Իսրայելում ընթանում են երկրի պատմության ամենամեծ ցույցերը

Իսրայելում ընթանում են երկրի պատմության ամենամեծ ցույցերը

Հարյուր հազարավոր իսրայելցիներ բողոքի ակցիա են իրականացրել՝ ընդդեմ դատական ​​համակարգը վերակազմավորելու կառավարության ծրագրերի:

Ըստ կազմակերպիչների՝ սա Իսրայելի պատմության մեջ ամենազանգվածային փողոցային բողոքի ակցիան է:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդում է, որ փոփոխությունները, որոնք կսահմանափակեն դատարանների լիազորությունները, կվերականգնեն հավասարակշռությունը իշխանության ճյուղերի միջև։

Ընդդիմախոսներն ասում են, որ կառավարության ծրագրերը սպառնում են ժողովրդավարությանը:

Շաբաթ օրվա հանրահավաքներից մեկում ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը տեղի ունեցողն անվանել է Իսրայելի «ամենամեծ ճգնաժամը»։

Շաբաթ օրը բողոքի ակցիայի կազմակերպիչները հայտնել են, որ Իսրայելի ողջ տարածքում փողոց է դուրս եկել մինչեւ 500 հազար ցուցարար:

Մոտ 200 հազար մարդ հավաքվել է Թել Ավիվում՝ շատերը Իսրայելի ազգային դրոշով։

Շաբաթ օրը հյուսիսային Հայֆա քաղաքում երթի է դուրս եկել ռեկորդային՝ 50 հազար մարդ:

Իսրայելում իրավական բարեփոխումների նպատակն է ընտրված կառավարությանը վճռական ազդեցություն տալ դատավորների ընտրության վրա և սահմանափակել Գերագույն դատարանի կարողությունը՝ գործադիր իշխանության դեմ որոշում կայացնելու կամ օրենքները բեկանելու հարցում:

Այս հարցը խորը պառակտում է առաջացրել իսրայելական հասարակության մեջ և, որ ամենակարևորն է, հանգեցրել է նրան, որ իսրայելական զինված ուժերի ողնաշարը հանդիսացող պահեստայինները սպառնում են հրաժարվել ծառայությունից՝ իրենց բողոքն արտահայտելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում