնում են Կառավարության մամլո ծառայությունից: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.
-Պարոն վարչապետ, սա Ձեր առաջին հանդիպումն էր Մեդվեդևի հետ վարչապետի պաշտոնում: Ի՞նչ հարցեր քննարկվեցին:
-Մենք անդրադարձանք մեր միջկառավարական հանձնաժողովի օրակարգային խնդիրներին, որոնք վերաբերվում են տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը: Առաջին հերթին քննարկեցինք Վերին Լարսին վերաբերվող խնդիրները, որպեսզի մենք կարողանանք ունենալ արդյունավետ մաքսային ծառայություն, ինչը էապես կհեշտացնի Հայաստանի Հանրապետությունից ապրանքների արտահանումը Ռուսաստան և այս խնդրում Ռուսաստանի վարչապետը խոստացավ, որ մեզ կօժանդակի, որպեսզի հնարավորինս շուտ Վերին Լարսում մաքսային ծառայությունը ակցիզային ծառայություն բացի: Սա էական է մեզ համար, որովհետև նվազեցնում է ծախսերը արտահանողների համար և արտահանման ավելի մեծ ծավալներ է հնարավոր իրականացնել: Երկրորդ, մենք քննարկեցինք ազատ առևտրի գոտու մասին օրենքը, որը Հայաստանի Ազգային Ժողովը ընդունել է և կնքել ենք պայմանագիր Սիտրոնիքիսի հետ, որը դարձել է ազատ գոտու օպերատոր և սկսել է արդեն բիզնես ծրագրեր իրականացնել և մշտապես գտնվելու է ուշադրության կենտրոնում:
Երրորդ խնդիրը, որ մենք քննարկեցինք, վերաբերում է Ռոսագրոլիզինգի հետ պայմանավորվածությանը: Հայաստանում պետք է ստեղծենք դուստր ձեռնարկություն և դրա համար անհրաժեշտ է Ռուսաստանի կառավարության որոշումը, որով ռուսական կողմը պետք է թույլ տա կապիտալի արտահանումը Հայաստան: Եղավ Ռուսաստանի Դաշնության վարչապետի հանձնարարականը, որ այս հարցում սեպտեմբերին կայանալիք բյուջետային քննարկումներում այն արտացոլվի: Մենք շահարգրգռված ենք լիզինգային ընկերությունների գործունեության մեջ, որովհետև այդ ընկերությունները կկարողանան մեր գյուղատնտեսությանը մատակարարել գյուղտեխնիկա:
-Պարոն վարչապետ մոտ մեկ տասնյակ հարցեր քննարկվեցին նիստի օրակարգում: Ինչպիսի՞ արդյունքներ կարելի է ակնկալել:
Մեր բոլոր համաձայնագրերը հեշտացրել են հարաբերությունները մեր երկրների միջև: Բոլոր երկրների համար ստեղծվում են ընդունելի խաղի կանոններ և այդ տեսակետից մեր գերատեսչությունները, մեր քաղաքացիները այդ ընդհանուր նորմատիվային դաշտում կարող են ավելի ազատորեն շփվել: Դրանք վերաբերվում են սպորտին, կրթությանը, էներգետիկային, նոր տեխնելոգիաներին: Գրեթե չկա ոլորտ որտեղ մենք չունենանք այդպիսի համաձայնագրեր: Բնականաբար այս ամենը խթանում է ինտեգրացիոն գործընթացները ԱՊՀ շրջանակներում:
-Երեկ հանդիպել եք նաև Թուրքմենստանի նախագահին: Ինչպիսի՞ պայմանավորվածություններ է ձեռք բերվել:
Մենք պայմանավորվեցինք, որ Հայաստանը աջակցելու է Թուրքմենստանին միջազգային ասպարեզում պայմանավորվածությունների իրագործման հարցում: Մասնավորապես խոսքը գնում է էներգետիկայի բնագավառում ոլորտի մատակարարման անվտանգության հայեցակարգերի մասին, որ Թուրքմենիան առաջ է քաշում: Մենք խոստացանք, որ կօժանդակենք միջազգային ատյաններում՝ մասնավորապես ՄԱԿ-ում, որպեսզի ընդունվեն համապատասխան կոնվենցիաներ: Երկրորդ հարցը, որտեղ նրանք ակնկալում են մեր աջակցությունը վերաբերվում է բնապահպանության խնդրին: Քննարկեցինք նաև մի շարք տնտեսական հարցեր. մասնավորապես մենք Թուրքմենիայից ներմուծում ենք թեթև արդյունաբերության համար հումք: Կա համագործակցության մեծ ներուժ: Մենք պայմանավորվեցինք, որ այս հարցը ընդգրկվի միջկառավարական հանձնաժողովի օրակարգում և կքննարկենք համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հեռանկարը: Երկրորդը, տուրիզմի զարգացման խնդիրն է: Մենք շահարգրգռված ենք, որ տուրիստական հոսքեր լինեն Թուրքմենիայից Հայաստան և այդ տեսակետից չափազանց կարևոր է, ուղիղ չվերթի կազմակերպումն Աշխաբադից Երևան: Այս հարցը նույնպես կքննարկվի: Ինչպես նաև փոխանցեցի Հայաստանի Հանրապետության նախագահի հրավերքը Թուրքմենիայի նախագահին այս տարի այցելել Հայաստան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում